Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը թոշակառուների եւ խոցելի խմբերի՝ դեղատոմսով դեղեր գնելու դժգոհությունների մասին

Մարտ 01,2018 14:28

Այսօրվանից որոշակի խմբի դեղեր առանց դեղատոմսի քաղաքացիները չեն կարող ձեռք բերել: Մինչ այս, առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտնում «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգ սահմանելու մասին» կառավարության որոշումը:

Ըստ այդմ, Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բացթողման ենթակա են 2700 դեղեր: Այսօրվանից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով պետք է ձեռք բերել, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:
Այս հայտարարությունից հետո քաղաքացիների շրջանում դժգոհություններ եղան, մարդիկ դեղատներից գնում էին դեղեր, որոնք մինչ որոշման ուժի մեջ մտնելը դեղատոմսով պետք է լինեն:

Այս որոշման դեմ հիմնական դժգոհություններից են, որ դեռ վաղ է մեր երկրում նման պահանջ դնելը,  այն վնասելու է հատկապես սոցանապահով խմբերին եւ թոշակառուներին, 2000 կամ 5000 դրամանոց դեղի համար մարդիկ ստիպված են լինելու 15-20 հազար դրամ վճարել բժշկի խորհրդատվության համար, որպեսզի ստանան այդ դեղատոմսերը: Իսկ պոլիկլինիկաներն էլ անբարեկարգ եւ տեխնիկապես հագեցած չեն, որպեսզի քաղաքացիները գոնե այդտեղ բժշկի անվճար ու պատշաճ ծառայությունը ստանան, հետեւապես նաեւ համապատասխան դեղատոմսը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեցին, թե ինչով կպայմանավորի նախարարը բնակչության  դժգոհությունը: «Անտեղյակ լինելով»,-այսպես պատասխանեց նախարարը:

Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ ո՞վ է մեղավոր, որ հանրությունն անտեղյակ է, (ենթադրվում է, որ նախարարությունը պետք է պատշաճ տեղեկություններ տարածեր հանրության շրջանում): Մենք նաեւ նախարարին փոխանցեցինք հանրության մտահոգությունն ու դժգոհությունները: Ի պատասխան նախարարն ասաց՝ «Ես համամիտ չեմ ձեր «պրիարիտետների» դրսեւորման հետ»: Ալթունյանին հիշեցրինք՝ «Սա հանրության կարծիքն է, ոչ թե լրագրողի»: «Հանրության հետ ես բանակցում եմ բլոգերի եւ ինտերնետի միջոցով»,-ասաց Ալթունյանը:

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների եւ բժշկի ծառայությանը դիմելու համար քաղաքացիների հավելյալ ծախսերին, նախարարն ասաց. «Արդիականացնել պոլիկլինիկաները դա պերմանենտ պրոցես է: Ինչ վերաբերում է դեղերի կարգավորմանը՝ ոչ մի հավելյալ ծախս չի նախատեսվում: Ուժեղ գործող դեղերը պետք է նշանակվեն բժիշկների կողմից: Ինչ վերաբերում է լրացուցիչ ծախսերին՝ մենք նախատեսում ենք 15-30% տնտեսում տնային տնտեսությունների համար, այն դեղերի դեպքում, որոնք ձեռք են բերվում առանց համապատասխան կարիքի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031