Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի հարցերը

Մարտ 01,2018 10:08

2008թ. մարտի 1-ի գլխավոր հանցագործությունը, բնականաբար, 10 հոգու սպանությունն է: Կիսում եմ հարազատների ցավը եւ կարծում եմ, որ այդ հանցագործությունը հնարավոր է բացահայտել: Բայց ենթադրենք (միայն ենթադրենք), որ հնարավոր չէ: Իսկ հնարավո՞ր է ստուգել` արդյոք մարտի 1-ի լուսադեմին մարդկանց վրա հարձակվելն արդարացվա՞ծ էր, չէ՞ որ պարզ էր, որ իրավիճակն աստիճանաբար գնում է լիցքաթափման, եւ Ազատության հրապարակում քնած մարդիկ որեւէ մեկի համար վտանգ չէին ներկայացնում: Եվ ամենակարեւորը՝ եթե նույնիսկ արդարացված էր, արդյոք ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ էին:

Հնարավոր չէ՞ պարզել, թե ովքեր են ձերբակալվել մարտի 2-ին եւ հետագա օրերին: Արդյոք այդ բոլոր մարդիկ կապ ունեի՞ն «զանգվածային անկարգությունների» հետ, դարձյալ՝ եթե ընդունենք, որ դրանք եղել են: Արդյոք մի քանի տասնյակ մարդու ձերբակալությունը պայմանավորված չէ՞ պարզապես նրանով, որ նրանք ղեկավարում էին ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբը: Արդյոք բոլոր դատվածները կատարե՞լ են իրենց մեղսագրվող արարքները:

Բնականաբար, ինձ հուզող խնդիրներից մեկը 2008թ. մարտի 1-ից 20-ը պետական գրաքննությունն մտցնելն էր: (Բարեբախտաբար, վերջին լսումների ժամանակ դրա վրա ուշադրություն դարձրեց գործընկերներից Լեւոն Բարսեղյանը): Գրաքննությունը Հայաստանում արգելված է թե՛ նախորդ եւ թե՛ գործող Սահմանադրությամբ: Իսկ որ դա գրաքննություն էր՝ ակնհայտ է. ի՞նչ է նշանակում պարտավորեցնել լրատվամիջոցներին տալ միայն պաշտոնական տեղեկատվություն: Այս պարագայում դա արդեն լրատվամիջոց չէ՝ պաշտոնական հաղորդագրությունների թերթիկ է: Ի՞նչ է նշանակում տպարանում «կագեբեշնիկ» նստեցնել, որը ստուգում է թերթի բովանդակությունը, եւ կա՛մ թույլ է տալիս, կա՛մ արգելում է տպագրել թերթը: Ի՞նչ է նշանակում արգելել պրովայդերներին տարածել լրատվամիջոցի համացանցային պարունակությունը: Ինձ թվում է` գրաքննությունն այլ կերպ չի լինում: Իսկ դա, իր հերթին, Սահմանադրության կոպիտ խախտում է:

Ուզում եմ ասել՝ Մարտի 1-ի հետ կապված, բացի բուն սպանությունների բացահայտումից, կան բազմաթիվ այլ հարցեր: Այդ հարցերը, բնականաբար, Ազգային ժողովի շոուներով չեն լուծվի: Դա բացարձակապես այլ ժանրի միջոցառում է: Դա չի նշանակում, որ ես փորձում եմ որեւէ մեկին մեղադրել «պայմանավորված խաղի» մեջ: Մտքովս անգամ չի անցնում: Ժիրինովսկուն եւ Սոբչակին նույնպես Կրեմլից չեն ասում, թե ինչպես է պետք «բանավեճի» ժամանակ գրավել հանդիսատեսի ուշադրությունը: Նրանք իրենց գործն առանց Կրեմլի էլ գիտեն:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Մի երազեք, թե հանցագործները իրենց ֆիզիկական կյանքի օրոք կդատապարտվեն:
    Պետության, Հայ ժողովրդի եւ նրանց շահերի դեմ ուղղված հանցագործությունները («Արմենի/Հայըստանում») չեն դատապարտվում:
    Առաջին ինկվիզիտորը՝ պետական գրաքննություն մտցնողը, «Անհայտ զինվորի (գրողի) օրագիրը» (Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը) եւ Լեւոն Տ.-Պետրոսյանը: Կարելի է սկսել սրանից, կամ էլ ՀՀ Դաշնությունից (ՀՅԴ)՝ «հայ ազգային» սոցիալիստական կուսակցությունից:

  2. Artur Lazarian says:

    Provider = ՄԱՏԱԿԱՐԱՐ

  3. Հ.Շ. says:

    Թոյլ տուէք մի այլ տեսանկիւն՝

    Անստոյգ շատ բաներ կան այս նիւթի կապակցութեամբ, սակայն մի բան պարզ ու յստակ է՝ իշխանութեան Մարտ 01-ի աղետալի գործողութիւնը, անակընկալ չէր:

    Եթէ ոչ փողոցում գտնուող բոլոր քաղաքացիները, վստահաբար՝ զանոնք առաջնորդող ու խթանողները, լաւապէս գիտէին – կամ պէտք է որ գիտնային – թէ այդ արիւնալի դէպքը տեղի էր ունենալու, եթէ իրենք վերջ չդնէին իրենց կազմակերպած, եւ առաջնորդած եւ հրահրած ապստամբութեան փորձին:

    Վերլուծման այս կէտից յետոյ, կը մնայ մի հարց՝ այդ ապստամբութեան ղեկավարների ծրագրին մաս կը կազմէ՞ր Մարտ 01-ը իսկ, թէ դա պարզապէս անատակութեան արդիւնք էր, կամ սխալ հաշիւ մըն էր, իրենց կողմէ:

    Խանգարիչ է այն իրողութիւնը թէ ապստամբութեան ղեկավարներից գոնէ մին, դժոխային պահուն, իր տունն էր: Առանց որ կոչ ուղէ ժողվուրդին որ իրենք ալ երթան իրենց տուները:

    Ամէն դէպքում, այսօր օրինական մտահոգութիւններ չունին ողբերգական յանգումի հասած այդ ապստամբութեան փորձի պարագլուխները: Նաեւ ընդհանրապէս ոչ ոք չի ուզում այս տեսանկիւնը հանրային կերպով պարզել: Մինչեւ իսկ զոհերի ընտանիքները երեւի չեն տեսնում խնդրին այս երեսը:

    Մնացեալը ուրեմն՝ ամէն մարդ իր խղճին հետ: Այդտեղ, շոու չկայ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031