Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկը Քոչարյանից ու Զախարյանից է փողերն ուզում, մյուսը՝ Նաղդալյանից, 3-րդն էլ՝ զինվոր որդուն սպանողին է բացահայտում

Մարտ 01,2018 17:23

Այսօր կառավարության շենքի դիմաց ցուցարարների պակաս չկար: Այստեղ էին Հյուսիսային պողոտայից վտարված բնակիչները, հաշմանդամ օդաչուները, Նորաշեն- 2007-ի խաբված բնակիչները, նաիրիտցիներն ու սեւազգեստ մայրերը:

Նաիրիտցիները հենց կառավարության շենքի մոտ դիմում-նամակը պատրաստեցին, ստորագրեցին, որպեսզի այն ներկայացնեն նաեւ հանրային խորհրդին՝ «Նաիրիտում» աուդիտի մերժման պատճառը բացահայտելու համար:

Հիշեցնենք, որ «EU-ASIA Business Finance Center Holding» ընկերությունը հայտարարել էր «Նաիրիտի» վերագործարկման պատրաստակամության մասին: Սակայն, այս ծրագիրն էլ խափանվեց: Այդ նամակով նաիրիտցիները պահանջում են պարզաբանում, թե՝ ինչո՞ւ է կառավարությունը մերժել միջազգային ընկերությանը տեխնիկական աուդիտ անցկացնել «Նաիրիտ» գործարանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Իսկ Հյուսիսային պողոտայից վտարված քաղաքացիներն էլ պահանջում էին պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք բնակիչներին իրենց տներից վտարելուց հետո համապատասխան փոխհատուցում չեն տվել: Բնակիչների պատմելով՝ «Մեզ փոխհատուցում են տվել 1քմ-ի դիմաց 230 դոլար են տվել: Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ մեզ 1000 դոլար է տվել 1 քմ-ի դիմաց: Մենք պահանջում ենք այդ գումարի տարբերությունը վճարեն մեզ: Մի քանի ընտանիքի վճարել են, իսկ մեզ՝ ոչ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ցուցարարներից Քնարիկ Առաքելյանն էլ, որը նույնպես Հյուսիսային պողոտայի կառուցապատման զոհերից է մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ 230 դոլարով հաշվել ու տվել են բոլորիս, իսկ մնացած փողը դրել են իրենց գրպանը՝ Ռոբերտ Քոչարյանը, Երվանդ Զախարյանը, Նարեկ Սարգսյանը, մյուսները: Հիմա եթե մեզ ասում են՝ փող չունեն տալու, թող սրանց կանչեն պատասխանատվության, նրանք միլիարդատեր են, թող իրենցից վերցնեն՝ մեր փողերը տան մեզ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն էլ, ինչպես ամեն հինգշաբթի օր, այսօր էլ բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ: Մեզ հետ զրույցում Նոնա Մուրադյանը, որը մշտապես պնդում եւ փաստեր է ներկայացնում՝ որդուն՝ Վալերի Մուրադյանին սպանել են, ոչ թե ինքնասպան է եղել, ասաց, որ քրեական գործի կասեցումից հետո պայքարել են դատարանում. «Կասեցման դեմ բողոքը դատավորը մերժել էր, հետո նորից գործը վերսկսվեց, նորից նույն դատավորի մոտ, նրան ինքնաբացարկ հայտնեցինք, ընդունեց: Մարտի 20-ին նիստի օրն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նորաշեն 2007 կոոպերատիվից տուժած բնակիչներն էլ այսօր բողոքի ցույցի ժամանակ կրկին վրդովված ասացին՝ իրենց գործը գլուխ չի գալիս, պաշտոնյաների անգործության, վաշխառության պատճառով իրենք զրկվել են իրենց բնակարաններից, սակայն կառավարությունը բանի տեղ չի դնում քաղաքացիներին, եւ հանցագործությունը չի էլ փորձում բացահայտել:

Հաշմանդամ օդաչուներն էլ, որոնցից շատերն արդեն վաղուց կենսաթոշակառու են, պահանջում են առողջության վնասի փոխհատուցում՝ որպես աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ստացած անձինք:

Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից նրանք ստանում էին առողջության վնասի փոխհատուցում, սակայն ավիաընկերության՝ 2006 թվականին լուծարվելուց հետո այդ գումարի վճարման պարտավորությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, որն էլ, ինչպես նախկին օդաչուներն են ասում՝ մինչ օրս վճարումներ չի կատարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031