Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ «ԵԼՔ»-ի պատգամավորները պահանջեցին փաստաթուղթ, որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի եւ վերջին յոթ տարում ունեցել է մշտական բնակության վայր:
ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ձեռքի տակ եղած գրությունն ընթերցեց, ասելով, որ դա «պատկան մարմնի կողմից ներկայացված տեղեկանք» է, համաձայն որի՝ Արմեն Սարգսյանը միայն ՀՀ քաղաքացի է եւ մշտական բնակություն ունի:
Հովհաննիսյանը նշեց, որ տեղեկանքի պատճենը կտան «ԵԼՔ»-ի պատգամավորներին, մինչդեռ վերջիններից Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ինչո՞ւ այն կցված չէ կենսագրական փաստաթղթերին եւ իրենց ձեռքի տակ չէ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց. «Ես համաձայն եմ ձեր հարցադրման հետ, որ իրականությունն իմանալը կարեւոր է: Հիմա կտան ձեզ պատճենը»:
Ապա պարզվեց, որ տեխնիկական խնդրի պատճառով այդ տեղեկանքը կցված չէ մյուս փաստաթղթերին: «Տեխնիկական թերության համար նկատողություն կանեմ քարտուղարությանը»,-հայտարարեց Արա Բաբլոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ