Մարտի 1-ը չփակված էջ է, չհանգած ածուխ, որն արդեն 10 տարի մրմռացնում է հավասարապես թե՛ իշխանությանը, թե ընդդիմությանը, թե՛ հանրությանն ու հատկապես 10 զոհերի հարազատներին: Ողբերգական այդ իրադարձությունների բացահայտմանն աջակցելու նպատակով միջազգային հանրության պարտադրանքով եւ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2008-ին ստեղծվել էր փաստահավաք փորձագիտական խումբ, որն ուշագրավ բացահայտումներ արեց, թվով 5 զեկույց ներկայացրեց, սակայն կարճատեւ կյանք ունեցավ: Սերժ Սարգսյանի հրամանագրով 2009-ին լուծարվեց այն, պատճառը, իբր, խմբում ստեղծված ապակառուցողական մթնոլորտն էր, որն այլեւս անհնար էր դարձնում հետագա գործունեությունը:
Փաստահավաք խմբի՝ ընդդիմության կողմից նշանակված անդամ Սեդա Սաֆարյանը հետահայաց գնահատելով խմբի աշխատանքը, նշեց, որ Մարտի 1-ը, ըստ էության, բացահայտված է, սակայն պետք է խոսել այդ բացահայտմանը հաջորդելիք իրավական հետեւանքների մասին:
«Տեսեք՝ օրերս ԱԺ-ում ամբիոն բարձրացան զոհերի հարազատները եւ հայտարարեցին՝ ո՞վ է սպանել իրենց որդիներին: Այսինքն, անձը՝ սուբյեկտը, նրանց շրջանակը եւ բուն կատարող մարդն է զոհերի հարազատներին հետաքրքրում: Բոլորի համար էլ պարզ է, որ հանրապետության նախկին նախագահն է առնչվել այս ամենի հետ, բոլորին էլ հասկանալի է, որ դա օպերատիվ միջոցառում չէր, ինչպես փորձում են ձեւակերպել, դրանք եղել են մեծամասշտաբ գործողություններ, որոնց կապակցությամբ եղել է լուրջ նախապատրաստում, հետեւանքների գիտակցում եւ այլն, եւ այլն: Ես կարծում եմ, որ, այո՛, որեւէ մեկը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է, եւ մենք հիմա այդ իրավիճակում ենք. այդ ծառի ճյուղը երբե՛ք չի կտրվի: Մարտի 1-ը կմնա այսպես, եւ տարին մեկ, փետրվարի կեսերից կսկսեն վերհիշել այդ սպանդը, կսկսեն լսումներ հրավիրել, եւ մենք կունենանք նույն զրոյական արդյունքները: Մեր ողբերգությունը նաեւ այն է, որ Մարտի 1-ն անցնելուց անմիջապես հետո մոռանում ենք այն, եւ դրանով է պայմանավորված, որ պահանջատիրությունը մեզ մոտ չունի այն մակարդակը, որ կարողանանք հասնել նրան, որ իշխանությունը հարկադրված լինի պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ընդդիմադիրների պահվածքն էլ, այս առումով, եւս համաչափ է իշխանության դրսեւորած վարքին»,-ասում է Սաֆարյանը:
Նկատեցինք, որ փորձ է արվում Մարտի 1-ի պատասխանատվությունը կոտրել միայն մեկ անձի՝ նախկին նախագահի գլխին՝ մաքրելով մյուսներին, այդ թվում եւ այդ օրերին վարչապետ, հետո՝ ՀՀ նախագահ դարձած Սերժ Սարգսյանի: Բայց չէ՞ որ, երբ խոսվում է արդարադատության մասին, պետք է բոլոր մեղավորները պատժվեն՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության չափով: «Որեւէ մեկը չի ասում, որ մեկ անձը որոշիչ է այս հարցում: Ես գտնում եմ, որ ամբողջ ապարատին աշխատեցնելու համար քծնողների թիվն ավելի շատ է եղել, եւ կարելի է ասել՝ ոգեւորողների թիվն էլ է շատ եղել: Դրա համար պետք է ընդամենը ուսումնասիրվի, թե ոստիկանությունում փետրվարի 26-ից սկսած ինչպիսի միջոցառումների պլաններ են կազմվել, ում օգնությամբ, որոնք են այն ստորաբաժանումները, որոնք պատրաստակամ են եղել կատարել ապօրինի՝ ազգին վնասող, թուլացնող հրամանները: Այդ առումով կարծում եմ, որ միայն Քոչարյանի խնդիրը չէ, եւ արդար պետք է լինել այդ հարցում: Մեկ անձն այնքան էլ որոշիչ չի եղել այս հարցով: Մարդկանց նաեւ անտարբերությունը, նույնիսկ շրջապատի անտարբերությունը, նաեւ հաջորդող նախագահի մոտեցումներն այնպես չէ, որ արդարացնելու երագ են իրենց մեջ պարունակում: Հետեւապես, եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ դա մեկ անձի կողմից իրականացված գործողություն չէր, թեեւ բոլորի մոտ էլ իրականում ձեւավորվել է այն տպավորությունը, որ եթե նախագահը միանձնյա որոշել է, իրենք ի՞նչ կարող էին անել»,- արձագանքեց մեր զրուցակիցը:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում