Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա դուք չամաչեցի՞ք, էդ ո՞ւմ բերեցիք ձեզ ղեկավար նշանակեցիք, Կուտոյանի՞ն». Զարուհի Փոստանջյան

Մարտ 01,2018 12:13

Այս պահին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Երևանի Նալբանդյան 104 հասցեում գտնվող շենքի հարակից տարածքում նրանց ձևակերպմամբ՝ բռնաճնշումների խորհրդանիշ ԿԳԲ-ի առջև, անցկացնում են բողոքի ակցիա ընդդեմ բռնաճնշումների:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ վայրը պատահական չի ընտրված, քանի որ այստեղ քաղաքական բանտարկյալներ են պահվել: Նա մանրամասնեց. «Այս 25 տարիների ընթացքում նրանք շարունակել են ԿԳԲ-ի չեկիստների գործը: Հենց այնպես չենք եկել այս տարածք: Այս պատերի ներսում գտնվում է բանտախցերից ամենակարևորներից մեկը՝ ԿԳԲ-ի բանտախուցը: Չնայած այն հանգամանքին, որ դա այս պահին կոչվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ, այն տեղակայելն այս տարածքում նույնպես ապօրինի է: Դրա մասին Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից կան զեկույցներ: Այսօր այստեղ պահվում են քաղաքական հայացքների համար ազատազրկված մեր հայրենակիցները, այդ թվում նաև Ազգային հերոս Սամվել Բաբայանը»:

Զարուհի Փոստանջյանի վստահեցմամբ, եթե ԱԱԾ-ն իրոք ազգային անվտանգության ապահովման գործառույթն է իրականացնում, ապա անհապաղ պետք է ազատվի իրենց ղեկավար նշանակված Կուտոյանից: Այս առիթով տիկին Փոստանջյանն ամոթանք տվեց. «Բա դուք չամաչեցի՞ք, էդ ո՞ւմ բերեցիք ձեզ ղեկավար նշանակեցիք, Կուտոյանի՞ն: 2016-ի փետրվարի 12-ին միայն ես եմ հայց ներկայացրել դատարան, որ նա իրավունք չունի նշանակվել որպես ԱԱԾ ղեկավար: Բա ամոթ չէ՞, գոնե ձեր կազմից նշանակեիք, փողոցից բերեցիք այդ անձին, որ Սերժ Սարգսյանը լավագույնս պայմանավորվեր մեր թշնամիների հետ և հանձներ մեր 800 հեկտարը չնայած նրան, որ նախաձեռնել էր հանձնել մի քանի շրջաններ: Բա ամոթ չի՞, չե՞ք ամաչում, այդ ո՞ւմ եք ձեզ ղեկավար կարգել»:

Զարուհի Փոստանջյանը, մեղադրելով ԱԱԾ-ին, ասաց. «Եթե պատվաբեր գործ էիք կատարում, ինչո՞ւ չհայտնեցիք ապրիլյան պատերազմի մասին, եթե գիտեիք պատերազմի մասին, ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկել, ուրեմն դավաճան եք»:

Ըստ նրա՝ ԱԱԾ թանգարանը պետք է վերանա, պետք է դառնա ժամանակակից արվեստի թանգարան: Նա հայտարարեց. «Դուք մեր ժամանակակից Բաստիլն եք, որը պետք է վերանա, քանի որ ստալինիզմը, չեկիզմը, բռնաճնշումները տեղ չպետք է ունենան մեր կյանքում»:

Զարուհի Փոստանջյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում դուրս են գալու փողոցներ. հեղեղելու են փողոցները:

Քիչ անց «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կգնան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031