Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսումնական վարժանքի մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները

Մարտ 01,2018 16:53

Ուսումնական վարժանք՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան

Մարտի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Քաղաքացիական պաշտպանության օրը: Այդ առիթով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսել է մայրաքաղաք Երևանում և ՀՀ մարզերում անցկացնել տարբեր թեմաներով ուսումնավարժություններ:

Վարժանքների սկիզբն ազդարարվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությամբ, որը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ – ԵՓՎ պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Ուսումնավարժությանը հետևում էին Երևանի փոխքաղաքապետ Դ. Օհանյանը և պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ո. Մարուխյանը:

Ուսումնավարժության թեման էր «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում: Այն նպատակ ուներ ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս ու կատարելագործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների ու արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ:

Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ մասնաշենքի 6-րդ հարկում 6 ուսանող մնացել է արգելափակման մեջ, իսկ 4-րդ հարկում` 2 ուսանող: Երկու ուսանող փրկվելու համար բարձրացել են տանիք, մեկ ուսանող հայտնվել է մասնաշենքի 1-ին հարկի փլուզված հատվածում:

Սահմանված ժամին «Օդային տագնապ» ազդանշանից հետո Համալսարանի ՔՊ շտաբի պետն անմիջապես համալսարանի հասարակական կարգի պահպանման խմբի միջոցով կազմակերպում է աշխատակիցների և ուսանողների պատսպարումը  մասնաշենքի նկուղային հարկում: Պատսպարվողները հավաքվում են նկուղում, որից հետո ՔՊ շտաբի պետը զեկուցում է պատսպարման գործընթացի իրականացման մասին համալսարանի ՔՊ պետին` ռեկտորին: «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո պատսպարված աշխատակիցները և ուսանողները կազմակերպված դուրս են գալիս  և հավաքվում համալսարանի հարակից տարածքի անվտանգ վայրում: Համալսարանի ՔՊ շտաբի պետը տեղի ունեցածի մասին ահազանգում է «911»  ծառայություն: ՔՊ կազմավորումները համալսարանի ՔՊ պետի հրամանով իրականացնում են հետախուզություն, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ և բուժկետի ծավալում: Փրկարարական կազմավորումը մասնաշենքից դուրս է բերում 2 տուժածի, որոնց ցուցաբերվում է առաջին օգնություն բուժկետում: Համալսարանի հասարակական կարգի պահպանման խումբն իրականացնում են տարածքի արգելափակում և երթևեկության սահմանափակում, միջոցներ է ձեռնարկում խուճապը կանխելու համար:

Դեպքի վայր են ժամանում Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները, շարժական կառավարման կետը և ծավալվում է փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբը: Վերջինս որոշում է ուժերի կենտրոնացման հիմնական ուղղությունը և ուժերի ու միջոցների բաշխումը:

Տեղում հերթապահում էին նաև ՀՀ ոստիկանության կարգախումբը, Շտապ բուժօգնության 1 բրիգադ, «Երևանգազ», «Երքաղլույս» և «Երևան Ջուր» ընկերությունների վթարային խմբերը:

Ըստ սցենարի` վարժանքի երկրորդ հատվածում հետախուզությունը պարզել էր, որ ռմբակոծության հետևանքով վնասվել է մասնաշենքի մոտ կայանված մարդատար ավտոմեքենա՝ 2 ուղևորով, իսկ համալսարանի գրադարանի հարակից տարածքում հայտնաբերվել է չպայթած ռումբ:

Տեղում ծավալված օպերատիվ շտաբը որոշում է դիմել ինժեներասակրավորական խմբի օգնությանը, որն էլ իրականացրեց ռումբի վնասազերծման և անվտանգ վայր տեղափոխման աշխատանքները: Իրականացվում է տուժածների դուրս բերում վնասված ավտոմեքենայից՝ փրկարարական մեխանիկական և հիդրավլիկ գործիքների օգնությամբ:

Պարամեդիկները տուժածներին ցուցաբերում են առաջին օգնություն և հանձնում են շտապօգնությանը, որն էլ նրանց տեղափոխում է մասնագիտացված հիվանդանոցներ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գ. Հարությունյանը ներկայացրեց ուսումնավարժության նպատակները, մասնակից ստոաբաժանումների կազմը, ինչպես նաև դրանում ներգրավված ուսանողների և փրկարարների թիվը:

Վարժանքի ավարտին Ն. Նազարյանը շնորհակալություն հայտնեց վարժանքի բոլոր մասնակից ստորաբաժանումներին, դրական գնահատեց մասնակիցների գործողությունները՝ ազդարարելով ուսումնական վարժանքի ավարտը:

Նշենք, որ Երևանում կանցկացվեն նմանատիպ 7 ուսումնավարժություններ ևս, ինչպես նաև կկազմակերպվեն շուրջ 50 դասախոսություններ քաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում:

 ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031