Փետրվարի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում պարգևներ հանձնվեցին նախորդ տարի երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդ գործիչներին, երիտասարդական և ուսանողական կառույցներին, լավագույն ծրագրերին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը իր խոսքում կարևորեց երիտասարդների դերը մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Նա ընդգծեց ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդների խնդիրների լուծմանը։ «Հանրապետության Նախագահի ուշադրության ներքո իրականացվող մի շարք նպատակային ծրագրերի շնորհիվ մեծ աջակցություն է ցուցաբերվում երիտասարդներին։ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին», «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրերի միջոցով հազարավոր երիտասարդ շահառուներ ապահովվել են բնակարաններով։ Մատչելի պայմաններով տրամադրվող ուսանողական վարկերը հեշտացրել են կրթություն ստանալը։ Տարբեր հիմնադրամներ աջակցում են արտասահմանի լավագույն բուհերում ուսում ստացողներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը վերջին 7 տարիների ընթացքում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել է տարբեր թիրախային խմբերի ավելի քան 6500 ուսանողների ուսման վարձը։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում գիտությամբ զբաղվողների համար։ Հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհներն օգնում են քաղաքացիական հասարակության զարգացմանն ու լուծում ամենատարբեր խնդիրներ»,- ասաց պարոն Ավագյանը՝ վստահություն հայտնելով, որ այս ցանկը առաջիկայում ավելի ընդգրկուն է դառնալու։
Պարոն Ավագյանը պատվաբեր համարեց այն, որ ՀՀ Նախագահը ամեն տարի ներկա է գտնվում «Հայկյան» մրցանակաբաշխությանը և հանձնում հատուկ մրցանակները։ «Այս տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել բավականին հաճախ ներկա լինել ընդունվող որոշումների գործընթացին մեր երկրում և թիվ մեկ որոշում կայացնողի քայլերից մեկ բան եմ հասկացել` ցանկացած անլուծելի խնդիր իրականում լուծելի է, ցանկացած փակուղի թվացող իրավիճակ իրականում տաղանդավոր ելք ունի, ցանկացած վտանգ հմուտ ձեռքերում կարող է հնարավորություն դառնալ: Ես սա եմ տեսել ու սա եմ հասկացել տասը տարի և հավատացել ու հավատում եմ, որ հմուտ առաջնորդությունից բացի աշխարհը կփրկի նախ լավատեսությունը»,- ասաց պարոն Ավագյանը: Նա նաև ընդգծեց, որ մրցանակներ ստացողներն ու դահլիճում ներկաներն իրենց աշխատանքով ապացուցում են, որ «ամեն ինչ լավ է լինելու» մտածողությունը, արժեհամակարգը իրատեսական են, հաղթող։ «Այսօր մրցանակ ստացողներից շատերը իրենց աշխատանքի շնորհիվ մեզ պարգևել են հպարտության պահեր։ Այստեղ նստածներից շատերի համառությունից, նախաձեռնած գործի ծավալներից մենք զարմացել ենք։ Ոմանք էլ աննկատ, գլուխը կախ իրենց մասնագիտական պարտքն են կատարել՝ չմտածելով որևէ գնահատանքի մասին։ Ու բոլորը, վստահ եմ, ապրել, արարել են իրենց նպատակներն ու երազանքը կյանքի կոչելու հեռանկարով, «ամեն ինչ լավ է լինելու» ուղերձը հոգու խորքում պահելով ու ամեն ինչ լավ լինելու տրամադրությամբ մեզ վարակելով»,- ասաց Կարեն Ավագյանը։
Կ. Ավագյանի ելույթն ամբողջությամբ կարող եք տեսնել հետևյալ հղմամբ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն