Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

Մարտ 01,2018 14:30

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Կովկասի հարցերով
հատուկ ներկայացուցչի ինստիտուտի գոյությունը՝ հարցականի տակ

Վիեննայում փետրվարի 21-24-ն անցկացված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում ադրբեջանական պատվիրակության անդամների մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ, հրաժարական տվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ)՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենինը:

«Առավոտի» հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց:

01Այն, որ Քրիստին Վիգենինը Հարավային Կովկաս այցի ընթացքում հանդիպել է նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահի եւ թալիշեցիների հետ, ադրբեջանցիները, այսպես ասած, ծանր են տարել: Այս առիթով նրանք հակափաստարկներ են ներկայացրել նաեւ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ: Հայտարարել են, թե ԼՂ-ն չճանաչված պետութուն է:
Մեր հարցին՝ արդյոք Քրիստին Վիգենինը դրա՞ համար է հրաժարական տվել, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ոչ: 2017-ի ամռանը Մինսկի համաժողովի ժամանակ Վիգենինն ընտրվեց քաղաքական կոմիտեի զեկուցող: Ստացվեց մի իրավիճակ, երբ ինքը պետք է համատեղեր այդ երկու պարտականությունները, ինչը դեռ այն ժամանակ որոշակի հարցադրումների տեղիք տվեց, թե որքանով է հարմար: Այնուամենայնիվ, Վիգենինը սկսել էր իր աշխատանքը որպես Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ»:
Տիկին Նաղդալյանը հայտնեց՝ սկզբունքը, որը պնդում է նաեւ հայկական կողմը եւ կարեւորում ԵԱՀԿ-ն, այն է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը տեսնում են միայն այն ձեւով, որ ԽՎ ներկայացուցիչները, որոնք ուզում են այս խնդրով զբաղվել, իրենց շփումները պիտի անեն ԼՂ ներկայացուցիչների հետ:
Այս մոտեցումը կիսում էր նաեւ Վիգենինը: Տիկին Նաղդալյանից հետաքրքրվեցինք՝ արդեն նոր ներկայացուցչի թեկնածություն կա՞: Հերմինե Նաղդալյանը պատասխանեց՝ ոչ. «Խնդիրը դեռ քննարկման չի դրվել: Կարծում եմ՝ դա կլինի ամառային նստաշրջանի ժամանակ՝ Բեռլինում: Շատ կարեւոր է հենց Վիգենինի մոտեցումն ու կարծիքը, որը բարձրաձայնեց քաղաքական կոմիտեի նիստի ժամանակ, բոլոր երկրների ներկայացուցիչների ներկայությամբ, որ ինքն առանձնապես այնքան էլ նպատակահարմար չի տեսնում այս պոստի գոյությունը: Ինքը քաղաքական կոմիտեի զեկուցող է եւ իր կարծիքին հետամուտ է լինելու»:

Հետաքրքրվեցինք՝ պարոն Վիգենինն իր ելույթում նաեւ քննադատությո՞ւն է հնչեցրել Մինսկի խմբի հասցեին, տիկին Նաղդալյանը պարզաբանեց. «Չէի ասի, որ դա լոկ Մինսկի խմբի հասցեին քննադատություն էր: Վիգենինը գրել էր, որ այսօր միջազգային հանրությունը ջանքերը կենտրոնացնում է ոչ թե հակամարտությունը լուծելու խնդրի վրա, այլ խաղաղություն պահպանելու կամ ուժի չկիրառումը պահպանելու ուղղությամբ: Սա շատ լուրջ հարցադրում է, որն ուղղված է ողջ միջազգային հանրությանը: Ուղղված է նաեւ նրան, որ մեր բարձրաձայնումներն այն մասին, որ Ադրբեջանը զինվում ու սպառազինվում է, եւ իր սպառազինությունների պաշարների լիմիտներն անգամ գերազանցած են, որ այս զենքերը բերվում են հատուկ ԼՂ դեմ պատերազմում օգտագործելու համար, ու դրան միջազգային հանրությունը ականջալուր չի լինում՝ այդ թվում նաեւ համանախագահները»:
Տիկին Նաղդալյանի փոխանցմամբ՝ Վիգենինի մյուս հարցադրումն այն էր, թե որքանով է տրամաբանական ունենալ Հարավային Կովկասի կամ կոնկրետ ԼՂ հարցերով հատուկ ներկայացուցիչ, երբ հատուկ ներկայացուցչի գործիքակազմը բավականին սահմանափակ է. «Մենք էլ ենք պնդում ու հաստատում, որ եթե ԵԱՀԿ ԽՎ-ն ուզում է մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացին, պիտի կարողանա հակամարտության բոլոր կողմերի հետ հարաբերվել եւ վեր կանգնի որեւէ մեկի ազդեցությունից եւ ճնշումներից: Ուստի Ադրբեջանի մոտեցումն արդեն չի նպաստում նրան, թե կլինի՞ հատուկ ներկայացուցիչ, թե՞ այլ դերակատարություն, դա կարող է ապագա կամ հեռանկար ունենալ»:

Հերմինե Նաղդալայնը նշեց, որ այս հարցով հայկական պատվիրակությունը սկզբունքային դիրքորոշում է հայտնել ու ասել, որ եթե ԵԱՀԿ ԽՎ-ն որոշեց՝ իր ներկայացուցիչը կամ ԼՂ կարգավորման հարցով զբաղվող անձինք իրականում չպետք է հակամարտության բոլոր կողմերի հետ շփվեն, ապա շատ ճիշտ կլինի, որ մենք այդ դաշտը թողնենք համանախագահներին, որոնք իրականում կարողանում են աշխատել հակամարտության բոլոր կողմերի եւ ԼՂ հասարակության հետ: Ըստ տիկին Նաղդալյանի՝ եթե ԽՎ-ն ուզում է խորհրդարանական թրենդն այստեղ խորացնել, ապա սկզբնակետը Բիշքեկի՝ 1994-ի արձանագրությունն է հրադադարի մասին, որը ստորագրել են երեք պետությունները, այդ թվում նաեւ ԼՂՀ ներկայացուցիչները:

Տիկին Նաղդալյանին խնդրեցինք պարզաբանել՝ ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել նստաշրջանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակների մասնակցությամբ: Տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Միջադեպ չի եղել: Ադրբեջանական պատվիրակության անդամ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիեւը փորձում էր արդարանալ: Մեր մոտեցումն է՝ այսօր հարց բարձրացնել այդ մասին, որ ԼՂՀ-ն չճանաչված պետություն է եւ նրա խորհրդարանի հետ գործ չպետք է ունենալ, ժամանակավրեպ մոտեցում է: 1994-95-ին հենց Ադրբեջանը, ստորագրելով հրադադարի պայմանագիր, որի տակ դրվել է ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահների եւ Ադրբեջանի ստորագրությունը, այդ ժամանակ ճանաչել է ԼՂՀ-ն: Այնպես որ, սա արդեն գնացած գնացք է»:
Հարցին՝ արդյոք ադրբեջանցի պատվիրակները դժգոհե՞լ են՝ նշելով, թե Հայաստանի պատվիրակները չեն կարող ԼՂՀ տերմինն օգտագործել, քանի որ այն միջազգայնորեն չճանաչված պետություն է, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «ԼՂ տերմինն օգտագործելու համար որեւէ մեկին մեղադրել չեն կարող, քանի որ ԼՂ-ն կամ ԼՂ հակամարտությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ ԵԱՀԿ կողմից ընդունված բառապաշար է: Ոչ թե ասել են՝ ինչու եք օգտագործում ԼՂՀ, այլ ասել են, թե ինչու պետք է հատուկ ներկայացուցիչը հանդիպում ունենա ԼՂ ներկայացուցիչների հետ: Կամ եթե ուզում են ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպում ունենալ, դա կարող են միայն անել Ադրբեջանի համաձայնութամբ: Դա սկզբունքային դիրքորոշում է, եւ դա մենք ունեցել ենք նախկինում: Քրիստին Վիգենինին ներկայացրել ենք, որպես մեր նախապայման, մեր պատկերացումն այն գործունեության մասին, որ հատուկ ներկայացուցիչը կարող է ունենալ: Մեր պայմանավորվածությունները նույնպես այնպիսին են, որ հատուկ ներկայացուցիչը իր այցի շրջանակներում հանդիպում պիտի ունենա ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչների հետ: Սա մեր սկզբունքն է: Բանավեճը հենց սրան էր վերաբերում: Եթե խոսքը մեղադրանքների մասին է, ապա Ազայ Գուլիեւն ինքն էր արդարանում, արդարացնում Իլհամ Ալիեւին՝ ասելով, թե իրենց նախագահն այսպես չի արտահայտվել, այնպես չի արտահայտվել»: Հավելենք, որ Իլհամ Ալիեւին արդարացնելու համար Ազայ Գուլիեւն անգամ հայտարարել է, թե ինքը սյունեցի է եւ չի կարողանում վերադառնալ իր ծննդավայր:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

28.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031