Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր ոռոգման ջրանցքները մաքրելուն: «Յուրաքանչյուր տարի, գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցքների մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ նման աշխատանքների զգալի մասն ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային և այլ բնույթի աղբի մաքրմանը, որը ձևավորվում է ոռոգման, ինչպես նաև ոչ ոռոգման ժամանակահատվածում՝ հարակից բնակավայրերից։ Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների կատարմանը և առաջացնում է լրացուցիչ ծախսեր»,-նշել է վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ոստիկանության պետին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում, սահմանված կարգով՝ ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամշակումներ:
Վարչապետը պատասխանատու կառույցների ղեկավարներին հորդորել է խնդրի լուծումը պահել ուշադրության կենտրոնում և խիստ վերահսկողություն իրականացնել:
Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի բարեկարգման վերաբերյալ էր: «2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էինք քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես՝ հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը»,-նշել է վարչապետը: Հաշվի առնելով, որ բարեկարգման աշխատանքները հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել, կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։
Վարչապետն առաջարկել է նաև Գյումրու քաղաքապետին, առավելագույնը 2-ամսյա ժամկետում, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը։
Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականն առաջիկա ոչ աշխատանքային օրերին մաքսային ծառայության և այլ մարմինների աշխատանքային գրաֆիկ սահմանելու վերաբերյալ էր: «Հունվարի 25-ի կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում, համաձայն որի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը։ Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել, հատկապես տնտեսավարողների գործունեության համար»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահին, սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկել ԿԲ նախագահին՝ մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում, այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորություն:
Հավանության են արժանացել Իժեներական և Խելացի քաղաքների ստեղծման միջոցառումների ժամանակացույցերը
Կառավարությունը հավանություն է տվել «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին: Ըստ այդմ՝ կսահմանվեն «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական բաղադրիչները, նպատակներն ու խնդիրները, առավելությունները, ծրագրի իրագործման ուղղությամբ իրականացվելիք գործողությունները, պատասխանատուները, ֆինանսավորման աղբյուրները և ակնկալվող արդյունքները: Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3 հա մակերեսով հողամասը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտում առկա է զգալի չիրացված ներուժ, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է հանդիսանում արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը: ՀՀ-ում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50 տոկոսը նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից: Արդյունքում նախատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում:
Վարչապետը հորդորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հարցը պահել ուշադրության կենտրոնում և խիստ վերահսկողություն իրականացնել:
Հավանություն է տրվել նաև «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: Արդյունքում նախատեսվում են մոտեցումներ, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և կխթանեն տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում դեռևս լիարժեք թվայնացված չեն ենթակառուցվածքները և ծառայությունները։ Արդյունքում կներդրվեն էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններ: Կստեղծվի տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաներով հագեցված (թվայնացված) տարածք, որը նախատեսված է խելացի լուծումների նախագծման, լաբորատոր փորձարկումների և արտադրության համար՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված կենտրոններով: «Խելացի քաղաքի» ստեղծումը միտված է նաև ենթակառուցվածքների և ծառայությունների թվայնացմանը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության, հայրենական արտադրության և այլ ծառայությունների զարգացման համար:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ սահմանվել է նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը:
«Նաիրիտ-2»-ի տարածքն արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար օգտագործելու նպատակով կիրականացվի 7,5 մլրդ դրամ ներդրում
Կառավարության որոշմամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ հողատարածքը անկախ գնահատողի կողմից գնահատված 626,9 մլն դրամ շուկայական գնով (ներառյալ` ԱԱՀ-ն) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին: Ըստ հիմնավորման՝ գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում: «Ա-Ս ինվեսթմենթս»-ը պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար: Մասնավորապես՝ հիմնել մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով), ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր: Գնորդը երաշխավորում է բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշներին: Ընկերությունը ծրագրի իրականացման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում նախատեսում է ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:
Կպարզեցվեն վարձակալության տրամադրման ընթացակարգերը
ՀՀ պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Կպարզեցվեն պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու գործընթացի վարչարարությունը, կազմակերպությունների կողմից ավելորդ ծախսերի կատարումը, կկրճատվեն որոշումների կայացման ժամկետները, կավելանան ՀՀ պետբյուջեի մուտքերը:
Պետական գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացի պարզեցման, աշխատանքների արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման, ինչպես նաև վարչական խոչընդոտները վերացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նաև մեկ այլ որոշման մեջ:
Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին
Սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար, ընդունվել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2018 թ. պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար, որը կտրամադրվի սահմանամերձ 25 համայնքների բնակիչներին:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Սպանդարյանի միջնակարգ դպրոցի շենքի ջեռուցման համակարգի վերականգման աշխատանքների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Սպանդարյանի միջնակարգ դպրոցը ստեղծվել է 1976 թվականին: Դպրոցն ունի երկու մասնաշենք, այնտեղ սովորում է 222 աշակերտ:
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել օրենսգրքի համապատասխան մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից: Փոփոխություններով կհստակեցվեն նաև զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված հասարակական հարաբերությունների արդյունավետ պաշտպանությունը:
Հավանության է արժանացել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ: Փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ փետրվարի 27-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը կտեղափոխվի մարտի 6-ին:
Կստեղծվի Քրեակատարողական բժշկության կենտրոն. կապահովվի բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ: Սահմանվել է, որ կենտրոնի գործունեության առարկան է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը: Արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը:
Այլ որոշումներ
Գործադիրը հավանություն է տվել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին: Հիմնավորման համաձայն՝ չնայած հիդրոէներգետիկան համարվում է էկոլոգիապես մաքուր և միտված է CO2 ջերմոցային գազերի դեպի մթնոլորտ արտանետումների կրճատմանը, այնուամենայնիվ, վերջին տարիներին ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով գետային հոսքի նվազման պատճառով ՓՀԷԿ-երի շահագործումը բացասական ազդեցություն է ունենում էկոհամակարգերի վրա: Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները:
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Հելլո» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է թեթև արդյունաբերության մեջ՝ իրականացնելով մոտ 106 մլն ՀՀ դրամի ներդրում։ Նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 6-ով՝ 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի մի մասը՝ 138 մլն ՀՀ դրամը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 113,8 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, իսկ 40 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ Վրաստան։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ