Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. դատախազությունն անգործություն է դրսևորել ոչ միայն Սերժ Սարգսյանի հաղորդման վերաբերյալ որոշում չկայացնելով, այլև մատնանշված փաստերի ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով

Մարտ 01,2018 12:36

2018 թ. փետրվարի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը: Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ որոշում կայացնել 2017թ. դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա և այն տրամադրել Կազմակերպությանը:

Այդ հայտարարությամբ Ս. Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ»։ Ապա հավելել էր. «Շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ։ Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրել էր, որ Սերժ Սարգսյանը միտումնավոր կոծկել է համայնքապետերի կատարած հանցագործությունները, որի հետևանքով դրանք իրավական գնահատականի չեն արժանացել: Այս հիմքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր քրեական պատասխանատվության ենթարկել Ս. Սարգսյանին, նրա հայտարարության մեջ հիշատակված համայնքների ղեկավարներին և վերջիններիս ներելու համար միջնորդ հանդիսացած անձանց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հանցագործությունը պարտակելու, կաշառք ստանալու կասկածի հիմքով:

ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ոչ միայն Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում չէր կայացրել, այլև որևէ միջոցառում չէր ձեռնարկել հանցագործության մասին հաղորդման մեջ մատնանշված փաստերը ստուգելու ուղղությամբ այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ նշել էր հանցագործության դեպքերի մասին և դրանք ներկայացրել որպես անառարկելի փաստեր: Չնայած դրան՝ Դատախազությունը հաղորդման մեջ հանցագործության հատկանիշեր մատնանշող տվյալներ չէր գտել:

Ավելին՝ դատարանում գործի քննության ընթացքում, դատարանի հարցին ի պատասխան, ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել էր, որ բացի ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ներկայացրած պատասխան գրությունից՝ հանցագործության մասին հաղորդմանն առնչվող այլ նյութեր դատարանին տրամադրել չեն կարող, քանի որ այդպիսիք չկան: Այսինքն՝ դատարանի համար ևս ակնհայտ էր, որ դատախազությունն անգործություն է դրսևորել ոչ միայն հաղորդման վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնելով, այլև մատնանշված փաստերի ուղղությամբ որևէ քննչական և դատավարական գործողություն չկատարելով:

Բողոքը մերժելու մասին որոշմամբ դատարանը փաստացի աչք փակեց այս հանգամանքների վրա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կբողոքարկի դատարանի որոշումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031