Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Մոնթե Մելքոնյանին դժվարանում եմ սփյուռքահայ անվանել»

Մարտ 01,2018 12:04

ԱԺ-ում այսօր ՀՀ նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Արմեն Սարգսյանը: Նախագահի թեկնածուն նախ հիշատակեց Մարտի 1-ի դեպքերը. «Տասը տարի առաջ ծանր մարտահրավերի բախվեցինք եւ ունեցանք անդառնալի կորուստներ»:

Ապա անդրադարձավ մի շարք խնդիրների, մասնավորապես՝ կոռուպցիային: «Կոռուպցիան ավերիչ ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտների վրա: Այն խաթարում է օրինական հարաբերությունների շղթան ու մարդու իրավունքը դարձնում առքուվաճառքի առարկա: Հասարակության վստահության մակարդակի բարձրացումը պարարտ հող կստեղծի՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Կարեւոր է, որ մարդիկ հավատան սրան»,-նշեց Արմեն Սարգսյանը:

Այնուհետեւ նա կարեւորեց հայկական Սփյուռքի դերը. «Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ դրսում՝ որպես ՀՀ քաղաքացի, պետական ծառայող եւ մարդ: Անձնական եւ ընտանեկան փորձառություն ունեմ՝ Սփյուռքի հետ շփումներում: Սփյուռքի նշանակությունը հսկայական է. տարօրինակ չէ, որ ՀՀ մի քանի ազգային հերոսներ ներկայացնում են սփյուռքը՝ Շառլ Ազնավուր, Քըրք Քրքորյան, Էռնեկյան, Մոնթե…Մոնթե Մելքոնյանին դժվարանում եմ սփյուռքահայ անվանել, գուցե՝ արցախահայ»:

Արմեն Սարգսյանը նկատեց, որ սփյուռքի ներուժի փոքր մասն է օգտագործվում ՀՀ զարգացման համար. «Պետք է աշխատել՝ այդ հսկայական ներուժը մեր խնդիրներում ներգրավելու համար: Սփյուռքի բոլոր կառույցները պետք է հստակ ծրագիր ունենան»: Նախագահի թեկնածուն խոսեց նաեւ արտագաղթից՝ ցավով նշելով, որ վերջինիս ծավալները գերազանցում են ներգաղթին:

Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀՀ համայնքները Երեւանին հավասար չեն զարգանում, փոխարենը՝ տնտեսական ներուժը կենտրոնանում է Երեւանում. «Գյումրին, օրինակ, ինձ համար ավելի գեղեցիկ է, քան հին Թբիլիսին: Գյումրին մեծ ներուժ ունի: Ամենաջերմ հանդիպումս Գյումրիում ուստաների՝ վարպետների հետ էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031