Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիները 1 տարում 272.1 մլն դրամի ներդրումները տարել են Հայաստանից

Մարտ 01,2018 14:00
pox

Երեկ Երեւանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը: 15 անգամ նման նիստ անցկացնելը քիչ չէ, դրանք ենթադրում են, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն ամեն նիստից հետո նոր մակարդակի վրա կդրվեն, ավելի շատ ներդրումներ ու առեւտրաշրջանառություն կլինեն եւ այլն:

Իրանի ազատ առեւտրի գոտիների գերագույն խորհրդի ներդրումների եւ բյուջեի պլանավորման գլխավոր վարչության պետ Մոհամեդ Ռեզա Աբդոլ Ռաֆիմին երեկ ներկայացնելով Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ արտահանման եւ ներմուծման ցուցանիշները՝ ասաց, որ դրանք իրեն չեն գոհացնում: Ընդ որում, Իրանից Հայաստան ներմուծումը գրեթե կրկնակի շատ է, քան Հայաստանից Իրան ապրանքների արտահանումը:

Պարոն Ռաֆիմիի ներկայացրած տվյալներով՝ ՀՀ-ից Իրան արտահանումը նախորդ տարի կազմել է մոտ 75 միլիոն դոլար, իսկ Իրանից Հայաստան 165 միլիոն դոլար է. «Ձեր ընդհանուր արտահանումը Իրան 3.2 միլիարդ դոլար է կազմում, սա քիչ գումար է, իսկ օտարերկրյա արտադրանքների ներմուծումը Իրան կազմում է 43 միլիարդ դոլար, բնականաբար՝ 75 միլիոնը սրա դիմաց ոչինչ է»,- ասաց Ռաֆիմին:

Իրանը խթանում է տեղական արտադրությունը եւ տեղական արտադրողի շահերն է պաշտպանում, այսինքն՝ շատ ապրանքների մուտքն այդ երկիր բարդ է, ոչ մրցունակ եւ նույնիսկ անհնար: Այնուամենայնիվ, իրանական մեծ շուկայում կան բաց շուկաներ օտարերկրյա արտադրողների համար: Հարցին՝ Իրանի շուկան օտարերկրացիների համար բա՞ց է, ի՞նչ ապրանքներ կարող են, օրինակ, հայերն այդ երկիր արտահանել, պարոն Ռաֆիմին հստակ պատասխան չտվեց: Նա ակնարկեց, որ այդ խնդիրը հայերը պետք է լուծեն, այսինքն՝ նստեն՝ ուսումնասիրեն, պարզեն, թե ինչ ապրանքներ կարող են Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանեն:

«Բնականաբար, եթե հայ գործարարները ցանկ կազմեն, թե ինչ ապրանքատեսակներ են ներմուծվում մեր երկիր, այդ ապրանքատեսակների հիման վրա իրենց ուսումնասիրությունն ունենան, այդպես կակտիվանան, «մարկետինգ ռեսըրչինգ» պետք է ունենաք: Եթե գործարարների նպատակն ուղղակի իրանական շուկան է, այդ ձեւով կարող են աշխատել, բայց եթե միայն իրանական շուկան չի, այլ նաեւ տարածաշրջանի 400 միլիոնանոց շուկան, սա պետք է հաշվի առնեն ու արտադրեն այս շուկայի համար»,- ասաց պարոն Ռաֆիմին:
Պաշտոնական վիճակագրությունը հայ-իրանական, այսպես ասած՝ արտահանման-ներմուծման մասին այնքան էլ խոսուն չէ: Որքան էլ խոսվում է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, Հայաստանից Իրան արտահանման ծավալները, կարելի է ասել, «կրիայի քայլերով» են աճում:
Օրինակ՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշների՝ 2016-ին ՀՀ-ից Իրան արտահանման ծավալը կազմել է 75 միլիոն 253 հազար դոլար, իսկ 2017-ին մեր երկրից Իրան արտահանումը կազմել է 84 միլիոն 152 հազար դոլար: Մեկ տարվա աճի տեմպը կազմել է 1.8%: Ընդ որում, 2016-ին 2015-ի համեմատ Իրանի հետ առեւտրաշրջանառությունը նվազել է 15%-ով: Իրանից Հայաստան ներմուծումը 2016-ին կազմել է 151 միլիոն 115 հազար դոլար, 2017-ին՝ 169 միլիոն 766 հազար դոլար, աճի տեմպը մեկ տարում կազմել է 2.3%:

ԱՎԾ տվյալներով՝ օտարերկրյա ներդրումները 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությունից կատարված ներդրումների ծավալը կազմել է 220.4 միլիոն դրամ, 2017-ին Հայաստանից Իրան է հոսել ոչ միայն այս 220.4 միլիոն դրամը, այլեւ հավելյալ 51 միլիոն դրամ: Ըստ ԱՎԾ-ի՝ ընդհանուր առմամբ մեկ տարում իրանցիները նախկինում կատարած իրենց 272.1 միլիոն դրամ ներդրումները տարել են Հայաստանից:

Այս բացասական ցուցանիշից էլ պարզ է դառնում, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հիմնված չեն երկարաժամկետ ու զարգացման միտումի վրա, հակառակ դեպքում իրանական ներդրումները մեր երկրում պետք է ավելանային, ոչ թե նվազեին:

Հիմա անդրադառնանք այդքան շատ թմբկահարվող ազատ տնտեսական գոտուն, երկու կողմերն էլ կարեւորում են այն: Երեկ իրանցի պաշտոնյաներն անդրադառնալով դրան՝ նշեցին, որ Արաս եւ Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցությամբ իրանցի ներդրողները շահագրգռված են: Այս գոտին իրանցիների համար ճանապարհ է դեպի ԵԱՏՄ եւ ԵՄ շուկաներ:

Պարոն Ռաֆիմին երեկ ասաց, որ Իրանում 7 ազատ տնտեսական գոտի կա, որոնցից 4-ը Կասպից ծովին հարակից են, ինչը գործարարներին ելք դեպի ծով մեծ հնարավորություն է: Սակայն ուշագրավ է, որ իրանական ազատ տնտեսական գոտիներից որեւէ մեկում հայ գործարարները գործունեություն չեն ծավալում: Պատճառը իրանցի պաշտոնյան չգիտեր:
Մեզ հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատեց՝ ազատ տնտեսական գոտիներից երկրի օգուտը զբաղվածությունն է, ինչը մեր երկրի համար շատ կարեւոր է: Զբաղվածությունից զատ, ըստ տնտեսագետի, հավելյալ օգուտ չկա, այսինքն ՝ այդ գոտիներից հարկային մուտքեր չես կարող ապահովել: «Փորձը ցույց է տալիս, որ այդ գոտիներում խոշոր արդյունաբերական ծրագրեր չեն լինում, փոքր արտադրություններ են, ընդ որում՝ որեւէ երկրից այդ գոտում արտադրություն ծավալող գործարարն աշխատուժն էլ իր հետ է բերում: Գերագնահատել պետք չէ այդ գոտիների՝ տնտեսության զարգացման վրա ազդեցությունը: Ես չեմ ասում, հանրահայտ տնտեսագետ Մայքլ Պորտերն է ասում՝ ամենահիմար ռազմավարությունը ազատ տնտեսական գոտիների վրա հիմնվածն է, դա կարճաժամկետ կյանք ունի: Ազատ տնտեսական գոտին դրական էֆեկտ կտա, բայց շատ փոքր, այն մեր բյուջեի վրա, ըստ էության, ազդեցություն չի ունենա»,- ասաց Մանուկյանը:
Տնտեսագետն անդրադառնալով ՀՀ-ից Իրան արտահանման փոքր ծավալներին եւ իրանցի պաշտոնյայի այն դիտարկմանը, որ հայ գործարարները պետք է ուսումնասիրեն իրենց շուկան՝ նկատեց. «Հայաստանում մի շարք պետական հիմնադրամներ են գործում, որոնք կոչված են նաեւ արտահանումներին նպաստելու: Այս հիմնադրամները պետք է իրանական շուկան ուսումնասիրած լինեին եւ մեր գործարարներին տեղեկացնեին, թե ինչ ապրանքներ կարող են արտահանել: Իրանը, կարելի է ասել, մեր ռազմավարական դաշնակիցն է, այս երկիրը Արցախի հիմնահարցում հայանպաստ դիրքորոշում ունի: Հնարավորություն կա նաեւ տնտեսական ոլորտում լուրջ զարգացումներ ունենալու, ինչի ուղղությամբ կարծես թե բավարար չեն աշխատում»: Տնտեսագետն առաջարկեց մի քանի ուղղություններ, որտեղ Հայաստանը կարող է լավ դիրքավորվել: Դրանցից կարող են լինել առողջապահության եւ կրթության ոլորտները, սրանք մեր երկրում բավականին որակյալ են, եւ մեծ պոտենցիալ կա: Այսինքն՝ նշված ոլորտներում մրցունակ ծառայություն առաջարկել իրանցիներին:

Տնտեսագետը հիշեցրեց մեր անմիջական հարեւան Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացման եւ զարգացման հարցում ՀՀ-ի թերացումներից մեկն էլ. «Երբ Իրանի վրայից հանվեցին պատժամիջոցները, եվրոպական երկրները տնտեսական համագործակցության նախագծեր ներկայացրեցին, Հայաստանից՝ ոչ մի հատ: Մինչդեռ մենք կարող էինք նաեւ միջանկյալ գործառույթ ունենալ Իրանի եւ այլ երկրների միջեւ, այ այստեղ մեր պետությունը պետք է գեներացնողը լիներ եւ այդ ծրագիրն առաջ մղողը»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

28.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031