ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում իր ելույթում, խոսեց երկրում առկա անհանդուրժողականության, խորացող սոցիալական լարվածության մասին:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ձեր առաջարկած նախագահի թեկնածուն, փաստորեն, մեղադրում է ձեզ «բեռլինյան պատեր» կառուցելու եւ սոցիալական բեւեռացվածություն ստեղծելու համար, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դուք տարեգրությունը նայեք: Մենք որեւէ քննադատությունից չենք խուսափում: Քաղաքական զարգացումներն առաջ են ընթանում: Կարող է 20-30 տարի առաջ, ովքեր որ եղել են իշխանության մեջ, կարող է բացթողումներ ունեցել են: Կարող է նաև ՀՀԿ-ն է եղել, բայց 1990-ականներին ՀՀԿ-ն չի եղել իշխանության մեջ, ես ինչքան գիտեմ»:
Հստակեցրինք`վերջին 20 տարին ՀՀԿ-ն կոալիցիայով կամ միանձնյա իշխանություն է: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց`եթե ունեցել են թերացումներ, ամոթ չէ, որ դրանց մասին բարձրաձայնվի եւ ընդունվի այսօր իշխող ուժի կողմից: «Եթե կոնկրետ լինի փաստ, թե ինչի՞ն է վերաբերվում, մենք դրանց կանդրադառնանք»,- ասաց նա:
Կպահանջե՞ն Արմեն Սարգսյանից այդ փաստերը, թե`ոչ, Վահրամ Բաղդասարյանը հստակ չպատասխանեց: Միայն ասաց, որ բարեփոխումները սկսված են եւ իրենք չեն մեղադրում Հայաստանի հիմնադիր ուժերին`իրենց թերացումների համար, քանի որ հնարավոր չէր 70 տարի սոցիալիստական համակարգից անմիջապես, արագ եւ անթերի դառնալ ակտիվ կապիտալիստական երկիր:
Նկատեցինք`ՀՀԿ-ականները ձոներ են ձոնում Արմեն Սարգսյանին, հնարավո՞ր է ստանձնելով նախագահի պաշտոնը նա զտումներ անի ՀՀԿ-ում: «Դուք անիրականանալի հեռանկարների մասին եք խոսում: Նախ Արմեն Սարգսյանը անկուսակցական է, նա բոլորիս նախագահն է եւ ինքը չէ ՀՀԿ-ն զտողը»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ