ԱԺ-ում այսօր սկսվեց ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս օրը պատմական որակեց, քանի որ ԱԺ-ն առաջին անգամ ՀՀ նախագահ է ընտրելու: Ներկայացնելով թեկնածուին՝ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նա կյանքի բոլոր փուլերում հանդես է եկել որպես առաջամարտիկ՝ դպրոցից մինչեւ բուհ. «Զբաղվել է գիտական ու մանկավարժական ակտիվ գործունեությամբ, դասախոսել միջազգային բուհերում եւ գիտական հաստատություններում»: Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իրենց թեկնածուն արժանավոր է եւ պետք է կողմ քվեարկել:
Բաղդասարյանին հարց ուղղեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Թեկնածուին որոշակի պահանջներ են առաջադրվում, օրինակ` այն, որ նա միայն ՀՀ քաղաքացի պետք է լինի, մշտական բնակության վայր ունենա: Նման փաստաթուղթ չենք տեսնում: Մամուլի հրապարակումները վկայում են, որ նա մինչեւ 2014թ. եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Արդյոք ունե՞նք փաստաթուղթ, թե նա երբ է հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Կներեք, բայց այս պահին չկա փաստաթուղթ, որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի եւ վերջին յոթ տարում բնակվում է ՀՀ-ում»:
Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Կխնդրեմ քարտուղարությանը տրամադրել բոլոր փաստաթղթերը: Նա այդ տարիներին դիվանագիտական աշխատանք է կատարել, ինչը համարվում է, որ նա եղել է ՀՀ քաղաքացի»:
Փաշինյանը պնդեց. «Մի քանի անգամ հետաքրքրվել եմ քարտուղարությունից, բայց մեզ միայն կենսագրություն է տրվել: Անհապաղ՝ հենց հիմա պետք է ծանոթանալ այդ փաստաթղթերին»:
Բաղդասարյանն էլ իր հերթին պնդեց, որ օրենքով ինչ փաստաթուղթ պահանջվում է՝ առկա է եւ ներկայացված:
«ԵԼՔ»-ի պատգամավորներից Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ ինչ-որ ՍՊԸ-ի երեք տնօրեններից մեկը լինելու համար պետք է ունենալ քաղաքացիություն, իսկ Արմեն Սարգսյանը 12-14թթ. եղել է այդ ՍՊԸ-ի տնօրենը՝ Նազարբաեւի աղջկա եւ Չիլինգարյանի հետ, այսինքն՝ եղել է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի»:
«ԵԼՔ»-ի մյուս պատգամավոր Արտակ Զեյնալյանը շարունակեց՝ պետք է հերքվի Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելը:
Վահրամ Բաղդասարյանն էլ խորհուրդ տվեց՝ եթե իրենց չեն բավարարում ներկայացված փաստաթղթերը, կարող են հարցումներ կատարել կամ դիմել Սահմանադրական դատարան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ