Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից լրագրողները հետաքրքրվեցին դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգից:
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բաց թողնման ենթակա են 2700 դեղեր: Այսօրվանից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով պետք է ձեռք բերել, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:
Լրագրողներից մեկը մասնավորապես հետաքրքրվեց՝ արդյոք որոշման մեջ նշված է, որ դեղերը դեղատոմսով են վաճառվելու փուլ առ փուլ, այսինքն՝ որ իրավական հիմքով է նախատեսված դեղերի մի մասը հիմա, մյուս մասն էլ հետո դեղատոմսերով վաճառել: «Փուլ առ փուլ է արվելու կառավարության որոշման հիման վրա»,-ասաց նախարարը:
Ճշտող հարցին՝ որոշումը դեռ չկա, դուք գործողությո՞ւն եք սկսել իրականացնել, նախարարը պատասխանեց. «Այո, որոշումը մշակվում է եւ կընդունվի կառավարության մյուս նիստի ընթացքում: Եվ, այո, այդ պրոցեսն ինձ գոհացնում է»:
Այսինքն՝ առողջապահության նախարարությունը իրականացնում է մի գործողություն, որի իրավական հիմքը չկա, եւ փաստորեն որոշման մեջ չկա որեւէ կետ կամ դրույթ, որին հղում է կատարվում, որ դեղերի դուրս գրումը դեղատոմսերով պետք է իրականացվի փուլերով, կամ նշված լինի ժամանակահատված:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ