Մենք պետք է լուրջ քննարկումների շարան սկսենք ու ինքներս մեզ հարցնենք, թե ինչու է 7 երեխա ծնած մայրը իր երեխային նետում աղբանոցը, թե ինչու է 9 տարեկան երեխան մոր հետ ինքնասպանություն գործում, որի ականատեսը դարձանք 2 շաբաթ առաջ: Սրանք շատ լուրջ խնդիրներ են, որ բռնել են մեր հասարակության բկից, մեզ շնչահեղձ են անում, բայց մենք դա չենք նկատում: Երբ նկատենք ու նոր այն ժամանակ սկսենք մի բան մտածել, արդեն վարակն այնքան տարածված կլինի, որ արդեն ուշ կլինի: Ինչպես, օրինակ, Արևմուտքում, որտեղ հասարակությունը չի կարողանում ոչ մի բան անել նման կամ ավելի վատ բաների դեմ: Թեև սրանից վատ էլ ի՞նչ, երբ մայրն այդպես անխիղճ է վերաբերվում իր նորածին զավակին: Մանրամասները չգիտեմ: Արդյոք երեխան մեռա՞ծ էր լույս աշխարհ եկել, թե՞ մի բան պատահել էր ծնունդից հետ: Դա քննության պարզելիք գործն է:
Բայց հարցը, որ ուզում եմ բարձրացնել այստեղ, այն է, թե ինչո՞ւ է սերը պակասում մեր միջից: Ախր դուք չեք պատկերացնի, թե մենք ինչ չարության ազդեցության ներքո կտառապենք, եթե սերը կամավոր պակասեցնենք մեր միջից, կամ անտարբեր ու լռւռ մնանք, երբ այն պակասում է մեր շրջապատի մարդկանց մեջ:
Ի՞նչ խղճով կարող է մարդը իր նորածին երեխային գցի աղբամանը: Այս ինչքան է սերը պակասել մարդկանց մեջ: Հետո, երբ լուրերով իմացա, որ այդ կինը 7 երեխա է լույս աշխարհ բերել, ես բառ չեմ գտնում գրելու: Սահմռկեցուցիչ ու չար բան է սեփական երեխային նետել աղբանոցը: Մեծերից լսել եմ, որ խորհրդային տարիներին նման մի բան կար, որ երբ նորածինը մեռած էր ծնվում, կամ չէին տալիս ծնողին, կամ առաջարկում էին չվերցնել, կամ էլ պարզապես հիվանդանոցի աղբամանն էին նետում: Բայց սրա հետ ապրել է պետք, չէ՞: Հո հիշողությունից չե՞ս ջնջի: Լավ, ասենք, այնքան էգոիստ ես, որ քո հիշողությունից կջնջես, բայց հո Աստուծո հիշողությունից չե՞ս ջնջի:
Լավ, չե՞ք կարողանում մի փոս փորել ու մարդավայել կերպով Աստուծո այդ սուրբ զավակին հողին հանձնել: Բա որ նորածնին զիբիլն եք թափում ու նման բաներ անում՝ երբ ձեր կյանքը վերջանա, ինչպե՞ս եք կանգնելու Աստուծո առաջ, ինչպե՞ս եք կանգնելու ձեր երեխայի առաջ ու նայելու նրա աչքերին: Թե՞ ինչ-որ մեկը մինչև հիմա գերեզմանից եկել ու ասել է, թե ոչ մի բան չկա մահից հետո, ոչ հավիտենական կյանք, ոչ Աստված, ոչ էլ դատաստան: Ես նման մեկի մասին մինչև հիմա չեմ լսել:
Ազգիս մտավորականներ ու էլիտա, հեռուստատեսություն ու մամուլ: Մինչև հիմա չտեսա մի հաղորդում, մի բանավեճ, որի ընթացքում լուրջ քննարկումներ արվեն կամ հոդվածներ տպագրվեն, թե ժողովուրդ, էս ի՞նչ ենք անում, էս ո՞նց ենք ապրում, էս ո՞ւր ենք գնում: Ոնց որ մտահոգված չլինենք, ոնց որ ոչ մեկիս պետքը չլինի: Ամեն մեկս մեր համար: Սա շատ նման է այն շենքերի շքամուտքերին, որոնք կորած են աղբի մեջ, իսկ երբ մտնում ես մարդկանց տները, պլպլում են մաքրությունից: Այսպես երկար չի դիմանա:
Իսկ սոցիալական ցանցերում հասարակ ժողովուրդն էլ տարված է իր կրքերին հագուրդ տալով: Մեկն իր խաշի նկարն է դնում, մյուսն իր խորովածի, էն մյուսն էլ ինքն իրեն նկարում ու տեղադրում է, որ մարդիկ տեսնեն, թե տեսեք, ինչ լավ բաներ եմ ես ուտում, տեսեք՝ ինչ սիրուն եմ ես, գովեք ու փառք տվեք ինձ: Եթե լուռ մնանք, ամեն ինչ կգլորվի ցած: Չարությունը կշատանա ու մենք չենք դիմանա: Սիրելի ընթերցող:
2000 տարի առաջ Աստուծո Որդին զգուշացրեց մեզ այս բաների համար: Տեր Հիսուսը երբ պատմում էր աշխարհի վերջին ժամանակների մասին, ասաց, որ «անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի» (Մտ 24:12):
Եկեք մի հատ էլ կարդանք այդ նախադասությունը. «Անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի» (Մտ 24:12):
Ուրեմն մենք սրընթաց մոտենում ենք այդ ժամանակներին, երբ մարդկանց սերը ցամաքում է ու անտարբերությունն աճում: Եկեք փոխենք այս բաների նկատմամբ մեր մտածողությունը: Ամեն մեկս մեր կարգին ավելացնենք մեր սերը մեր շրջապատի մարդկանց նկատմամբ: Ուշադիր լինենք նրանց նկատմամբ: Խոսենք ու պատմենք բարի բաների մասին, որպեսզի և մեր, և նրանց մտքերը լցվեն բարի բաներով: Որ հաջորդ անգամ նման իրավիճակում կեսուրը, մայրը կամ հարևանը, կամ ընկերուհին, կամ էլ հենց ծննդաբերողի բժիշկը ասի՝ աղջիկ ջան, սա մեծ մեղք է, մի արա նման բան:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ