Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսը՝ Լիսկայի «թագավորության» օրոք եւ նրանից հետո. «Հրապարակ»

Մարտ 01,2018 12:09

Անցած տարվա նոյեմբերին Սյունիքի մարզի միավորված Գորիս համայնքն ընտրեց իր ղեկավարին: Ընտրապայքարի էր դուրս եկել երկու թեկնածու՝ Գորիսի երբեմնի համայնքապետ Սամվել Հարությունյանը եւ 25-ամյա Առուշ Առուշանյանը՝ հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի որդին:

Սամվել Հարությունյանն այս ընտրապայքարում համարվում էր նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «մարդը»՝ չնայած երկար տարիներ նրանց միջեւ եղած թշնամական հարաբերություններին, որից հետո եկավ բարեկամանալու շրջանը: Երիտասարդ ՀՀԿ-ական Առուշանյանին սատարում էր ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը:

Անձամբ Սուրիկ Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկում թեկնածու Առուշանյանի մասին ասել էր. «Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաեւ սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին-նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»:

Ի սկզբանե թվում էր, թե երկու ՀՀԿ-ական կլանների միջեւ պայքարն ուժեղ կլինի, հակազդեցությունն Առուշանյանների նկատմամբ՝ մեծ, քանի որ Սյունիքը երկար տարիներ բռի մեջ պահած Խաչատրյանը, այնուամենայնիվ, կունենա լծակներ՝ իր թեկնածուի օգտին քվեներ հավաքելու համար, սակայն ընտրությունների արդյունքները տվեցին Սուրիկ Խաչատրյանի եւ Սամվել Հարությունյանի ունեցած համատեղ վարկանիշի գնահատականը. թեկնածուն ստացավ ընդամենը 56 քվե, Առուշանյանը՝ 12 հազար 945: Գորիսի ընտրությունները դարձան Գորիսի եւ Սյունիքի «լիսկաթափման» վերջին եւ ամենաուժեղ ակորդը:

Չնայած Առուշ Առուշանյանն արձանագրել էր ընտրողների ավելի քան 99 տոկոսի քվեն, ոմանք թերահավատորեն էին նայում նրա ապագա աշխատանքի արդյունավետությանը՝ կարծելով, որ նման մեծ համայնք ղեկավարելու համար շատ երիտասարդ է եւ գործից գլուխ չի հանի: Իսկ թե որքան է տուժել Գորիսն այս մի քանի ամսվա ընթացքում, կտեսնենք առաջիկայում՝ Գորիս այցելելով:

Իսկ մինչ այդ որոշակիորեն կարծիք կարելի է կազմել համայնքապետարանի պաշտոնական կայքից եւ ֆեյսբուքյան էջից: Սովորաբար համայնքապետարանների կայքերը բացելիս տպավորություն է ստեղծվում, թե համայնքապետերի գործառույթները սահմանափակվում են միայն մանկապարտեզների հանդեսներին մասնակցությամբ, համայնքի զինվորին բանակ ճանապարհելով եւ դիմավորելով, տարբեր տոների առթիվ ուղերձներ հղելով, Նոր տարի, Տրնդեզ (Տեառնընդառաջ) եւ այլ տոնակատարություններ կազմակերպելով: Կոնկրետ աշխատանք գրեթե տեսանելի չէ: Գորիսի երիտասարդ քաղաքապետն էլ զերծ չէ նման քեֆ-ուրախություններից, բայց սրանց կողքին տեսանելի են նաեւ կատարվող աշխատանքները՝ շինարարություն, մաքրման աշխատանքներ, վերանորոգումներ:

Մինչ քաղաքապետ ընտրվելը, երբ Առուշանյանը դեռեւս ԺՊ էր, ներքաղաքային ուղեւորափոխադրումն իր անձնական միջոցների հաշվին դարձրեց անվճար, ինչը շատերը համարեցին նախընտրական գովազդ: Դատելով քաղաքապետարանի կայքում տեղադրված լուսանկարներից ու լուրերից՝ քաղաքում բուռն աշխատանքներ են տարվում, վերանորոգվել են կանգառները, մացառներից ու խոտերից մաքրվել են մայթերը, առուները, բարեկարգվել են պուրակները, վերանորոգվել են Հարթաշենի հանդիսությունների սրահը, Խնձորեսկի նախադպրոցական հաստատության խմբասենյակները: Մի խոսքով՝ գործարարի երիտասարդ որդին, ի հեճուկս Սուրիկ Խաչատրյանի կանխատեսումների, «էնտուզիազմով» արդյունավետ աշխատում է, որից, կարծես թե, Գորիսն ամենեւին էլ չի տուժում:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031