Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի տեղակայումը։ Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում այս անգամ լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարեւոր նախապայմաններից է: Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն թեթեւացնելու համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնելու համայնքային կյանքը, այլեւ նպաստելու կայուն եւ մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը։
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանը եւ գյուղի բնակիչները:
«Մայրաքաղաքի եւ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջեւ մեծ տարբերություն կա: Ենթակառուցվածքների ապահովման անհրաժեշտությունն առկա է շատ բնակավայրերում: Տեւական ժամանակ իրականացնում ենք այս ծրագիրը՝ ձգտելով լուծել եղած խնդիրներն ու կրճատել համայնքների ֆինանսական բեռը: Միայն 2017 թվականին հասցրել ենք LED լուսարձակներով աշխատող համակարգ գործարկել 6 մարզի 14 գյուղում: Շենիկը դրանցից մեկն է: Հաճելի է արձանագրել, որ մեզ հաջողվում է որոշակի քայլերով նպաստել նման բնակավայրերի զարգացմանը: Ի վերջո, լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձեւի տարրական պայման է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00-ը: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
Շենիկ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի հյուսիսարեւմտյան մասում, սահմանակից է Թուրքիային։
«Առավոտ»
01.03.2018