Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն չի ցանկանում հակամարտության սրում, չի ցանկանում թեժ հակամարտություն. Փիթեր Շուլց. «168 ժամ»

Մարտ 01,2018 12:02

Հարցազրույց Գյոթինգենի համալսարանի (գերմ.՝ Georg-August-Universitat Gottingen) քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի (DOC Research institute) համահիմնադիր, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Փիթեր Շուլցի հետ

– Եվրամիությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ մասնակցություն չունի, կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է այս հակամարտությամբ, սակայն՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից հետո, որում կա ԵՄ-ի հստակ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։ Կան կարծիքներ, որ ԵՄ-ն փորձում է առավել գործուն ազդեցություն ունենալ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ առարկայացավ պատերազմի հեռանկարը։ Ղարաբաղյան հակամարտությունն ի՞նչ տեղ է զբաղեցնում եվրոպական անվտանգության քաղաքականության հարցում։

– Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը եվրոպական անվտանգության քաղաքականության գլխավոր բաղադրիչը չէ։ ԵՄ-ն չի ցանկանում հակամարտության սրում, չի ցանկանում թեժ հակամարտություն, ցանկանում է, որպեսզի հակամարտությունը վերահսկողության տակ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործիքի միջոցով։ Բայց բնականաբար սա լուծում չէ, միայն շարժուն դիվանագիտությունը կօգնի, միայն տարածաշրջանային խաղացողները՝ Հայաստանը ու Ադրբեջանը, պետք է գտնեն տարբերակ երկխոսելու համար, քանի որ, եթե չկա երկխոսություն, չկա նաև կարգավորում։ Մեր նպատակն այն է, որպեսզի իրավիճակը չբռնկվի, ԵՄ-ն ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն է, և դրանից ավելին պատկերացնելը բարդ է։ Քանի դեռ Բաքուն և Երևանը չեն գտնում երկխոսելու տարբերակներ՝ ինչպես ուղիղ, այնպես էլ՝ միջնորդների օգնությամբ, չի լինելու հակամարտության կարգավորում։

– Մյունխենի անվտանգության կոնֆերանսի իր ելույթում ՀՀ նախագահն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը և Զանգեզուրը գրավելու հայտարարություններին, պահանջելով, որպեսզի Եվրոպան արձագանքի նման հայտարարություններին։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է սա իրատեսական պահանջ, ինչո՞ւ Եվրոպան չի արձագանքում նման հայտարարություններին, այդ արձագանքները կարող են զսպող նշանակություն ունենալ հակամարտության համար։ Այն, ինչ արվում է, բավարա՞ր է իրավիճակը վերահսկելու համար՝ ԵՄ-ի տեսանկյունից։

– Չեմ կարող ասել՝ բավարա՞ր է, թե՞ ոչ։ Ինչպես ասացի՝ նպատակը սրում թույլ չտալն է։ Ինչ վերաբերում է Մյունխենում հնչած պահանջին, ապա առանձին պաշտոնյաների, ԵՄ անդամ երկրների կողմից հայտարարություններ կարող են լինել, եղավ հայտարարություն, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայի արտգործնախարարության կողմից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ունի։ Իսկ Եվրամիությունը, ինչպես ասացի, այն աշխատանքից ավելին, որն անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործիքի միջոցով, չի անի, քանի որ հակամարտությունը զսպում է, իրադարձություններին գնահատական տալիս է Մինսկի խումբը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում Եվրամիությունը ներկայացված է Ֆրանսիայի միջոցով։

ՀՀ նախագահի հնչեցրած պահանջը հասկանալի է, նման հայտարարություններին արձագանքել պետք է, բայց եթե կա համապատասխան հարթակ, կառույցներ, խուսափում են միջամտել այդ հարթակի աշխատանքներին։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031