Լրահոս
Օրվա լրահոսը

Ակուստիկայի գիտական կենտրոնի հիմնադիրը դատի է տվել կառավարությանը

Մարտ 01,2018 13:30

Հիվանդանոց կառուցելու պատճառաբանությամբ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնում» սկսվեցին շինարարական աշխատանքներ, որոնց մասին սրտի կաթված տարած տարեց գիտնականն իմացավ հիվանդանոցում:

Փորձ արվեց պահպանել տարածաշրջանի բացառիկ կենտրոնը, դիմեցին կառավարությանը, կրթության եւ գիտության նախարարությանը, անգամ երկրի նախագահին: Տարիների ընթացքում ձեռք բերված մեծարժեք սարքավորումները, «հույժ գաղտնի» փաստաթղթերը, ավաղ, շինարարության ժամանակ տեղափոխվեցին, ցրիվ եկան շինաղբի մեջ:

Ակուստիկայի կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Առաքելյանը, նրա ներկայացուցիչ փաստաբան Լիաննա Բալյանը ստիպված էին դիմել վարչական դատարան: Հայցվորի պահանջը մեկն է՝ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող 1253.5քմ մակերեսով շենքը եւ 0.07966 հա հողամասն օտարելու մասին ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1126-Ա որոշումն անվավեր ճանաչելը:

Դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ մեկնարկած նախնական դատական երկրորդ նիստին ներկայացավ գնորդ Տարոն Տոնոյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը:
Վարչապետի հանձնարարականով նախնական դատական նիստին լիազորագիրը ներկայացրեց նաեւ Արկադի Պետրոսյանը՝ պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչը:

Տեղեկացանք, որ հունվարի 24-ին հայցվոր կողմը ներկայացրել էր միջնորդություն հայցի ապահովում կիրառելու մասին, այն է՝ դադարեցնել շինաշխատանքները, սակայն դատարանի որոշմամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու միջնորդությունը մերժվել էր:

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ՝ անցյալ տարվա դեկտեմբերի 5-ի «Առավոտում», նոր սեփականատերը նոյեմբերի 15-ից սկսել էր շինարարական աշխատանքները: Մեր այցի ժամանակ շենքում առկա էր դեռ խորհրդային ժամանակներից կառուցված «ստացիոնար հակաարձագանքային էկրայնացված հատուկ նշանակության ակուստիկ խցիկը», որը հնարավոր չէ առանձնացնել այդ շենքից եւ տեղափոխել այլ տարածք: Այն դեռ տեղում է: «Ընկերության գիտատեխնիկական եւ փորձարարական բազան միակն է տարածաշրջանում, հայտնի է իր հագեցվածությամբ գիտատեխնիկական միջոցներով, դրանց զգալի մասը, չնայած ձեռքբերման վաղեմությանը եւ հաշվեկշռային զրոյական արժեքի, արդիական է, գերազանց պահպանված է եւ գործում է անխափան: Կենտրոնի հակաարձագանքային գերխլացված խցիկում (սեփական հեղինակային մշակում), իրականացվում էին ակուստիկ գործոնի քանակական եւ որակական հատկանիշների ճշգրիտ մոդելավորումը եւ վերարտադրումը»,-տեղեկացրել էր անվանի գիտնականը:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս ընթացքում որոշ փաստաթղթեր հասցրել են տնօրինել, քանի որ կենտրոնում բազմաթիվ փաստաթղթեր կային, որոնց վրա առկա էր «հույժ գաղտնի» գրությունը:

Հայցվոր կողմը, ինչպես նաեւ նիստի «նորեկները» պնդեցին, թե մեկ նախնական դատական նիստի անհրաժեշտություն կա, քանի որ գործի որոշ փաստաթղթերին դեռ չեն ծանոթացել:
ՀՀ կառավարության կողմից վարչապետի հանձնարարականով դատարան էին ներկայացվել պետգույքից տարածքն օտարելու մասին վարույթի բոլոր նյութերը:
Դատավորը տեղեկացրեց, որ վարչական գործին կցվեցին Տարոն Տոնոյանի իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Հաջորդ՝ ապրիլի 23-ին նշանակված նիստին նախապատրաստվելու համար կողմերին տրամադրվեցին պայմանագրերը, գրավի հիմքերն ու կրիչը: Հայցվոր գիտնականն ու նրա ներկայացուցիչը չբացառեցին, որ հայցի ծավալը կփոխվի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031