ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ «ԵԼՔ»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ զգացմունքային ելույթին: «Իհարկե, ես նույն հռետորաբանությամբ չեմ կարող խոսել, ինչպես պարոն Փաշինյանը,-հեգնեց Վահրամ Բաղդասարյանն ու շարունակեց,-հանրապետությունում երեք հոգի գիտեմ, որ ժեստիկուլյացիայի պարապմունքներ են անցկացնում հայելու առաջ, բայց այսօր 4-րդին էլ հայտնաբերեցի»:
Ապա նա Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց. «Ձեռքերի շարժումները շատ են, դրանք փոխեք դեմքի միմիկայի վրա, այդպես ավելի ազդեցիկ է լսարանի համար»:
Վահրամ Բաղդասարյանը շեշտադրեց Արմեն Սարգսյանի ձեռքբերումները եւ համոզմունք հայտնեց, որ նախագահի պաշտոնում դրանք կծառայեն երկրին. «Մենք ներկայացրել ենք ճիշտ եւ անխոցելի թեկնածուի: Համոզված եմ, որ միասնական աշխատանքի արդյունքում կունենանք այն նախագահին, որը հարիր է ՀՀ-ին»:
Արմեն Սարգսյանն էլ եզրափակիչ ելույթում վստահեցրեց՝ կանի ամեն ինչ, որ լինի բոլորի նախագահը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ