Դեղերը դեղատոմսով ձեռք բերելու օրենքը կիրառելիս, «Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի» անդամ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանի կարծիքով, մի շարք խնդիրների ենք հանդիպելու, քանի որ այն կիրառության մեջ է մտնում բազմաթիվ բացթողումներով: Այդ բոլոր հարցերը, որոնք Գեւորգ Գրիգորյանը բարձրացրել է օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, անպատասխան են մնացել: Այս մասին ասաց պարոն Գրիգորյանը՝ հրապարակային հարցում ուղղելով առողջապահության նախարարությանը, որն այդ օրենքի հեղինակն է:
Պարոն Գրիգորյանը կարծում է, որ ունենալու ենք հերթական ձախողված նախագիծը, որը ոչ թե կբերի ոլորտի կանոնակարգման, այլ ոլորտի խեղաթյուրման:
Հիշեցնենք, որ այսօրվանից` մարտի 1-ից, բազմաթիվ անուն դեղեր դեղատներում կվաճառվեն դեղատոմսով, ինչն առաջացրել է հանրության դժգոհությունը: Առողջապահության ոլորտի պատասխանատուները պնդում են, որ դեղերը դեղատոմսով ձեռք բերելու մշակույթը կբարելավի բնակչության առողջության որակը, օրենքին ընդդիմացողներն էլ կարծիք են հայտնում, որ այս ոլորտում մեծանալու է կոռուպցիոն ռիսկը, մարդիկ նախապատվությունը տալու են ավանդական բժշկությանը, բացի այդ, շտապօգնության ծառայությունը կրկնակի, եռակի ծանրաբեռնվածությամբ է աշխատելու, ինչի հետեւանքով իսկապես հրատապ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիները տուժելու են:
Պարոն Գրիգորյանը հերթով թվարկեց այն մտավախությունները, որոնց առաջ կանգնելու ենք օրենքի կիրառության ժամանակ: Ըստ նրա՝ այս օրենքով ամրագրում ենք, որ բժիշկը պետք է ազդող նյութով դեղատոմսը գրի, բայց, ըստ նրա, նախ` պետք է ապահովված լինի, որ դաշտում վաճառքի առկա դեղամիջոցները միեւնույն ստանդարտի լինեն. «Սակայն մենք ունենք ընկերություններ եւ ներկրողներ, որոնք չունեն պատշաճ արտադրանքային գործունեության սերտիֆիկատ, այսինքն` դրանք արդեն իսկ ստանդարտից դուրս են: Երկրորդ` ամբողջ աշխարհով մեկ ապացուցված է, որ օրիգինալ դեղորայքն անհամեմատ գերազանցում է ջեներիկ դեղորայքին, այսինքն՝ եթե օրիգինալ մոլեկուլով դեղորայք կա, չի կարելի դա հավասարեցնել ջեներիկների հետ եւ ասել, որ բիոհասանելիությունը նույնն է, դա աշխարհում է ապացուցված: Օրենքը դա էլ չի սահմանում, որ լավ որակի դեղորայքը պետք է առանձնացվի: Ոչինչ որ թանկ է, բայց պետք է առանձնացվի, որպեսզի պացիենտը իմանա՝ ինքը ստանում է օրիգինա՞լ դեղորայք, թե՞ ջեներիկ. դա պետք է կարգավորվի»:
Ըստ Գեւորգ Գրիգորյանի՝ սույն օրենքով կարգավորված չեն նաեւ դեղատոմսի կորստի դեպքում բժշկի գործողություններն ու պացիենտի գործողությունները. «Մենք խոսում ենք կոռուպցիոն ռիսկերից. հաշվի առնելով միջազգային փորձը՝ օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ մարդիկ բարձր իրավագիտակցություն ունեն այդ հարցի շուրջ, մոտ 36 միլիոն մարդ չարաշահում է դեղատոմսերը, այսինքն` կրկնակի դեղատոմսեր են ստանում, դեղատոմսեր են վաճառում եւ այլն: Եթե մեզ մոտ կարգավորված չէ կորուստը, եւ պետական կառույցը, որը որ պատասխանատու է այս օրենքի համար, նշեց, որ դեղատոմսերի քանակը սահմանափակ չէ, ապա ի՞նչն է խանգարում պացիենտին, որպեսզի ինքը 5 դեղատոմս նույն դեղորայքով վերցնի եւ սկսի բաժանել իր ընկերներին, հարեւաններին: Դրանով մենք չենք պայքարում կոռուպցիայի դեմ, մենք բժշկին չենք ստիպում, որ նա կոռումպացված չլինի, դրանով մենք ուղղակի ստեղծում ենք կոռուպցիայի այլ ուղիներ, այլ աղբյուրներ»:
Մասնագետը նաեւ հարցնում է` ո՞վ է երաշխավորում, որ դեղագետը դեղատանը համաձայնության չի գա նույն դեղագործական ընկերությունների հետ եւ չի ուղղորդի պացիենտին. «Այսինքն՝ եթե նա է ուղղորդելու, բժշկի պարագայում բժիշկը պատասխանատվություն է կրում թե՛ դեղորայքի անցանկալի երեւույթների համար, թե՛ առաջացած բարդությունների, իսկ դեղագետը պատասխանատվություն արդյո՞ք կրելու է, կամ նրա կոմպետենցիայի մեջ մտնելո՞ւ է այդ պատասխանատվության չափը, թե՞ ոչ: Որովհետեւ եթե դեղից մարդը վատացավ, միեւնույն է՝ բժիշկն է պատասխանատվություն կրելու: Մեզ մոտ այդ հարցն էլ կարգավորված չէ»:
Օրենքը նաեւ չի կարգավորում` բժիշկն ինքն իրեն կարո՞ղ է դեղատոմս գրել եւ, եթե այո, ապա քանի՞ դեղատոմս ինքն իրեն կարող է գրել:
«Ես կարող եմ գրել ինքս ինձ 50 դեղատոմս եւ վաճառել իմ պացիենտներին` առանց պացիենտին գրանցելու, հետազոտելու եւ այլն: Կարգավորված չէ նաեւ անասնաբույժների կողմից դուրս գրվող դեղատոմսի ձեւը, որովհետեւ շատ դեպքերում կենդանիների մոտ կիրառվում է մարդու համար նախատեսված դեղորայքը` կլինի հակաբիոտիկ եւ այլն: Ընդունված որոշումով չկա նման դեղատոմսի ձեւ: Եվ շուտով մեր ընտանի կենդանիներ պահող քաղաքացիները շատ մեծ խնդիրների առաջ են կանգնելու, որովհետեւ անասնաբույժը չի կարողանալու իրենց դեղատոմս նշանակել»,- օրենքի բացերի շարքը թվարկում է բժիշկ Գրիգորյանը: Ըստ նրա՝ ոլորտի պատասխանատուները նշում են, որ միջազգային փորձի ուսումնասիրությամբ են նախագիծը ներդրել, սակայն հաշվի չի առնվել, որ բժիշկը Եվրոպայում, օրինակ, 50 հիվանդի զննելու համար ամսական ստանում է միջինում 2,5 հազար եվրո աշխատավարձ. «Եթե բժշկին չենք ապահովում համապատասխան աշխատավարձով, ապա ինչքանո՞վ է արդարացված նրան այդքան ծանրաբեռնվածության տակ դնելը: Օրենքը գրել ենք, հետո փորձում ենք հետեւանքները շտկել: Նման բացթողումներով օրենքները ռիսկ են ստեղծում, որպեսզի ամբողջ համակարգը շարքից դուրս գա, որովհետեւ դեղագիտությունը կամ դեղագործությունը առողջապահական համակարգից առանձնացված չէ, դա մեկ ամբողջական օրգանիզմ է, որը պետք է դիտարկել ամբողջությամբ` սկսած` ռեսուրսներից, պոլիկլինիկաների ծանրաբեռնվածությունից, շտապօգնության կայանների ծանրաբեռնվածությունից, վերջացրած նրանով, որ դեղագետը նույն կոռուպցիոն ռիսկերի մեջ է հայտնվում, ինչ որ բժիշկը, սակայն պատասխանատվության չափն այլ է»:
Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ պակաս կարեւոր խնդիր չէ նաեւ, օրինակ, այն, որ մեզ մոտ օրենքով արգելվում է չգրանցված դեղերի կիրառումը, սակայն կան մեծ թվով չգրանցված դեղեր, որոնք անհրաժեշտ են ուռուցքային հիվանդություններ բուժելու համար. «Մենք նշանակում ենք այդ դեղերը եւ նշանակելու ենք, որովհետեւ դա պացիենտի շահերից է բխում, ոչ թե չինովնիկների, դա պետք է կիրառել, որպեսզի պացիենտը ստանա բուժման արդյունք, առանց այդ էլ, ըստ վիճակագրական տվյալների, ուռուցքային հիվանդություններն աճ են ապրում Հայաստանում, բուժելիությունն էլ է աճ ապրում, բայց եթե մենք չունենանք դեղերի ամբողջ ռեզերվը եւ չկարողանանք նշանակել, ցուցանիշները շատ խիստ կնվազեն: Նման օրենք ընդունելուց առաջ նախ` անհրաժեշտ էր հագեցնել դեղատները, կլինիկաները համապատասխան, անհրաժեշտ պրեպարատներով, հետո նոր նման օրենք ստեղծել եւ կիրառության մեջ դնել»:
Ըստ նրա՝ մատնանշում են միջազգային փորձը, բայց, պարոն Գրիգորյանի համոզմամբ՝ այն էլ բավարար ուսումնասիրված չէ. «Բանավեճերի ժամանակ ինձ բերում են Դանիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի օրինակները, որոնք որ Սկանդինավյան երկրներ են եւ համարվում են ամենազարգացածները, մենք չենք ուսումնասիրել մեզ մենթալիտետով մոտ Իսպանիայի փորձը, որտեղ նման օրենքի կիրառման հետ մեկտեղ բժիշկը չի դադարել գրել դեղերի բրենդային անվանումները: Չենք ուսումնասիրել Մոլդովայի փորձը, որտեղ օրենքը կիրառման մեջ է դրվել, եւ երեք ամիս հետո սկսվել են քաղաքացիական անհնազանդություններ: Ինչի՞ ենք մենք գնում, գնում ենք նրան, որ ժողովուրդը սկսի բժշկին ծեծել, որ դե՞ղ գրի: Եթե մեկի ծնողը վատացավ, եւ նրան անհրաժեշտ է ներարկում, եւ դրա դեղատոմսը չկա, մինչեւ շտապօգնության հասնելը կամ դրա ուշանալու պարագայում յուրաքանչյուր մարդ, ով գնա իր ծնողի համար դեղ գնելու, եւ իրեն չտան, աֆեկտի տակ կոտրելու է դեղատունը, վնասի դեղագետին, որպեսզի վերցնի իր դեղը: Այսինքն` մենք ստեղծում ենք պայմաններ այս օրենքով, որպեսզի օրենքը խախտենք, իմաստը ո՞րն է օրենքը ստեղծելու, որը պետք է խախտվի կամ կիրառության մեջ չլինի»:
Գեւորգ Գրիգորյանի համոզմամբ՝ այս ամենը հող է նախապատրաստում դեպի պարտադիր ապահովագրությունը, սակայն հակառակը պետք է լինի:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
01.03.2018