Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ զարմանքը

Մարտ 01,2018 12:30

Երեսուն տարի անց…

Սումգայիթյան եւ ոչ միայն սումգայիթյան, ծնված ու չծնված, զոհված  հայազգի մանուկների հիշատակին:

«Մարդը ժամանակակից աշխարհում ոչինչ է, սոսկ հպարտ հնչմունք: Իսկ այդ հպարտ հնչմունքը պետք է աշխարհի հզորներին՝ միլիոնավոր պարզամիտ մարդկանց հիմարացնելու համար: Այդ պատճառով էլ քաղաքականությունը բարբաջանք է ազատության մասին: Արվեստը երկու երրորդով զվարճացնող աղբ է, անիմաստ իմաս  տակում եւ սեքս»:

Յուրի Բոնդարեւ

 

«Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների   այս հանցավոր հովտից այն կողմ»:

Քորլիս Լամոնթ

Ձեր աշխարհում ես դեռ ապրելու էի: Խաբկանքներով տարվելու եւ իմ գոյության խաղը խաղալու էի: Ձեր պաշտամունքկուռքերին ձեր նման պաշ տելու եւ անհրաժեշտ պահին ձեր նման քարկոծելու էի: Ձեր ամենօրյա արա ծըն` իմ համար չեղավ: Ու հիմա չկամ ես, մարդիկ,  հիմա ես չկամ:

Այդ օրը: Այդ սարսափելի եւ մղձավանջային օրը…

Դավոոո՜:

Մայրս էր, որ գաղտագողի ինձ էր  մոտեցել եւ դիտում էր իմ խաղը: Իսկ ես, ինչպես միշտ, չարչարանքով ու դժվարությամբ կապանքներից ազատվել, տոտիկներս բարձրացրել պինդ բռնել եմ, եւ այդպես, առաստաղին հայտնված թեւերը բաց ու խուփ անող թիթեռն էի տնտղում. առաջին անգամ էի տեսնում, շատ հետաքրքիր էր: Իսկ հիմա թիթեռների մասին շատ գիտեմ. այստեղ՝ անդրշիրիմյան աշխարհում, շատ կան եւ տարբեր են ու տարբեր էլ ապրել են՝ թիթեռ կա՝ մի օր է ապրել, կա՝ մի շաբաթ, մի ամիս… իսկ ես ընդամենը երեք ամիս ապրեցի:

Ճիշտն ասած, ես շատ եմ նեղանում, երբ մայրս Դավի՛թը կրճատում, «Դա վո՜» է սարքում: Բայց միշտ էլ այնպիսի ժամանակ է ասում, երբ իրեն անչափ կարոտում եմ ու ջղայնանալ չեմ կարող: Հիմա էլ, արդեն երկար ժամանակ է, ինչ արթնացել եմ, բայց դե, չեմ լացում: Ոչ թե նրա համար, որ մի քիչ համբերատար ու ծանրակշիռ մարդ եմ (նաեւ թմբլիկբոքոնիկ եմ. տարիքիս անհամապատասխան մեծ եմ երեւում), այլ որ մայրս մեղք է, շատ է չարչարվում: Դե, ես էլ մեկ-մեկ գժություն եմ անում, գիշերները տեղի-անտեղի ղժժոցս դնում եմ, ու այնպես էլ կոշտ ձա՜յն ունեմ, դրա համար էլ աշխատում եմ ցերեկ ները մորս չչարչարել:

Դավոոո՜:

Ես իմ մտորումները, կապված առաստաղից կախված, թեւերը բաց ու խուփ անող թիթեռի հետ՝ չէի ավարտել, երբ մայրս երկրորդեց կանչը: Այդպիսի պահերին այնպիսի՜ ոգեւորություն է իջնում վրաս, պառկած տեղս այնպե՜ս եմ թռչկոտում, ուրախ-ուրախ թպրտում, կապույտ ու մեծ-մեծ աչքերս այնպե՜ս են պսպղում, ասես, այն համբերատար ու ծանրակշիռ մարդը չլինեմ:

Գիտեմ է, ախր: Դեռ չէի հասցրել թաթիկներս մեկնել, երբ մայրս ինձ գիրկն առավ, եւ լիքը, տռուզ կուրծքը դեմ տվեց ինձ: Չգիտեմ, մորս բուրմո՞ւնքն էր, թե՝ կենարար ու սննդատու, ինձ մե՜ծ բավականություն պատճառող, նաեւ ծնողական դրվածքն ու սովորությունները, ժառանգական գեները մարդուն աստիճանական ներարկող մայրական կաթն էր պատճառը, որ այդպիսի աննկարագրելի երանություն ու հանգստություն էր հաղորդում ինձ: Եւ ինչքա՜ն հաճելի էր, ես, մորս լիքն ու տռուզ ստինքը բերանիս, ինձ հասանելիք մայրական կաթն էի երանորեն ծծում, մեկ-մեկ ուղեկցելով գլխիս կտրուկ եւ ուժեղ թափահարումներով, իսկ մայրս, ինձ գրկին, աչքերը կիսախուփ, մտքերն՝ այս աշխարհի ու մեր փրկությանը պահ տված, ամուսին ընտանիք, ինձ նման որդի ունենալու մտքից թալկացած ու երանության մեջ… ապրո՛ւմ էինք:

Այդպես ինչքա՞ն անցավ, չգիտեմ, բայց մեկ էլ դռան շրխկոցը լսեցի: «Հայրս է»: Մտածեցի, բայց չբարձրաձենեցի, դե, չէի էլ կարող, քանի որ այն ժամանակ խոսել չգիտեի: Ինքնամոռաց ես իմ «գործն» էի շարունակում, երբ խուլ թխկոց լսվեց, մայրս թույլ ու անզոր ճչաց, «ա՛հ» արեց, ինձ ուժեղ, համարյա թե շնչահեղձ լինելու չափ սեղմեց իրեն, եւ խոնարհվեց խանձարուրիս: Կարելի է ասել, անզոր ընկավ վրաս, բայց այն ժամանակ ինձ թվաց, թե խոնարհվել է: Ես…զբաղված էի: Ես, կեղտոտ խաղերի մեջ կորած աշխարհի մանկամիտ մանչուկս, անհաղորդ ու անտարբեր նյութվող դավերին, «գործս» էի շարունակում: Չգիտեմ՝ ժամանակն ինչքա՞ն երկարեց, բայց զգացի, որ մորս ստինքը սմքել ու կուչ է եկել, կաթն անսպասելի սպառվել է, եւ ես էլ…շնչահեղձ եմ լինում:

Մայրս սիրուն, երկար գիսակներ ուներ: Ամեն անգամ, երբ հայելու դեմ կանգնած, երկար ու կանոնավոր սանրվում էր, ապա ես, պլշուն աչքերս հառելով մորս, անքթիթ ու անթարթ մազերն էի դիտում: Կամ թե չէ, երբ գիշերները տեղի-անտեղի ղժժում էի, եւ մայրս կիսաքուն վեր էր կենում գալիս ինձ հանգստացնելու, եւ գլուխը դնելով խանձարուրիս՝ մեկ-մեկ քնով էր անցնում, ապա ես արագ-արագ, կտրուկ շարժումներ եմ անում (չլինի՞՝ արթնանա), թաթիկներս կապանքներից ազատում եւ տանում ու մտցնում եմ մորս գիսակների մեջ: Ու դա այնքա՜ն լավ էր, այնպիսի՜ հանգստություն էր իջնում վրաս, որ ես կպարտավորվեի ամբողջ կյանքում լաց չլինել, միայն թե մայրս գլուխը դներ խանձարուրիս, եւ ես էլ ինքնամոռաց խաղայի նրա տաք, փափուկ գիսակների հետ…

Մորս գիսակները եկել, ծածկել էին ինձ, նա ամբողջ ծանրությամբ ճնշում էր եւ, ես շնչահեղձ էի լինում: Այնպես մութ էր, այնպես վախենալի: Դե, ես հիմա եմ խոսում, այն ժամանակ խոսել չգիտեի, որ ասեի.

Մամ, մի քիչ բարձրացիր, խեղդվում եմ, ախր:

Նեղսրտվելուց էր, թե ինչ. թաթիկներս տարա եւ մխրճեցի մորս գիսակները: Տարա ու… սարսռացի: Ասես, լպրծուն ու հեղուկ նյութի մեջ էի կոխել: Եւ նոր միայն զգացի, որ, ախր՝ խանձարուրս, դեմքս, գլուխս, մարմինս… լրիվ թաթախված է այդ հեղուկով, շրթունքներիս էլ մի ձեւի դառնաղի, բայց շատ ծանոթ ու մի տեսակ տաք համ է իջել: Գիսակները երեսիցս դեն տվեցի, այնպես, որ լույս լինի եւ թաթիկներիս մտիկ տվեցի. նրանք ամբողջովին ծածկված էին բալի գույնով: «Արյուն է», անցավ մտքովս եւ, եթե կարծում եք, թե ես չգիտեի ինչ բան է արյունը, ապա սխալվելուց բացի, նաեւ չեք ճանաչում մեզ՝ նորածինմանուկներիս, որ նույնն ենք, ձեր նման հասուն մարդ ենք՝ միայն խոսել չգիտենք:

Ինչպես արդեն ասել եմ, ես շատ առողջ ու փարթամ տեսք ունեի, եւ մայրս, երբ ինձ թիկն էր տալիս բարձին, եւ ես, մինչեւ անկողնուս հասնող բարձ րությունից հպարտ, փափլիկ ու թմբլիկ թաթիկներս մի ձեւի կանթած (սովորություն էր) շուրջս էի տնտղում, ապա հայրս ուրախ ու մի տեսակ ոգեւորությամբ կսմթելով «էն տեղս», մորս էր դիմում.

Մի տես ի՜նչ տղա ունենք, է՛, Դավիթ, որ Դավիթ:

Երեւի այդ փարթամ լինելս էր, որ ծննդիս ժամանակ մայրս իմ երեսից անասելի տանջանք ու չարչարանք կրեց: Դե, եթե ճիշտն ասեմ, ես էլ էի տանջվել. մարմինս այնպես նվվում էր, այնպես ջարդված ու հոգնած էի: Բայց լացս, որ լույս աշխարհ ոտք դնելս էր ազդարարում, հեչ էլ այդ ցավով չէր պայմանավորված: Իմ ցավը ուրիշ բան էր: Այդ … արյունը, որ այն ժամանակ էլ զգում էի շրթունքներիս: Իմ ցավը՝ մորս ցավն էր: Իմ ցավը այդ արյունն էր, որ մորս այդպես ցավ էր պատճառում: Եւ այդ ժամանակ էր, որ դեռեւս աշխարհի լավն ու վատը չտարբերող, մթնդած ու անկատար ուղեղումս խրվեց ու մնաց այս միտքը. արյունը՝ ցավ է, ցավը՝ արյունով պայմանավորված…

Որ արյունը, որտեղ էլ այն երեւաց, լավ բան խոստանալ չի կարող: Ու լացս բողոք էր՝ ընդդեմ արյան:

Արյունը տեսա, թե չէ, ինձ կորցրեցի, սկսեցի աղիողորմ, կոկորդ պատռող լաց դնել: Իսկ մայրս լուռ ու անշարժ էր, ինձնից անկախ թաթիկս տարել, քսում էի երեսին, եւ զգացի, որ նա սառն է: Արտասուքներս խեղդում էին, լացում էի ու մտքումս անդադար կրկնում.  «Դե աչքերդ բացիր, մամ, վախե նում եմ, ախր»:

…Հանկարծ միանգամից թեթեւացա (մորս դեն էին շպրտել ինձանից), եւ շնչելը հեշտ դարձավ: Աչքերս բացեցի, որ տեսնեմ՝ ով է, բայց քանի որ ամբողջապես թաղված էի մորս արյան մեջ, ապա աչքերս արյունից կսկծացին եւ նորից փակեցի: Այնպես արագ փակեցի, որ չհասցրեցի էլ տեսնել՝ ով է, միայն աչքիս ծայրին մի մազմզոտ ձեռք ընկավ: «Հա՜յրս է»՝ անցավ մտքովս, եւ ես խաղաղվեցի ու նաեւ զգացի, որ օդում եմ: «Հենց այդ է, հա՜յրս է»՝ ավելի վստահ եղա ես, քանզի արդեն սովորություն էր դարձել. ամեն անգամ, երբ այդպես ուժեղ ու աղիողորմ լացում էի, հայրս ինձ բարձրացնում, եւ մի քանի անգամ օդ թռցնումգրկում էր: Դա ինձ սփոփում էր եւ անպայման ձենս կտրում էի խաղաղված-կարեւոր՝ ես սիրված եմ:

Վախի՞ց էր, թե կասկածից, աչքերս բացեցի եւ տեսնեմ՝ ես ներքեւ եմ գահավիժում: Սկզբում զարմանքս չէի կարողանում զսպել ու անսահման էր՝ հայրս, այս անգամ ինձ օդ թռցնելուց, ինչո՞ւ չգրկեց:

Այսպես միամտորեն մտածում եւ ցած էի սահում, երբ՝ ո՜վ զարմանք ու զարհուրանք, հայրս՝ արյունլվա, անշարժ պառկած էր շենքի շքամուտքի առաջ, եւ մեկն էլ կքանստել ու կոկորդին լերդացած արյան միջից ոսկե խաչն էր անշտապ ու համբերատար դուրս քաշում: Հիմա եմ մտածում՝ խաչը հանում էր՝ կրելո՞ւ: Դա բացառվում էր, քանզի ինչպես նոր եմ հասկանում, արյունը հորս պարանոցին լերդացել էր այդ խաչին հավատ ընծայելու համար: Ուրեմն, հանում էր ձուլելու եւ միայն ու միայն սովորությանն  ու հավատ դառած ցանկասիրությանը հագուրդ տալու՝ թառելու էր դեղնած ու բորբոսնած դիմացի ժանիքներին, որպեսզի հերթական անգամ խրախճանքի ժամանակ անմեղ ու պարզ փայլի… արեւելքի եւ…  արեւմուտքի շողերից:

Աչքերս չռած այդ տեսարանն էի դիտում, երբ զգացի, որ գետնին եմ ծեփվել, եւ մի բութ ցավ անտանելիորեն տարածվում է ծոծրակիցս մինչեւ կրունկ ներս,  քթիցս ու բերանիցս էլ արյուն է հոսում…

…Ու մինչեւ հիմա էլ տեսնում եմ հորս խեղանդամված մարմինը, ջախջախված գլուխը, մորս արնաշաղախ շորերը: Մինչեւ հիմա էլ տեսնում եմ, ինչպես են հորս ու մորս ոտքերից բռնած քարշ տալիս բակի կենտրոնը, ինչպես են ինձ շպրտում կահկարասիով, հորս ու մորս, ուրիշների դիակներով, բենզախառն տախտակներով կույտի մեջ: Եւ ես չեմ մոռանա բարձրահարկ շենքերի պատշգամբից ու պատուհանից կախված մարդկանց հետաքրքրասեր ու… անտարբեր հայացքները՝ ուղղված մեզ վրա: Իսկ մենք՝ ես, հայրս, մայրս, ուրիշները… վառվում էինք: Վառվում ու ածխանում էինք, փոշիանում ու կորչում էինք՝ հիմա մեր հետքն էլ չեք գտնի:

Վառվում ու թեթեւանում էի: Թեթե՜ւ-թեթե՛ւ: Եւ դա շոշափելի աստիճանի այնպես էր տեսանելի, որ հանկարծ զգացի՝ բարձրանում եմ վեր:

Ու հիմա ես ձեզ հետ չեմ, մարդիկ: Հիմա ես շա՜տ վերեւում եմ, եւ այստեղից ամեն ինչ շա՜տ պարզ է երեւում: Հիմա ես ընդհանուր ոչինչ չունեմ ձեր ու ձեր ստեղծած աշխարհի հետ: Ձեր մշուշ ու մրուրի մեջ կորած աշխարհի, ձեր իրականը հերքող ու սեփական մտացածինը մատուցող, սուտ ու սխալ աշխարհի հետ: Ձեր աշխարհի, որտեղ «ոմանք» «մնացածներին» ուզում են տեսնել միայն որպես անմիտների ու ռոբոտների: Որտեղ արդարությունը միշտ էլ երկսայր սուր է եղել, եւ որտեղ մարդասիրության տակ, ձեր աշխարհին ընթացք տվողները, մարդկությանը միայն հերձվածների են ցանկանում վերածել:

Չսիրեցի ձեր աշխարհը: Ձեր լուռ ու մթին, ձեր դաժան ու անգութ, ձեր կուռ ու կուշտ, սոված ու թափառող աշխարհը: Ձեր անտարբեր, առնող-ծախող, անողնաշար ու լպրծուն, զարդ ու զիբիլի մեջ կորած, հազար ու մի նյութված դավեր պարունակող փուչ աշխարհը: Ձեր աշխարհը, որտեղ մեկն անարդարութունից՝ եռում, եփ է գալիս, իսկ մյուսը՝ խանդավառված ծափ է զարկում: Որտեղ մեկը համարձակորեն իր կծվահոտն է տարածում շրջապատին, իսկ մյուսը՝ սեփական մաքրությունից է նեղվում:

Ու հիմա զարմանում եմ: Ձեր վրա: Ձեր վրա, մարդիկ, որ ամենօրյա ձեր տաղտկալի գոյություններդ եք աշխատում պահել: Որ ամեն  անգամ պառկելուց, հագուստներդ այդպես հոգատար ծալծլում  (չլինի՞, թե ծալը կոտրվի) ու նոր եք կախում: Ձեր վրա, որ չլինի՞՝ ճաշն անհամ է ստացվել: Որ ամենօրյա ձեր արեւածաղիկն եք չրթում ու կողքի թքում, հավաքներում իրար կոկորդ եք կրծում, տրանսպորտի հետեւից եք հեւասպառ վազում: Եւ ինչպե՞ս, ու՝ ինչո՞ւ չեք հոգնում:

Ես ձերնմանների վրա եմ զարմանում, որ ճեփճերմակ վերնաշապիկի օձիքը  գրկող փողկապի հանգույցն անընդհատ կենտրոն բերելով՝ ինքնամեծար ու չտեսնող, ամբիոնին եք մոտենում, ձեր… սրտացավ, ու ծակ, հերթական խոստումները կարդալու:

Ձեր վրա, երբ վերցնելուց ու հաղթելուց, այդքան կսկիծ ու արյուն տեսնելուց հետո, դեռ փորձում եք տալչտալու մասին մտորել: Ձեր վրա, որ այդքա՜ն՝ զոհերի, լլկանքի, կորստի, վշտի ու ցավի գնով Հաղթանակը տարել, սակայն՝ հեղհեղուկ ու փոփոխական, ընչաքաղց ու նյութին գերի, փառասեր ու քաղքենի, ստրկամիտի ու ճորտի՝ դրսից արյուն մղված… մեր կերպարով, Հաղթանակը մեջտեղ դրել, ու երկատվածի ջղագարությամբ՝ փնովում ու կասկածում ենք անասելի զրկանքներով ձեռք բերված… մեր Հաղթանակը՝ Փոխզիջենք:

Ժամանակ առաջ չորեքթաթ-խնդրող պարտվածին…փոխզիջենք մեր հաղթանակը, քանզի նա հիմա զգացել է մեզ թուլացնող-թուլացրած մեր մերկ-ընչաքաղցի անհագ-նյութապաշտությունը, եւ մեր անոգեղեն-հոգեկան թուլությունը՝ վերքին անընդհատ քսվող աղի նման իր անհամ հոխորտանքներով է փորձում պնդացնել մի բան պոկելու նման՝ եւս մեկ անգամ մեր պատմության մեջ մեզ նույն հոգեպես-կոտրվածին բերելու՝ վիզը ծուռ-լալահառաչ ցեղասպանված խնդրողի նույն կարգավիճակին. քանի ե՛ս կամ, միշտ կողքի՛դ եմ՝ դու վերելք չես ունենալու. ոգեղեններիդ մի մասը մնացին այնտեղ՝ հնձված են, եւ շիրիմների տակ են, մյուսներդ, հեռացել են՝ հեռո՜ւ-անհունությունում են, իսկ նյութապաշտներիդ խորթ է ոգեղենությունը, նրանք ճկուն լեզվով-ճապաղ մտքով-նյութին գերի՝ քոքից ծվատում են սեփական մոր ծիծը. նրանք ուղիղ քայլել չեն սիրում, եւ ժամանակի մեջ տոն են տալիս, ու պարտությունդ հենց նրանք են կերտելու:

Ձեր վրա, որ գիտակցաբար, թե անգիտակից, արժեքը՝ վերարժեւորել, եւ նյութապաշտ-ճապաղ մտքով, ընչաքաղց-քաղքենի, նյութին գերի-գլամուրային ինտրիգաններիդ՝ մտավորական… եք փորձում կարծել, իսկ «մտավորականներն իրենք»՝ ժամանակի շունչը յուրահատուկ հոտառությամբ նորի՛ց զգացել, ու ծպտվել-պպզած են, եւ կրթվածի խելացի-ստահակությամբ, «արդեն» հոգեհարազատ դարձած միմիայն «մի բան են» յուրացրել-գիտեն, ու մեջքին «չընկնող» «ինքնուրույնի»«անհատի» շապիկի մեջ են կաղապարվել նորից՝ թքա՛ծ, բարձր գո ռալ չի կարելի, չի թույլատրվում, սակայն հպարտի չէ՝ ինքնամեծար-եսասեր գոռոզի «անհատի»«ինքնուրույնությունը» դրսեւորվել է «պահանջում», եւ փառով պատված միմյանց վրայով շքռելու «մրցակցելու» «անհրաժեշտությունը կա», ու «այդ գործին» լավ ենք տիրապետում՝ իզուր չեն մեզ բուռ-բուռ համքարությունների մեջ ներառել՝ բուռ-բուռ լավ-կառավարվող, եւ միմյանց շան տաժների ու ինտրիգների մի նո՜ր սար դոստայնով ենք ծածկելու. դա էլ գործ ու կեցվածք է… ժամանակի մեջ:

Ու, ամեն մշակույթիդ գործիչը չէ, որ մտավորական է, եւ ոգեղեն-Թռիչք ու ընդվզող- Մռնչոց է պատկերում, ու ճախրել ու մռնչալ է տալիս, եւ գետնաքարշ-նյութին գերի՝ անխոս գրպանվում-մեռնում է, ու ստեղծածն է մեռած ստեղծում, սպանո՛ւմ է ոգեղենությունդ, թռիչք չի հուշում, անհատին-Քաղաքացուդ մեռցնում-մեռած է պահում՝ պայծառ-Գեղեցիկի վրա չի հուշում, ազատության չի դրդում, դավաճանում է աշխարհքի ստեղծումից ի վեր իր հողին պինդ նստած ջերմ գրկած խաղաղ-խիզախ իր երկրագործի կերպը դարձած արարմունք ազատ-խիզախ մշակույթին, ու նրան՝ իր երկրագործի, գենի մեջ դրված խաղաղ-հաղթողի պատմական կոդն է խեղում, թուլության է մղում, ապրել չի տալիս, վհատության, գոյատեւության է մղում՝ նյութից կախված, ու արանիքոչին է տեղ տալիս, եւ անգիտակցաբար՝ գլուխը ողորմածորեն նրա յաթաղանին է դեմ տալիս՝ չի մռնչում ու չի ճախրում, թուլաթափ է անում մնացածին՝ բավարարվենք, դա՛նթ մտնենք, նիրհենք, ծուլանանք, եւ… թուլացած՝ փոխզիջենք պարտվածի հաթաթաներին, զիջենք մեր ունեցածը:

Ու հավը, թխսկանը, իր ճտերի համար տարածք է ման գալիս քուջուջ անելու համար, ազատ շնչելու համար, բայց մեզ ճամփի կեսին նիրհը պատել է, նյութը խեղդում է չտես-չտեսած քաղքենու նման, ու մենք զարմացած ենք մեզանից, եւ ուրիշի՝ մեր ուսին թփթփոցներից՝ մեզ ճանաչում են… եւ ուրիշի ոգեւորություններին ականջներս սկսնակի նման կախել ենք՝ վեցհազարամյա պատմությունը չունենք, ու սկսնակի նման մեր խորքին դեռ անծանոթ մեկեն մարդամեջ ելածի նման մենք զարմանում ենք մեզանից՝ մեզ ճանաչում են, ոգեւորվում ենք մեր ուսին նրա ու նրանց ոգեւորող-դրդող թմփթմփոցներից, ու խորքից եկող՝ մեր լեզուն, մեր կեցվածքը,  մեր կերպը, մեր մշակույթը, իսկ ամենակարեւորը, հաաա՜ կիսաճամփին թուլացած-ընչաքաղցի թուլամորթ պատմությունը մոռանում ենք նորից, ու մեր պատմիչներին, մեր թուլամորթների ձեռքով՝ ընչաքաղց-քաղքենի, նորից, այս էլ որերորդ անգամ, լացուկոծի, լացուկականի գրիչն ենք դնելու ձեռքներին, այդպիսի ժամանակներ էր… մեր խելքից՝ թույլ էինք, վհատ էինք, մեր մեջ ընչաքաղցներ սողոսկեցին մեկեն որտեղից որտեղ քաղքենի-երեսպաշտ-թուլամորթ, եւ նորից խաբվեցինք արանիքոչին, ու մեր հաղթանակը նրանց զիջեցինք, որ էս անգամ փոխզիջման փողի տակ էին փողում: Որովհետեւ, չգիտեինք ոգեղենությունն ի՛նչ բան էր, ուրիշի-օտարի տակ խելոք-համեստ-խոնարհ պպզած ճորտի-ստրուկի հոգեբանությունը դեռ իսպառ չէինք թոթափել՝ լուռ-անդեմ կատարածուն էինք նրանց «խիստ» ու «պահանջկոտ» հայացքների, եւ, կատարածու լինելով, նաեւ սրտացավ չէինք մեր ինչքն ու կացին, ունեցածին՝ օտար ու խորթ էր մեզ մերը, ու մերին օտարի խորթությամբ էինք նայում հին սովորությամբ, եւ քաղքենի-ընչաքաղց էինք նորից՝ մեզնից ու մեզ տրված բախտից զարմացած, եւ արդարությունը նորից հավասար չէր բաժանված՝ Օրե՛նք… չէր գործում, խոսքը գործին չէր համապատասխանում՝ Գիտելիքը… չէ՛ր գնահատվում, պետական եւ մասնավոր հիմնարկներում պատահական մարդ չկար, բոլորը՜ հին կացութաձեւով կամ ծանոթով էին, կամ գեշ-արդեն ամոթ դարձած մաղարիչներով, թաքուն-Վա՛խ կար՝ ընդվզող, մտածածը առաջ մղող Միտքը՛… վախեցած փախչում էր երկրի՛ց՝ ասպարեզը թողնելով համակերպված-գետնաքարշներին, եւ սրանք մտածել չգիտեին, ու խաղաղ համակերպված էին, ընդհանուր-խաղաղ դանթ ու քուն էին բերում, եւ գերեզմանոցի պահակն էլ կկառավարեր սրանց՝ հեշտ էին կառավարվում՝ հորթի անմեղ հայացքով որոճում, աչքները անմեղսունակ ճպճպացնում, ու միաձայն բառաչում էին մոր ծծին տրտինգ տվող հորթի կայտառությամբ՝ անկուշտ էին, նյութական-հավասարություն էլ չկար՝ ճիշտ չէր բաշխված-բաշխվում ընդհանուր ինչքն ու կացը, իսկ ամենաահավորը՝ թալանչիները, գողցողները, անաշխատունակ-եկամտով հարստացածներն ու հարստահարողները, հաջողակ էին հռչակվել-հայտարարվել, եւ Մաքուրը՛, Սրտացավը՛… խորթ էր՝ անտեսվում-արհամարհվում էր, դուրս էր մղվում ամեն ինչից, ընդհուպ, մինչեւ այդ ժամանակների համար չտեսնված խայտառակություն՝ զնդաններ ու գժանոցներ էին քարշ տալիս՝ Կոտրեն-վարկաբեկե՛ն. անոգեղեն, գետնաքարշ, մանրախնդիր, Մարդո՛ւն չտեսնող, հին կացութաձեւի մեջ մնացած-հին կացութաձեւին մղող-տանող, ձեռագիրը չփոխող լաբիրինթոսի խեղդող-խեղդված միջավայր-մթնոլորտի… Ձեռագի՛ր էր՝ ըմբոստ-Պայծառը չընդունող-հալածող, եւ Մաքուրին…բռնի գժանոց էին քարշ տալիս՝ մաքուր չպիտի մնայիր մեր մեջները…Ու, բոլորը՜, շաբաթը մեկ, սրտում պահած աղոթքներով, հեզաստվածավախ հայացքներով, մոմ էին վառում եկեղեցիներում, եւ եկեղեցու պակասություն չկար շրջապատում, ու մոմը լավ էր վաճառվում՝ առերես  աստվածավախների՛բարքեր էր, խաչը՛ երեսիդ պահած պիտի խավարո՛ւմ խարխափեիր, ու խավարը՛ ճեղքեիր՝ երեսըս նրա՛ ոտի տակը՛, մութի՛ց հանելու է մի օր…

Ու պատերազմի մեջ էինք, բայց՝ նախարարաց, մարզպետաց… տները զինվոր չէր տալիս, սեպհական գնդեր չկար, նրանց որդիները հորանց ձեռքերով առոք-փառոք պահվել էին զեխ-շռայլության ու օտարության մեջ, չունեւորը, ռանչպարն ու ռամիկը՝ կոտորվում էին՝ ե՛ւ թերսնության, ե՛ւ պակասության, ե՛ւ սահմանի վրա. նրանց ցավող սիրտն ու մարմինը պատառպատառ էր լինում ե՛ւ երկրի, ե՛ւ հայրենիքի, ե՛ւ չտեսան տարբեր, բռի-անսրտացավ տիրող բարքերի շռայլ-զեխությունից՝ բոհեմի չտես-քաղքենի-կիսագրագետները կամ չէին կարդացել իրենց պատմությունը, կամ իրենց պատմության լավ տողերը անհամ էր եկել իրենց քիմքերին՝ բազմաշերտ հասարակության հետ էին ոտք գցում, հետեւից էին գնում՝ առաջ չէին ընկնում քաշում, ժողովրդի՛ն չէ՛ին տեսնում, նրա փայլը՛ խամրեցնում էին վերարժեւորած իրենց «արժեքով», քամու բերանն ընկած հեռուստաէկրաններին եւ ամբիոններին թեթեւ-վետվետող «Հաստատո՛ղ», քամուց վեր-վեր թռչող հարդերին՝ մտավորական էին կարծում, ու դեպի թեթեւն ու ժուլիկը՝ ռաբիսն էին թեքված, հի՜ն կացութաձեւի սովորությամբ կամ «չէին տեսնում», կամ իրենց աչքերով էին տեսնում… ներքեւիններին. «հավասար» հայտարարված ստրուկն ու ճորտը որ չլինի «երջանիկ»՝ մենք մեզ աղա՛ չէինք զգալու՝ բա ո՞ւմ աչքի առաջ ցուցանենք մեր ունեցածը, եւ ո՞ւմ գլխին պիտի պարեի՛նք: Ու, որովհետեւ, չտես-ընչաքաղց էինք նորից, քաղքենի էինք դարձել կարճ ժամանակում, եւ մեզնից զզվողտարբերվող մաքուրին դուրս էինք մղում մերմիջից, ու նյութը համատարած նորից գրպանել էր բոլորիս… իսկ մենք պատերազմի մեջ էինք:

Ու, երկնքին նայում ես, եւ աստղերը մարել, ու մարած էին արդեն, նաեւ՝ մեր ձեռքով, ու մեր կրկնվող պատմությունում այս էլ որերորդ անգամ: Ու, գորշ էր, խավար էր, աստղերը մարել էին, նաեւ՝ մեր ձեռքով, եւ դրոշակ բռնող չկար՝ ո՞՛ւմ հետեւեինք՝ սպանվե՛լ էր ոգեղենությունը: Ու, գլուխը, որ կտրում ես, մարմինը… ո՞ւր պիտի գնա, ո՞ր ուղղությամբ: Ո՞ւմ պիտի հետեւի, մեր ների այծերը կամ գետնատարած էին, կամ շնահալած էին՝ գժանոցներում, զնդաններում… կամ ուրիշի չոբանի այծերն էին այլեւս՝ երկրի, պետության, հայրենիքի, սեփական պատմության, մեր կորսված հաղթանակների սրտացավ վերլուծական մտքի … ների այծերը չէին այլե՛ւս: Ու, չկային այլեւս:

Եւ, չկայի՛ն՝ ո՞ւմ հետեւես: Քաղքենի դառնաս՝ ո՞ւմ հետեւես, մենք, մեր ձեռքով, մեր պատմությունը, այս էլ որերորդ անգամ, մի՜շտ կիսատ ենք կերտում նորից, եւ մեր հաղթական պատմությունները, այս էլ որերորդ անգամ, մի՜շտ կիսատ ենք թողնում նորից՝ էս ի՞՛նչ ցավ էր, եւ էս ի՞նչ ցավ է: էս ինչո՞ւ են՝ ընչաքաղց, ճապաղ մտքով, նյութին գերի, քաղքենի, ոգեղենությունը կորցրած… մեր միջի ցավերը, մեկ էլ հատ-հատ իրար գտնում, մեր հաղթական պատմության ընթացքում, ամեն անգամ՝ մեր պատմության մեջ նետվում, եւ պատմությունից-ոգեղենությունից կտրված, այս էլ որերորդ անգամ, ընչաքաղցի-նյութին մեռած՝ մեզ թուլացնում կիսատ են պահում մեր պատմությունն ու մեր հաղթական պատմությունները: Կիսատ են պահում մեր պատմությունն ու մեր հաղթական պատմությունները: Ու ոգեղենին, լիիրավ ապրել-առաջ նայելու-մղելու հնարավորությունը չեն տալիս՝ գետնաքարշ-գետնատարած, հետ նայած են պահում նորից՝ գոյատեւիր իմ զեխության կողքին՝ քեզ արհամարհած եմ պահում ու պահելու նորի՛ց.այդպիսի ժամանակներ էին…

Ու, նո՜ւյն պատմությամբ: Եւ, նո՜ւյն պատմությամբ: «Ունեցած»- ներուժի, եւ «ներուժից»-ճաք տված միասնականության մասին պարբերաբար հեծկլտալու-պահանջելու, ու պարբերաբար «կորսված հողերի-Հայրենիքի» լացն ու կականն ենք դնելու «վերջում»-լալահառաչ մեր կլկլոցներում՝ կռունկ, խաբրիկ մը չունե՞ս… Կորսված մեր հիշողությամբ ու կրկնվող մեր պատմությամբ: Կորսված մեր հիշողությամբ ու կրկնվող մեր պատմությամբ: «Ունեցած» ներուժի, եւ «ներուժից»-ճաք տված միասնականության մասին պարբերաբար հեծկլտալով ու պահանջելով: «Միասնականության»-մասին ու վերաբերյալ պարբերաբար հեծկլտալով ու պահանջելով, դուք տեսե՞լ եք… մարդիկ՝ պայծառ-ջերմացնող արեւից… փախչե՛ն: Եւ, «միասնականության» մասին, ես արդեն այստեղ, վերեւից, լա՜վ տեսնում եմ՝ միայն թույլերն են խոսում, ինչո՞՛ւ… պիտի մարդիկ արեւից փախչեն: Խաղաղ, խիզախ, արարող, ոգեղե՛ն… խորքից եկած-խորքից իր հողին կպած երկրագործը… ինչո՞՛ւ պիտի արեւից փախչի, եւ արհեստական կոչերով պայծառ արեւի շուրջը համախմբվի:

Եւ, մեղավորը՛… Չկա՛: Որովհետեւ, մենք բոլորս մեղավորն ենք մեր կրկնվող պատմության: Ու միակ-Գրպանողը… Չկա՛: Որովհետեւ մեր պայծառափսո՛ս պատմության մեջ, մեր կրկնվող պատմության մեջ՝ մե՛նք ենք ծնել, եւ մե՛նք ենք ծնում մե՛ր միջից՝ նյութին գերի-ոգեղենությունը՛ կոտրող -մե՛զ գրպանողներին, մենք, բազմաշերտ հասարակություն ենք: Մենք, մեր պետության Ակտիվ-Կեցվածքով Քաղաքացին չենք՝ կիրթ, արժանապատիվ, օրինապաշտ, ու… բոլո՜րս՝ գրպանվում ենք: Բոլո՜րս՝ գրպանվում ենք: Մի պահ՝ թուլանում, դանթ մտնում, մեր ոգեղենությունը մոռանում՝ գրպանվում ենք մանկամիտի նյութին գերի՛. թե չէ, արանիքոչը ո՞՛ւմ շունն է, եւ օտար-ուրիշներն, ո՞՛ւմ շունն են՝ մեզ ծնկի բերե՛ն:

Ու, «…սուրբն արդարին ա բռնում, որպեսզի մեղավորներս խելքի գանք»: Եւ, սրբերը մեղավորներիս միջով ու մեր մանկամտության միջոցով ինքնամաքրվել են կամենում: Եւ, բոլորի՜ս ցեխոտված են ուզում տես նել այլեւս իրենց նման: Այլեւս ցեխոտված են ուզում տեսնել անմեղ ներիս: Ու ճլորած-դանթից ու պարապությունից՝ մի նո՜ր սրբեր են մեջներս կանգնելու ժամանակ առ ժամանակ-պարբերաբար… նորից հանգչելու համար կիսատի վրա: Ու պարապությունից եւ փառասիրությունից դրդված, կորսված հիշողությամբ-անմեղներիս մի նո՜ր սրբեր են «առա՜ջ»-մղելու նորից՝ նույն պատմու թյամբ կորսված հիշողությամբ … հանգչելու համար կիսատի վրա:

Եւ, սեփական-անկյալությունը վատ ծածկելու նպատակով, մեզ, անկամի թուլության թմբիրը նետելով՝ սեփական փափուկ ու սիրասուն բալիկներին նորից պահ տալով տաքուկ անկյուններում-մայրերի փափուկ ու տաք փեշերի տակ, ուրիշի  բերանը նորից լեզու դնելուց հետո,  կիսատը՛… շարունակելու սրբերի մի նոր կերպարանքով, «հանուն մի նոր արդարության ու մի նոր արդարամտության», հիմա էլ նորից «ուրիշ մի» մայրերի «ուրիշ մի» զավակներին են առաջ մղելու: «Ուրիշ մի» մայրերի-«ուրիշ մի» զավակների արյունն են լլկելու: Ու, մեղավորներիս արյունն են լլկելու  սրբի ու սրբերի իրենց  «անմեղ» կերպարանքով:

Սակայն, հորս ու մորս Հարցը՛, եւ… Ձայնը՛, դեռ ականջներումս է…

…Բա իմ արյունը՞՛: Իմ արյունը՛: Արդարի՛ս, անմեղիս ու անմեղներիս արյունը: Որ, նախահարձա՛կ՝ ուրիշի-օտարի, հաստատունհող չունեցող քոչի ձեռքով, այս էլ որերորդ անգամ, թափ վեց աշխարհքիցս դեսը ստեղծված իմ հողում եւ իմխանձարուրին. ես, ինչոր մեկին պա՞րտք եմ իմ հողում ապրելուս համար: Ես պարտավոր-վիզս ծռելո՞ւ եմ իմ հողում ազատ ապրելուս համար: Իմ ազատությո՞ւնն եմ ուրիշներից մեղավոր ու մոլորված հածելու աշխարհքիցս դեսը ստեղծված իմ հողում ապրելուս համար: Այս էլ որերո՜րդ անգամ, մեր մեջ ու մեր պատմության մեջ որտեղից որտեղ նետված մեզ թուլացնող իրար գտած մեր ընչաքաղց-քաղքենիների թուլամորթությամբ պայմանավորված՝ մեր ոգեղենությունը կոտրող-անընդհատ սրսկվող «ըմբռնումներով»… հե՞տ եմ քաշվելու աշխարհքիցս դեսը ստեղծված իմ բնօրրան-հողից, եւ իմ հողում ազատ ապրելուս, ու իմ ազատության համար… իմ թափված, անմեղիս ու անմեղներիս թափված արյունիցս:

Դուք կարծում եք, եւ մտածում եք, թե արանիքոչը միշտ հաղթող ու ճկուն դիվանագիտու թյո՞ւն ունի, ես, տեսնում եմ այստեղից, նա՛… ոչ մի դիվանագիտություն էլ չունի: նրա՛… «ճկուն»-դիվանագիտությունը՛ հաղթել է այնտեղ, որտեղ իր սուրն ու յաթաղանն է հաղթանակ բերել իրեն՝ ուժին երկրպագող-աշխարհի՛ս արհամարհելով, եւ քոչի՛ իր նախահարձակի գրավող-տնավորվող վարք ու բարքին… համակերպվել տալով-ընտելացնելով, այդպես նստեց աշխարհքիցս դեսը մեր հողերում, եւ այդպես բնավորվեց մեր… բնօրրանում. այդ է եղել նրա պատմությունն ու նրա «ճկուն»-դիվանա գիտությունը՝ ընդամենը՛:

Եւ, ուսիս թփթփացնող ուժին երկրպագող աշխարհիս առաջ, ինչո՞՛ւ պիտի ոգեւորվող-սկսնակի դերը առաջինը ստանձնեմ՝ թուլաթափ անեմ-հոգեպես կոտրեմ իր հողին պինդ կանգնած իմ ոգեղեն-խիզախ երկրագործին, ինչո՞՛ւ պիտի հրաժարվեմ իմ պայծառ-ոգեղեն կերպից, ինչո՞՛ւ՝ ինքս կտրուկ-նախահարձակի կերպը չընդունեմ, ինչո՞՛ւ եմ, եւ ինչո՞՛ւ պիտի իմ հաղթանա կը… ի՛նձ սպանողին, իմ դահճին.. չարին հանձնեմ փոխանցեմ՝ փոխզիջում: Ինչո՞՛ւ պիտի իմ վրա եկած իմ վրա եկո՛ղ, իմ արյունը թափածի-Պարտվածի՛… հաթաթանե րին տեղի տամ, եւ ինքս կտրուկ նախահարձակի կերպը չընդունեմ. դուք հասկանո՞ւմ եք միամիտներիս փաթաթվող բառակույտերով շղարշված ուսներիս թփթփացնող տոն տվողների Զզվանք-անմտությունը. հավի մի թխսկանի չափ էլ չկա՛ս՝ տարածդ ու տարածքդ տուր՝ հոգեպես կոտրվիր նորից, եւ…նորից ոտքի ել, սպանել եմ քո՝ ոգեղենությունը՛, պատմությո՛ւնդ, այս էլ որերորդ անգամ, եւ այս էլ որերորդ անգամ,՝ կրկնել եմ տալու պատմությունդ՝ նորից սկսել… հանգչածի վրա: Նորից սկսել… հանգչածի վրա:

Նորից… սկսել: Եւ ինքդ, խորքով իսկ քո պատմությամբ, պատմությունդ, ու հաղթական պատմություններդ մոռացած, նյութին գերի-ոգեղենությունդ կորցրած, ումի՞ց ես՝ ի՛նչ պահանջում: Եւ, ընդհանրապես, հաղթանակդ հեզ փոխզիջողդ, ի՞նչ իրավունք ունես, ումի՛ց՝ ի՛նչ պահանջելու: Քանզի, ոգեղենությունդ, հապա շուրջդ նայի՞ր, քո իսկ ձեռքով, կոտրել-սպանել եմ արդեն: Քանզի, ոգեղենությունդ, քո պատմության մեջ, այս էլ որերորդ անգամ, որտեղից որտեղ իրար գտած քո պատմությանդ մեջ նետված չտես-նյութապաշտներդ, որ ոչ ճախրում են եւ ոչ էլ մռնչում՝ ճախրող-մռնչողներին հալածելուց -դեն նետելուց հետո, օտարի հաթաթաներին գլուխկախ-համակերպվելուց հետո, ոգեղենությունը կորցրածի համակերպվածով՝ մոլորված-շշմած… «հավասար»-արդարություն են հածում ուրիշ-օտարներից: Ոգեղենի հաղթական սուրը պարտվածի սրի կողքին դրել, պարտվածի սրից «հավասար»-արդարություն են հածում օտարներից, եւ, թափվո՜ւմ է, թափվո՜ւմ է, թափվո՜ւմ է… անմեղիս ու անմեղներիս արյունը մեր կրկնվող պատմության մեջ կիսատի վրա հանգչող-հանգչած… մեր ընչաքաղց-նյութապաշտներով պայմանավորված… որտեղից որտեղ իրար գլխի հավաքված մեր պատմության մեջ նետվա՛ծ:

Ու, ձայնը՛… դեռ ականջներումս է, եւ մորս ու հորս շուրթերին է Հարցը: Հորս ու մորս շուրթերին է Հարցը, եւ ձայնը՛… դեռ ականջներումս է՝ Աստված պահե քո բալեն, ո՞նց էր համը իմ ձագի: Ո՞նց էր համը իմ ձագի:

… Ես, անմեղս, շա՜տ բան եմ տեսել, ու վերեւից նայում եմ, եւ ձե՛զ չկարողացա հասկանալ, մարդի՛կ,  որ մեկմեկու հանդեպ այդպես անհանդուրժող, սակայն մարած փուքսին փչող ու ձմեռվա լուսնից տաքացող մանկամիտի համբերությամբ, այդքա՜ն անարդարություններն ու ցավերն անտրտունջ եւ անձայն, պարտավորության նման շալակներդ առած, չեղած ու չլինող սփոփանքից՝ վեր-վեր եք թռչում: Սուտ խոստումներից ու զազիր պատումնե րից՝ վեր-վեր եք թռչում: Վերվեր եք թռչում: Ու նետված պատառն է հանգստացնում, ապ տակի պես իջնող շառաչուն պատառն է հանգստացնում. մենք՝ լա՜վ ապրենք, ու ցավ տարածի՝ ցավին անտարբեր: Ցավի՛ն՝ անտարբեր: Եւ, թքած ունե ցած: Թքած ունեցած: Թքած ունեցած:

Ու հիմա ես ձեզ հետ չեմ, մարդիկ: Հիմա ես շա՜տ վերեւում եմ, եւ այստեղից ամեն ինչ շա՜տ պարզ է երեւում: Հիմա ես ընդհանուր ոչինչ չունեմ ձեր ու ձեր ստեղծած աշխարհի հետ: Ձեր մշուշ ու մրուրի մեջ կորած աշխարհի, ձեր իրականը հերքող ու սեփական մտացածինը մատուցող, սուտ ու սխալ աշխարհի հետ: Ձեր աշխարհի, որտեղ «ոմանք» «մնացածներին» ուզում են տեսնել միայն որպես անմիտների ու ռոբոտների: Որտեղ արդարությունը միշտ էլ երկսայր սուր է եղել, եւ որտեղ մարդասիրության տակ, ձեր աշխարհին ընթացք տվողները, մարդկությանը միայն հերձվածների են ցանկանում վերածել:

Չսիրեցի՛ ձեր աշխարհը: Ձեր լուռ ու մթին, ձեր դաժան ու անգութ, ձեր կուռ ու կուշտ, սոված ու թափառող աշխարհը: Ձեր անտարբեր, առնողծախող, անողնաշար ու լպրծուն, զարդ ու զիբիլի մեջ կորած, հազար ու մի նյութված դավեր պարունակող փուչ աշխարհը: Ձեր աշխարհը, որտեղ մեկն անարդարութունից՝ եռում, եփ է գալիս, իսկ մյուսը՝ խանդավառված ծափ է զարկում: Որտեղ մեկը համարձակորեն իր կծվահոտն է տարածում շրջապա տին, իսկ մյուսը՝ սեփական մաքրու թյունից  է նեղվում:

Ու հիմա զարմանում եմ: Ձե՛ր վրա: Ձեր վրա, մարդի՛կ, որ ամենօրյա ձեր տաղտկալի գոյություններդ եք աշխատում պահել: Որ ամեն  անգամ պառկելուց, հագուստներդ այդպես հոգատար ծալծլում  (չլինի՞, թե ծալը կոտրվի) ու նոր եք կախում: Ձե՛ր վրա, որ չլինի՞՝ ճաշն անհամ է ստացվել: Որ ամենօրյա ձեր արեւածաղիկն եք չրթում ու կողքի թքում, հավաքներում իրար կոկորդ եք կրծում, տրանսպորտի հետեւից եք հեւասպառ վազում: Ու, նո՜ր-սրբերի փնտրտուքով, նո՜ր սրբերի փնտրտուքով,

եւ ինչպե՞ս, ու՝ ինչո՞՛ւ չեք հոգնում:

Ու հիմա զարմանում եմ, եւ իմ զարմանքը…հորս վրա է: Հորս, որ լուռ ու արյունլվա պառկել էր խաչը վզին (գուցե նրա զորությա՞նն էր միա՛յն ու միմիա՛յն ապավինել, այո՞, որ բռնելու ու ծակելու մի հարմարանք էլ չունի) եւ կողքին…մեկն էլ չկա, իրեն այդ վիճակին հասցնողներից, գոնե, մեկը՝ այդպես արյունլվա ու անշարժ պառկա՛ծ:

Իմ զարմանքը… մորս վրա է, որ սեփական ձեռքերով, որպես հարազատի, չխեղդեց ինձ, այլ թողեց, որ կեղտոտ ու դաժան ձեռքերն ինձ դուրս շպրտեն, եւ դեռ լավ է, այդքան «հեշտ» պրծա, իսկ, եթե թլպատեին ու ենիչերու ծանր եւ դաժան շունչը վրաս փաթաթեի՞ն:

Իմ զարմանքը, իմ վրա է, որ դեռ ի վիճակի եմ զարմանալու, բայց եւ՝ զարմանում եմ անընդհատ…

Սարմեն Ղահրամանյան

/20.02.2018թ./

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. samvel says:

    Սկիզբը հետաքրքիր էր, բայց հետո շաաատ երկարացրիր, հոգնեցի և կիսատ թողեցի, կներես:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031