Այս օրերին Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բուռն շինարարություն է ընթանում: Տարածքում աշխատում է ծանր տեխնիկա: Այս պահի դրությամբ այգու երբեմնի կանաչ հատվածներից միայն ծառերն են պահպանվել, այն էլ՝ ոչ նախկին տեսքով: Այգին չորս կողմից պաստառապատված է: Փակցված ցուցանակից այնքան էլ պարզ չէ, թե բարեկարգումից հետո կանաչ գոտին այգու որքան հատվածը կզբաղեցնի:
Սա մայրաքաղաքի այն հատուկենտ այգիներից էր, որտեղ չկային սրճարաններ կամ այլ զվարճանքի օբյեկտներ: Չնայած սրան՝ քաղաքային իշխանությունները վստահեցրել են, որ բարեկարգումից հետո էլ այստեղ արգելվելու է որեւէ ռեստորանի, սրճարանի կամ այլ զվարճանքի, առեւտրային օբյեկտի գործունեությունը: Հիշեցնենք, որ Իտալիայի, Բեյրութի, Խորենացու եւ Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին բարեկարգվում է Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առիթով: Այգին բարեկարգելու որոշումը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
28.02.2018