Թուրքական լրատվական կայքերը, հատկապես իշխանական, (TRThaber.com, sabah.com.tr, haberturk.com, aksam.com.tr) ակտիվորեն շրջանառում են հայ-թուրքական սահմանի Կարսի հատվածում տեղակայված Մուստաֆա Քոչաք սահմանային զորամասի վերաբերյալ պատրաստված հրապարակումը: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության կողմից պատրաստված հրապարակումը, որին կցված է նաև տեսանյութ, անդրադառնում է հայ-թուրքական սահմանի՝ Կարսին հարակից հատվածում իրականացվող հերթապահությանը: Հրապարակման մեջ տեղեկացվում է, որ հայ-թուրքական սահմանը հսկվում է սովորական ու ջերմային տեսախցիկներով, ինչպես նաև զինվորներն օգտագործում են գիշերային տեսանելիության սարքեր:
«Աշտարակների վրա հերթապահություն իրականացնող զինվորներն էլ մատները զենքի ձգանին պահած հետևում են, որպեսզի անհրաժեշտ պահի միջամտեն սահմանը խախտելու դեպքերին»,- գրել է Թուրքիայի հեռուստառադիոընկերության լրատվական կայքը (TRThaber.com):
Հրապարակման մեջ խոսվում է նաև հենց զորամաս լրատվական գործակալության կատարած այցի օրը տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին, որի ժամանակ «սահմանապահ զինվորները ակնթարթային միջամտություն են ցուցաբերել»: Սահմանախախտը եղել է Կարսի շրջանի գյուղերից մեկի բնակիչ, որ անհայտ պատճառներով հայտնվել է սահմանային արգելված գոտում:
«24 ժամ տեսախցիկներով սահմանը վերահսկող զինվորները անմիջապես նկատել են գյուղացուն ու արագ մեկնելով սահմանային տվյալ հատված, տեղափոխել են վերջինին այլ տեղ»,- գրում է պետական լրատվամիջոցը՝ ավելացնելով, որ դրանից հետո սահմանապահ զինվորները մանրակրկիտ ստուգել են սահմանի մոտ 10 կիլոմետրանոց հատվածն ու վերադարձել զորանոց:
Աղբյուր` Ermenihaber.am