Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ թուղթը բերեք՝ վերջացնենք, սա ձեզ անընդհատ հետապնդելու է». Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին

Մարտ 01,2018 13:37

«Փաստաթղթով պետք է հիմնավորվի, որ դուք հրաժարվել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Ասացիք, որ ՀՀ քաղաքացի եք 2011թ.-ից, բայց ինչո՞ւ Մեծ Բրիտանիայից չեք վերցնում եւ հրապարակում այդ դիմումը, որ այս խոսակցությունները դադարեն: Այդ թուղթը բերեք՝ հրապարակենք-վերջացնենք, սա ձեզ անընդհատ հետապնդելու է»,-ԱԺ-ում այսօր ՀՀ նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին նման հարց ուղղեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Մի քանի անգամ անդրադարձա այդ հարցին: Այդ փաստաթուղթը նրա մասին չէ՝ ես Մեծ Բրիտանիայի քաղաքացի՞ եմ, թե՞ ոչ, այդ փաստաթուղթը իմ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության սառեցման մասին է»:

Նիկոլ Փաշինյանն անհամաձայնություն հայտնեց. «Սա ի՞նչ անլուրջ վերաբերմունք է ՀՀ հանրության հանդեպ»: Արմեն Սարգսյանը, սակայն, նույն պատասխանը պնդեց:

Ապա Փաշինյանը մեկ այլ հարց ուղղեց. «Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի լինելու նախագահ ու վարչապետ: Ի՞նչ կասեք այս մասին»: Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Եթե իմ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու, հարցը ճիշտ կլինի իրեն ուղղել, ոչ թե ինձ: Չեմ կարող մեկնաբանել քաղաքական մյուս գործիչների հայտարարությունները»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց, թե Արմեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն: «Կարծիքները տարբեր են: Եվրոպական ինստիտուտներն ինձ դեռ չեն տվել փաստաթուղթ, որ այսինչ անձը քաղբանտարկյալ է: Ասում են, որ նրանք կան: Այնուամենայնիվ, մեր երկրում քաղբանտարկյալ չպետք է լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031