Իշխանությունն արձանագրո՞ւմ է իրականությունը, որ 2008-ի մարտ 1-ից հետո արյամբ է եկել իշխանության`այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողներից մեկը տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին: «Մարտիմեկյան ողբերգության վերաբերյալ իշխանության տասնյակ ներկայացուցիչներ իրենց կարծիքը տարբեր առիթներով հայտնել են, վերջին անգամ նաեւ լսումների ժամանակ: Ես եւս, տարբեր առիթներով արտահայտվելու առիթ ունեցել եմ. մեր հավաքական շահերը, ինչպիսին էլ ձեր անձնական ճաշակը, վերաբերմունքը կամ գնահատականը լինի, կամ երկրորդ, կամ երրորդ անձի, այնքան էական չէ, որքան այն ճշմարտությունը, որը հանրային գիտակցության մեջ, իմ կարծիքով, նստած է: Պետք է հասկանալ, թե ի՞նչ հանգամանքներ կային, իսկ իմ պատկերացմամբ, դա քաղաքական համակարգի խափանման արդյունք էր, մեկ ուրիշ գործիչ դա անվանում է սահմանադրականության պակասի հետեւանք, մեկ ուրիշը անվանում է հանրության մեջ բաժանարար գծերի, անհանդուրժողականության եւ ատելության թույլատրելիից ավելի բարձր, այնկողմ գտնվող մի կոնդիցիայի հետեւանք. սրանից իրականությունը չի փոխվում: Եթե մենք, որպես հասարակություն`եւ որպես իշխանություն, եւ որպես ընդդիմություն, եւ որպես ԶԼՄ-ներ, չսերտենք ամենակարեւոր դասը`մենք դատապարտված ենք բացառելու նոր բաժանարար գծերի առաջացումը մեր հանրության ներսում, ատելության եւ փոխադարձ անհանդուրժողականության կրկնությունն, ինչին մենք ականատես եղանք պատմական այդ ամբողջ դեպքերի ընթացքում»:
Բիրտ եւ հակասահմանադրական ուժի կիրառումը`հանուն որեւէ նպատակի, այդ թվում նաեւ հանուն իշխանության պահպանման, Սամվել Ֆարմանյանը կատարելապես անընդունելի է համարում: Նա հուսով է, որ այլեւս երբեք հայաստանյան որեւէ իշխանություն, պատմական որեւէ իրավիճակում, երբեւէ չի կիրառի ուժ, իբրեւ կուտակված կամ գոյություն ունեցող խնդիրների լուծման հնարավորություն: Նման լավատեսության հիմք նրան տալիս է այսօրվա իշխանությունների քաղաքական որակները, գոնե որոշումներ կայացնելու տեսանկյունից:
Իր ելույթում Սամվել Ֆարմանյանն ասել էր, որ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ հաջորդ իշխանության անունները ոսկե տառերով կգրվեն: Aravot.am-ը հետաքրքրվեց`ինչո՞ւ: Սամվել Ֆարմանյանն ասաց, որ դա դեռ պետք է վաստակեն:
Սամվել Ֆարմանյանը ձեռնպահ մնաց գնահատական հնչեցնել` Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ Ազատության հրապարակում հնարավոր պայքարի մասին: «Դա տվյալ քաղաքական ուժի որոշելիքն է, իր օրակարգը: Բայց հայաստանյան ժողովրդավարությունն` իր բոլոր թերություններով հանդերձ, հատել է մի այնպիսի սահմանագիծ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի յուրաքանչյուր կազմակերպություն ազատ է իր տեսակետներն օրինականության շրջանակներում արտահայտելու, այդ թվում` նաեւ Ազատության հրապարակում»,- ասաց նա:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ