«Մահ ռեժիմին», «ամոթ», «ընդվզում»,- այսպիսի վանկարկումներով Երևանի Նալբանդյան 104 հասցեում գտնվող շենքի հարակից տարածքում իրենց ձևակերպմամբ՝ բռնաճնշումների խորհրդանիշ ԿԳԲ-ի առջևից, «Երկիր Ծիրանի»-ի անդամները բողոքի երթով ընթացան դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:
ԿԳԲ-ի շենքի առաջ «Երկիր Ծիրանի»-ի նախագահ Զարուհի Փոստանջյանը, հիշեցնելով 2008-ի մարտի 1-ը, դիմելով ԱԱԾ-ին, հայտարարեց. «Մարտի 1-ը կազմակերպված էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: Իրականացվեց ԱԱԾ աշխատակիցների, ոստիկանության և այլ ուժերի կողմից: ՀՀ զինված ուժերի հետ օպերացիա իրականացվեց, և Ազատության հրապարակում ցասում առաջացավ: Մեր հանրությանը բռնի ուժով հանեցին և երեկոյան նաև մեր հայրենակիցներին գնդակահարեցին Երևանի փողոցներում: Դա չի ներվելու, ո՛չ ձեզ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին: Նրանք էին հրաման տվողները, և դուք այդ հրամանն իրականացնողներն եք եղել: Պիտի դուրս գանք փողոց. Սերժ Սարգսյանի, այս քրեաօլիգարխիկ ռեժիմին վերջ տալու ժամանակն է»:
Զարուհի Փոստանջյանը, հիշեց, որ երբ մարտի 1-ին գնացել են Լևոն Տեր-Պետրոսյանի տուն և խնդրել դուրս գալ ժողովրդի մոտ, նա հայտարարել է, թե դա ինքնաբուխ հավաք է, և իրենց շտաբն այս պահին չի գործում ու իր՝ տնից դուրս գալու որոշում չի կայացրել: Զարուհի Փոստանջյանը շեշտեց՝ այդ ժամանակ դեռ զոհեր չկային:
Տիկին Փոստանջյանը հայտարարեց՝ մենք բանտախցերում ունենք քաղաքական հայացքների համար ազատազրկած՝ շուրջ 4 տասնյակ քաղաքացիներ, Երևանի փողոցներում գնդակահարված զոհեր, որոնց գործերը քողարկվել են, և ՀՀ իշխանությունները չեն ցանկանում մեղավորներին բացահայտել. «Առաջին հերթին պատասխանատվության պետք է կանչել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին: Այդ զույգի անպատժելիությունն այնպես արեց, որ ՀՀ-ից գաղթեցին հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այս զույգը գործել է Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ. նա մեծ ավանդ ունի այս բռնատիրական ռեժիմի կառուցման մեջ, և հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք են սկսել այս բռնաճնշումները»:
Երթի մասնակիցները կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Զարուհի Փոստանջյանը հորդորեց հասարակությանն իրենց միջից հանել ստրուկին, վախը և ընդվզել ու գաճաճներին, որոնք հանրությանը կեղեքում են, շպրտել մի կողմ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը երթի ընթացքում հայտարարեց, որ արդեն հասունացել է պահը, և հասկանում են, որ այս բռնակալական իշխանությունը, որը բռնազավթել է իշխանությունը, մեր երկիրը տանում է կործանման:
Երթի ընթացքում կուսակցության անդամները բարձրաձայնեցին ՀՀ-ում գոյություն ունեցող առողջապահական խնդիրների, մայրաքաղաքի բյուջեի մսխման և այլ հարցերի մասին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ հավաստիացրեց, որ քաղբանտարկյալներն անպայման ազատ են արձակվելու և այն բանտախցերը, որոնցում այժմ նրանք են գտնվում, դատարկ չեն մնալու, քանի որ այնտեղ գնացողների ցուցակն արդեն պատրաստ է ու հայտնի հանրությանը:
Զարուհի Փոստանջյանը նաև կոչով դիմեց սփյուռքի, մասնավորապես Լոս Անջելեսի հայությանը և խնդրեց թիկունք կանգնել, որ կարողանան իրականացնել հայկական հեղափոխություն, որը դեռ մեր ազգը չի ապրել:
Զարուհի Փոստանջյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 4-ից լինելու են Գյումրում և Վանաձորում. դրանք այն օջախներն են լինելու, որի կրակներով պետք է լցվեն ՀՀ մյուս քաղաքները:
Երթի մասնակիցները, հասնելով Մյասնիկյան արձանի մոտ, ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին, այնուհետև շարժվեցին Լեոյի փողոց այնտեղ ևս ծաղիկներ դնելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ