«Մարդիկ չեն մոռացել, նման բաները չեն մոռացվում»,- «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին ասաց «Իրավունքի և ազատության կենտրոն»-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Նա նշեց, որ Մարտի 1-ի խնդիրը բացահայտված է. այլ խնդիր է, որ մեղավորները դատարանի առաջ չեն կանգնել: Եվ դեռ վաղ է խոսել հանցագործության մեղավորների պատժի մասին. «Որովհետև այսօրվա իշխանությունը Մարտի 1-ի կրակոցների արդյունքում է գտնվում իշխանության գլխին: Եվ միամտություն կլինի մտածելն անգամ, որ նրանք չեն խոչընդոտելու հանցագործության դատական լուծմանը. Նրանք, իհարկե՛, խոչընդոտելու են, որովհետև դա վերաբերվում է նրանցից յուրաքանչյուրին»:
Վարդան Հարությունյանի խոսքերով՝ Հայաստանի ժողովրդավարացման խնդիրը, եթե չկարողանանք լուծել, անընդհատ հետաձգվելու է բոլոր հանցագործություններին, այդ թվում նաև Մարտի 1-ի հանցագործությանը վերջակետ դնելը. «Իհարկե՛, կարելի է կանչել այսօրվա դատախազի մոտ Ռոբերտ Քոչարյանին, և Ռոբերտ Քոչարյանը կտա իր ցուցմունքները: Միասին կգրեն ցուցմունքները, սուրճ կխմեն, կգրկախառնվեն և կբաժանվեն իրարից, բայց դա չի բերի Մարտի 1-ի՝ բացահայտված հանցագործության կազմակերպիչների և մեղավորների պատժին, դա կբերի մեկ ավելորդ անգամ խճճման կամ մեր ժողովրդի հուսահատության»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ