Խոսելով Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերի մասին՝ մատնանշվում է այն, որ շարժման առաջնորդները մինչեւ հիմա հավատացնում են, որ ամեն ինչ իդեալական են արել, չեն ընդունում սեփական սխալները: Մինչդեռ, օրինակ, 1988-ի հուլիսի սկզբին «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներն իրենց որոշ կողմնակիցների ուղարկելով «Զվարթնոց» օդանավակայան՝ նրանց այսպես ասած սրի բերան ուղարկեցին: Նպատակն էր Շարժման ձայնն աշխարհին լսելի դարձնելը, բայց արդյունքում մարդիկ զոհվեցին: Խորհրդային հատուկջոկատայինները հարձակվեցին, սպանվեց 22-ամյա Խաչիկ Զաքարյանը:
«Առավոտի» հետ զրույցում այս առնչությամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը պատասխանեց. «Ես այդ դրվագը շատ լավ եմ հիշում, բայց կարող եմ ասել, որ «Ղարաբաղ» կոմիտեն ժողովրդին օդանավակայան չի ուղարկել: Երբեմն տեղի են ունենում բաներ, որոնք «Ղարաբաղ» կոմիտեից անկախ են: Դա մենք կոչում ենք սադրանք: Սադրանքով եղավ: Ուրիշ բան, որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, «Ղարաբաղ» կոմիտեն իհարկե տեր կանգնեց՝ ժողովրդին հանգստացնելու, բանակի դեմ էլ կանգնելու, խորհրդային կենտկոմի դեմն էլ կանգնելու եւ այնպես անելու, որ կորուստները լինեն մինիմալ, բայց օդանավակայան ուղարկելը բացարձակ կապ չուներ «Ղարաբաղ» կոմիտեի աշխատանքների հետ, ինչպես նաեւ ուրիշ բաներ: Ես անգամ չեմ լսել, որ ինչ-որ մեկը դա վերագրել է «Ղարաբաղ» կոմիտեին, եթե կա նման բան, թող հիշեցնեն»:
Ինչ վերաբերում է առհասարակ ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերին՝ Ալեքսան Հակոբյանն ասաց. «Մեր առջեւ կանգնած էր մի ծանր թշնամի, ծանր հակառակորդ: Ինչպես որ մենք գիտենք, որ Մարտի 1-ին հատուկ սարքեցին վատ բաները, որպեսզի կարողանան արյուն թափել, այնպես, ինչպես սարքեցին Հոկտեմբերի 27-ը եւ նմանատիպ բաներ, խորհրդային ԿԳԲ-ն ու մեր դիմաց կանգնած հակառակորդները ոչ պակաս թշնամաբար եւ ծանր քայլերով փորձում էին իրենց նպատակներին հասնել: Ուրիշ բան, որ մեր կողմից արվել է առավելագույնը, որ մենք խուսափենք այդ ծուղակներից: «Զվարթնոցը» կարելի է ներկայացնել՝ որպես այդ ծուղակներից մեկը, որից մենք, այնուամենայնիվ, դուրս եկանք: 1990-ի մայիսի 27 ենք ունեցել, որը այդ ծուղակներից մեկն էր, ուղղակի սարքեցին, բայց էլի մենք կարողացանք մինիմալ զոհերով դրանից դուրս գալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ