Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ-եւ»-ի քաղաքականությունն ինչի՞ն ենք ծառայեցնելու

Մարտ 01,2018 12:00

ԵՄ-ԵԱՏՄ մերձեցմա՞նն ենք նպաստելու,
թե՞ իրական բարեփոխումներ ենք իրականացնելու

Կդառնա՞ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի մաս

ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Երեւանն ու Բրյուսելը ստորագրեցին նաեւ Հայաստան-Եվրոպական միություն «Գործընկերության առաջնահերթությունների իրագործման» մասին փաստաթուղթը։

ԵՄ-ից վստահեցնում են, որ համաձայնագրի իրականացումը կոնկրետ օգուտներ կբերի քաղաքացիներին, այդ թվում՝ տնտեսական աճի աշխատատեղերի ստեղծման, անվտանգության եւ բնապահպանական չափանիշների բարելավման միջոցով, ինչպես նաեւ «ավելի արդար կանոնների ներդրման միջոցով, երբ դա վերաբերում է մրցակցությանը եւ պետական գնումներին»:

Համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի մաս է կազմել, ավելի ճիշտ՝ մեր հետագա գործողություններով մենք կապացուցենք, թե որքանով ենք քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու: Ինքնին համաձայնագրի ստորագրման փաստը խիստ կարեւոր է այն առումով, որ Հայաստանին ու ԵՄ-ին հաջողվեց այդ գործընթացը հասցնել դրական արդյունքի:

Եվրամիության հետ համաձայնագրի Հայաստանի ստորագրումը խիստ կարեւոր ուղերձ էր այն մասին, որ Հայաստանը ձգտում է մաս կազմել քաղաքակիրթ աշխարհին, այսինքն՝ դառնալ նոր արժեհամակարգի մի մաս: Իսկ մնացածը, ինչպես բազմիցս է ասվել, կախված է մեզանից:

Եթե «եւ-եւ»-ը հաղթանակ է

Իշխանական շրջանակները հաճախ են Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը ներկայացնում որպես Հայաստանի կողմից վարվող քաղաքականության՝ «եւ-եւ»-ի հաղթանակ: Հաջողություն, իհարկե, կարելի է համարել այն, որ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ միակ պետությունը, որը համագործակցության համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ:

Եթե Հայաստանը Եվրամիության հետ սկսել է մի գործընթաց, որը լայն հնարավորություններից օգտվելու առումով առարկայական է դառնալու, իսկ դրա համար անհրաժեշտ են լինելու իրական բարեփոխումներ երկրի ներսում, կնշանակի, որ Հայաստանն իսկապես «եւ-եւ»-ի շրջանակներում առաջ է ընթանում զարգացման ճանապարհով:

Սակայն վերջին շրջանում Ռուսաստանում, ինչպես նաեւ եվրոպական երկրներում, «թրենդային» է դարձել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության անհրաժեշտության մասին տեսակետը: Եվ այստեղ Հայաստանն էլ կարծես ձգտում է իր «լուման» ներդնել՝ շարունակաբար հայտարարելով, թե Հայաստանը կարող է «կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ»:

Նախ` սկսենք նրանից, որ եթե իսկապես օրակարգային հարց դառնա ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցությունը, ապա հազիվ թե բանը հասնի Հայաստանից՝ որպես «կամրջի» օգտվելուն: Եվրոպացի ու ռուս պաշտոնյաները, վստահաբար, առանց Հայաստանի էլ կիրականացնեն քայլեր:

Բայց այստեղ առավելապես կարեւոր է մեկ այլ հարց՝ Հայաստանն իսկապե՞ս ցանկանում է գնալ զարգացման եվրոպական ուղով, ինչի հնարավորություններ տալիս է ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը, թե՞ նախընտրում է շարունակաբար հայտարարել «կամուրջ» դառնալու պատրաստակամության մասին՝ առանց գործնական բարեփոխումների իրագործման Հայաստանի ներսում: Եթե երկրորդն է նախընտրելի, ապա կստացվի, որ Հայաստանն իր «եւ-եւ»-ի քաղաքականությունն առավելապես ծառայեցնում է ԵՄ-ԵԱՏՄ մերձեցմանը նպաստելուն:

Ադրբեջանից տարբերվելու հարցում Հայաստանին անհրաժեշտ են իրական բարեփոխումներ

Վերջին տարիներին Ադրբեջանի նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքի փոփոխության մասին շատ է խոսվել: Վերջին շրջանում, սակայն, նկատելի է, որ ԵՄ-ն ձգտում է նաեւ Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման: Եթե մինչ այժմ Հայաստանը, այսպես ասած՝ առաջնային դիրքերում էր եւ Ադրբեջանից շահեկանորեն տարբերվում էր, ապա հիմա Ադրբեջանից տարբերվելու հարցում Հայաստանին անհրաժեշտ են լինելու իրական բարեփոխումներ եւ գործնականում դրանց կիրառումը: Միայն այդ կերպ ալիեւյան ավտորիտար ռեժիմից Հայաստանը կտարբերվի:
Իսկ մինչ այդ ԵՄ-ն ու Ադրբեջանը քայլեր են իրականացնում՝ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: ԵՄ-ն, ակնհայտորեն, իր պայմաններն է առաջ քաշում: Մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում կայացավ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ի դեպ, այս հանդիպմանը եվրոպացի պաշտոնյան անդրադարձավ ԼՂ խնդրին՝ շեշտելով, որ Եվրամիությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին եւ կակտիվացնեն բանակցային գործընթացը: «Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում նախագահների մակարդակով հանդիպումների վերսկսումը կարեւոր զարգացում է, եւ մենք կուզենայինք, որ կողմերը հետեւեն իրենց պայմանավորվածություններին՝ բանակցային գործընթացն առավել ինտենսիվ դարձնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ստատուս քվոն, մեր կարծիքով, կայուն չէ: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան: Եվ մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու առաջարկներին»,- ասել էր Մոգերինին:

Ղարաբաղյան խնդրից բացի՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը եվրոպական կողմը բարձրացրել էր նաեւ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Ապրիլին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից առաջ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ դա շատ կարեւոր խնդիր է Բրյուսելի համար: «Մենք քննարկեցինք ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Սա մեր փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամուր հիմքն է, Եվրամիությունը մշտապես ընդգծում է, որ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք իրագործումը կենսական նշանակություն ունի: Սա նշանակում է՝ հաշվի առնել այն խորհուրդները, որ տրվել են ընտրությունների կազմակերպման, հանրահավաքների ու մամուլի ազատության վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ կենսունակ քաղաքացիական հասարակությունն առանցքային նշանակություն ունի ժողովրդավարության համար, եւ կշարունակենք մեր աջակցությունն այս ուղղությամբ»,- նշել էր Ֆեդերիկա Մոգերինին:

Հավելենք նաեւ, որ այս հանդիպման նախօրեին իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ՝ Human Rights Watch-ը եւ Amnesty International-ը, ԵՄ պաշտոնյաներին կոչ արեցին Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման օրակարգի առանցքային հարց դարձնել այդ երկրում ընդդիմության դեմ հալածանքների ու մարդու իրավունքների ոտնահարման թեման: «Հրատապ է, որ Մոգերինին Մամեդյարովին զգուշացնի՝ անարդար դատապարտվածներին ազատ չարձակելը, քաղաքացիական հասարակության սահմանափակումները վտանգի տակ են դնում Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրերը, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը խողովակաշարերի կառուցմանը»,- շեշտել էր Amnesty International-ը:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 28.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031