Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանաչված պարուհին բժիշկ-կոսմետոլոգ կաշխատի

Մարտ 01,2018 13:00

Անժելիկա Դավթյանը մտադիր չէ մինչեւ ընդհանուր հիմունքներով
թոշակի անցնելը մնալ առանց ապրուստի միջոցների:

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը ստեղծման օրվանից (1987թ.) հանդիսատեսին գրավեց բազմաժանր պարացանկով: Հայկական ազգային պարն այս անսամբլի միջոցով ներկայացվեց դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Բացի ժողովրդական, հայ դասական կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություններով բեմադրված ու աշխարհի ժողովուրդների պարերից, ներկայացվել են նաեւ համարներ Մոցարտի, Բորոդինի, Էլթոն Ջոնի, Կարլ Օրֆի եւ այլ օտարազգի կոմպոզիտորների երկերի հիման վրա: Եվ այս ամենը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում:

Կարելի է պատկերացնել, թե ինչ բարձրակարգ ու բարձրարվեստ պետք է լինել՝ արժանանալու այս կոլեկտիվում մենապարողի կարգավիճակին: Համերգային ծրագրերում, այդ թվում՝ Կոմիտասի «Ծիրանի ծառ», Սայաթ-Նովայի «Էշխեմեդ», «Աշխարհումս…», Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայից «Պոլովեցյան պարեր» բեմադրություններում որպես մենապարուհի հաճախ ենք հանդիպել Անժելիկա Դավթյանին:

Լուսանկարը՝ Արթուր Սարգսյանի

«Առավոտի» տեղեկություններով, ապրիլի 27-ին Ազգային օպերային թատրոնում կայանալիք անսամբլի համերգային ծրագրում պարուհին հանդես կգա պրեմիերայով՝ Չարենցի խոսքերով, Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ «Լուսամփոփի պես աղջիկ» մեհրաբյանական բեմադրությամբ, որն էլ ըստ էության նրա վերջին բեմելն է՝ 23 տարի անընդմեջ անսամբլում ստեղծագործելուց հետո: Ի դեպ, այս պարուհու մասնագիտական բարձր որակներից բացի, հաճախ նշվում է նաեւ նրա խելացի եւ հեռատես լինելու մասին. Անժելիկա Դավթյանը «Բարեկամություն» անսամբլ ոտք դնելուն զուգահեռ սովորել է բժշկական ինստիտուտում, ստացել էնդոկրինոլոգի մասնագիտություն: Տարիներ անց, հիմա էլ սովորում է նույն բուհում: Մեզ հետ հանդիպման ժամանակ պարուհին հաստատելով մեզ հասած լուրը, հայտնեց, որ բժշկականում երկրորդ մասնագիտությունն է ձեռք բերում՝ մաշկաբանություն եւ լրիվ դասընթացն ավարտելուց հետո արդեն կաշխատի որպես բժիշկ-կոսմետոլոգ: Ժպտալով էլ հավելեց, թե դա էլ մշակույթ է՝ գեղեցկացնում ես մարդկանց:

Դիտարկմանը՝ իր որոշ գործընկերների օրինակով ցանկություն չունի՞ աշխատել պարուսույց կամ հիմնել պարի ստուդիա, ինչու չէ՝ հանդիսանալ գեղարվեստական ղեկավարի օգնական, մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե ոչ միշտ է, որ պարողը, բալետի արտիստը՝ նույնիսկ բարձրակարգ, կարող է լավ դասատու կամ պարուսույց լինել: «Պարարվեստը հրաշալի ոլորտ է, բայց հասկանալի պատճառով՝ սահմանափակ ստեղծագործական ժամանակով: Ես ինձ չեմ տեսնում դասատուի կամ պարուսույցի դերում»,- հավելեց պարուհին: Գերմանիայում «կարճատեւ» բեմական կյանք ունեցող արվեստագետին (պարող, բալետի արտիստ) պետությունը նյութապես օժանդակում է՝ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով, իհարկե՝ պայմանով, որ արվեստագետը նոր մասնագիտությամբ որոշակի ժամանակ պետք է աշխատի իր երկրում: Մեզ մոտ նրանք թոշակի են անցնում ընդհանուր հիմունքներով, այսինքն՝ բեմին հրաժեշտ տալուց հետո երկար տարիներ մնում են առանց ապրուստի միջոցի: Բայց, ինչպես ասում են՝ սա այլ օպերայից է…

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Արթուր Սարգսյանի

«Առավոտ»

28.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031