Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հետախուզության պետը որոշում կայացրեց Ազատության հրապարակում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը թույլատրելու մասին

Մարտ 01,2018 10:34

«Մարտի 1-ի գործ». հետահայաց դիտարկումներ

Տասը տարի առաջ մարտի 1-2-ին Երեւանում զոհվեցին անկուսակցական Գոռ Քլոյանը` աճուկային շրջանում հրազենային վնասվածքով (մարմնից հանվել է Չերմոյուխա 7), անկուսակցական Տիգրան Խաչատրյանը` գանգուղեղային բաց վնասվածքով (մարմնից հանվել է Չերմոյուխա 7), անկուսակցական Զաքար Հովհաննիսյանը` որովայնի հրազենային վնասվածքով, հողագործությամբ զբաղվող Սամվել Հարությունյանը` գանգուղեղային բաց վնասվածքով, սանտեխնիկայի վերանորոգմամբ զբաղվող Հովհաննես Հովհաննիսյանը՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով, Արմեն Ֆարմանյանը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով (մարմնից հանվել է Չերմոյուխա 7), բենզալցակայանում հերթափոխի պետ աշխատող Գրիգոր Գեւորգյանը` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, ոսկերչությամբ զբաղվող Դավիթ Պետրոսյանը` թիկունքի հրազենային վնասվածքով, ոստիկանության զորքերից` մոտոհրաձգային գումարտակի առաջին վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան, հետմահու մայոր Համլետ Թադեւոսյանը քննությամբ չպարզված անձի կողմից պայթուցիկ սարքի պայթյունից բեկորային բազմաթիվ վնասվածքներով եւ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը՝ պարանոցի միջանցիկ հրազենային-գնդակային վիրավորմամբ:

Ի դեպ, փաստահավաք խումբը Համլետի, Տիգրանի մահվան հանգամանքների կապակցությամբ այլ մոտեցումներ է ունեցել:

Ինչպե՞ս պատահեց: Ի՞նչ էր կատարվում Երեւանում: Հնարավո՞ր էր այն կանխել:
Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում սկսվեցին հանրահավաքներ:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի, արտոնված էր միայն այդ օրվա հանրահավաքը, եւ դրա անցկացումը թույլատրվել էր հինգ ժամով՝ ժամը 17-22.00-ն: Դրանից հետո քաղաքապետարանը, ապա ոստիկանությունը սկսեց զգուշացումներ անել՝ կապված հրապարակում շուրջօրյա հերթապահության, երթերի, նստացույցերի, հանրահավաքներն անօրինական լինելու մասին:

Իրավապահ մարմինների արձանագրմամբ, փետրվարի 26-29-ն ընկած ժամանակահատվածում «իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ գործադրելու նպատակով՝ Ազատության հրապարակ են փոխադրվել մետաղյա ձողեր, փայտե, երկաթե մահակներ, դյուրավառ տարայով հեղուկ, պայթուցիկներ, որոնք թաքցվել են Ազատության հրապարակում տեղադրված վրաններում»:

Ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ «սադրիչ» գործողությունների նախապատրաստման, զանգվածային անկարգություններ կազմակերպվելու մասին:

Հիշեցնեմ, որ մարտի 1-ին քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը կայացրեց որոշում՝ ժամը 7-ին Ազատության հրապարակում օպերատիվ-հետախուզական միջոցառումը թույլատրելու մասին, խոսքն ըստ իրավապահների` տեղանքի հետազոտման մասին էր: Այս հարցը քննարկվում է ոստիկանության պետի տեղակալի մոտ հրավիրված օպերատիվ խորհրդակցություն ժամանակ:


Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 133 ոստիկանների, օպերատիվ աշխատակիցների հանձնարարվում է «տեղանքի հետազոտում» օպերացիան:
Ոստիկանությունն Ազատության հրապարակում «տեղակայում» է նաեւ «օժանդակ խումբ»՝ հասարակական անվտանգությունն ապահովելու պատճառաբանությամբ, խմբի կազմն էլ լինում է բավական պատկառելի քանակի` 602 ոստիկան:

«Տեղանքի հետազոտում» օպերացիան գլխավորում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանը, օպերատիվ-հետախուզականը` վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը:

Ոստիկանությունը պնդել էր, թե տեղանքի հետազոտման ժամանակ իրենց դիմադրություն են ցույց տվել առավոտ կանուխ վրաններում արթնացած միտինգավորները: ՀՔԾ-ի տեղեկատվական հաղորդման համաձայն, նշվել էր մոտ երեսունի անուն-ազգանուն: Բայց ինչպես. ահռելի քանակի ոստիկանների դե՞մ, մանավանդ, որ կրկին որոշում է կայացվել հենց տեղում, «օժանդակ» վեցհարյուրյակը Ազատության հրապարակում միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Ոստիկանության նախնական հաղորդման համաձայն՝ վնասվածքներ է ստանում երեսունչորս ոստիկան:

Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությանը հետագայում տրամադրած տեղեկատվության համաձայն, ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի ուժերը այդ տարածքում չեն եղել, փոխարենը գտնվել են Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի հրապարակում:

Դատարանում են հայտնվում մի շարք միտինգավորներ, որոնց նկատմամբ կայացվում են մեղադրական դատավճիռներ:

Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները գալիս են հատուկ պահպանության օբյեկտ, Ֆրանսիայի դեսպանատան մոտ` Մյասնիկյանի արձանի տարածք: Քիչ վերեւ հատուկ պահպանության երկրորդ օբյեկտ հանդիսացող ՌԴ դեսպանատունն էր:

Եթե հիշողությունս չի դավաճանում, ոստիկանության չորս աշխատակցի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ կանոնները խախտելու համար, եւ նրանց նկատմամբ ընտրվեց ստորագրություն խափանման միջոցը:
Ի դեպ, ստեղծված տարատեսակ հանձնաժողովները մինչ օրս կենտրոնացել են տասը մահացածների խնդրի վրա, մոռանալով գնահատական տալ նաեւ այդ ժամանակ իրադարձությունների ընթացքում մարմնական վնասվածքներ ստացածների համար էլ:
Ազատության հրապարակում ոստիկանների թվի մասին ասացի, իսկ ահա պաշտոնականն այդ տարածքի համար նշում է 22 քաղաքացիական անձի մասին:

Մյասնիկյանի արձանի մոտ պաշտոնապես նշվել էր մարմնական վնասվածքներ ստացած 35 քաղաքացիների եւ 187 ուժայինների մասին:

Ուշադրության արժանի է տուժող ճանաչվածների հարցը:

Հարուցված քրեական գործերով նախնական պատկերն այսպիսին էր. տուժող էր ճանաչվել 220 ոստիկան, 20 ցուցարար, 38 անձ, որոնց գույքն էր վնասվել:
Տասնմեկ անձ արդարացվել էր: Հետաքննությունս դեռ չի ավարտվել, այնպես, ինչպես նոր վկաներ հայտնաբերելու ուղղությամբ քննչական մարմինների անվերջ խոստումները:
Նոր վկանե՞ր, միգուցե ժամանակն է «կարեւորագույն վկաների» ներգրավումը սույն գործին` հանուն մահացածների եւ տասնյակ վիրավորների:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

01.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031