Aravot.am-ի տեղեկություններով՝ միջազգային հետախուզում է հայտարարվել «Մարտիկներ՝ հանուն արդարության» կոչվող խմբի ղեկավար Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն է ներկայացրել, որ Քուրքյանը համակարգել է նշված խումբը: Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի դեկտեմբերին ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի այս խումբը, որը կոչվում էր «Սասնա ծռեր 2», նախատեսում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Ըստ ԱԱԾ-ի՝ «Ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաեւ Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր»:
Aravot.am-ը փորձեց ոստիկանությունից ճշտել տեղեկությունը խմբի համակարգող Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ վստահեցրին՝ «Կճշտենք տեղեկությունը, եւ նորություն լինելու կամ չլինելու դեպքում էլ կտեղեկացնենք հանրությանը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ