ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե էնֆիաջյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու. «Նախագծի ընդունումը հակասում է ԵՏՄ անդամների որգեդրած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ՀՀ միջպետական պարտավորություններին, վտանգում է մեր պետության հուսալի գործընկերոջ միջազգային հեղինակությունը»:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Առաջին ընթերցմանը խորհրդարանի մեծամասնությունը կողմ է քվեարկել, նոր հասկացա՞ն, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերի: Ի դեմս խորհրդարանի մեծամասնության՝ գործ ունենք մի անհասկանալի քաղաքական համույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը»: Միքայել Մելքումյանը եւս զարմացավ ու ասաց. «Կարդացեք ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, ըստ որի՝ նշյալ հարցը վերապահված է ազգային օրենսդրությանը»:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հստակեցրեց. «Ես անձամբ այն ժամանակ չտեսա հակասություններ, երբ ուսումնասիրեցի փաստաթղթերը: Հետագայում խորհրդակցեցի իրավաբանների հետ ու հասկացա, որ միջպետական իրավական խնդիրներ կան: Դա հակասում է մեր երկրի ստանձնած միջպետական պարտավորություններին»:
Այսպիսով, քվեարկության արդյունքում նախագիծը չընդունվեց. կողմ քվեարկեց 34, իսկ դեմ՝ 62 պատգամավոր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ