«Թույլ տվեք ասել, որ այսօր կատարյալ անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում հայ հանրության հանդեպ: Գործող Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող է լինել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը»,-ԱԺ-ում այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի շուրջ քննարկման ժամանակ ասաց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ կրկին մատնանշելով՝ Արմեն Սարգսյանը չի ներկայացրել փաստաթուղթ, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ:
Ապա նա քննադատեց Արմեն Աշոտյանի ելույթը, որում ՀՀԿ-ական պատգամավորն ակնարկեց, թե՝ մի՞թե այդ փաստաթղթի հարցն էր առաջնայինը, որ կարելի էր ուղղել Արմեն Սարգսյանին:
«Արմեն Աշոտյան, այդ որ Հռոմից ու չգիտեմ որտեղից մերջբերումներ եք անում ու ցույց տալիս, որ կարդացած եք, բա Սահմանադրություն չեք կարդացե՞լ…թե Սահմանադրությունը ձեր կուսակցության համար նշանակություն չունի: Եթե չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը դիտե՞լ եք, որտեղ ասում են՝ «Войско взбунтовалось, говорят-царь ненастоящий»…Իվան Ահեղի ժամանակներից էլ առանցքային հարց է՝ «царь ненастоящий?», իսկ Աշոտյանն ասում է, թե դա ի՞նչ խնդիր է, որ»,-հեգնեց Փաշինյանը:
Նա նկատեց՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ 2011թ. հետո եղել է ՀՀ քաղաքացի. «Բայց գոյություն չունի տեղեկանք, որ նա Բրիտանիայի քաղաքացի չէ: Ստացվում է, որ մեր նախագահի թեկնածուն հերթական անգամ «ненастоящий»:
Ապա Նիկոլ Փաշինյանը դիմեց դահլիճում նստած Արմեն Սարգսյանին: «Դուք նախագահ չեք ընտրվում, այլ իշխող մաֆիայի՝ կլանի անդամ եւ պարտադրված եք այդ կարգավիճակում լինել հնազանդ: Առաջին անգամ այսօր ինքնազգացողությունս վատացել է խորհրդարանում: Միջանցքում մոտեցել եմ այն ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնց հետ «բարեւ-բարլուս» ունեմ ու ասում եմ՝ կարո՞ղ է իսկականից սատանայական ուժ եք…ո՞նց կարելի է առաջին հայացքից անբիծ կենսագրություն ունեցող մարդուն բերել դնել մամլակի տակ եւ արժեզրկել նրա կենսագրությունը՝ հանուն ինչի՞…մի՞թե այս երկիրն այդպես էլ չի ունենալու օրինական նախագահ…սա անեծքի հերթական արարն է»,-բորբոքված հայտարարեց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ