Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը: Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017 թվականին երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած և հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները: Մրցանակ է շնորհվել նաև առանձին երիտասարդական ծրագրերի:
«Հայկյան-2017» մրցանակներ են շնորհվել մասնավորապես՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», « Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ», «Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ», «Լավագույն միջբուհական ծրագիր», «Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում», «Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգերում: Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Հանրապետության Նախագահը:
Հատուկ մրցանակների են արժանացել «Արմենիա» հեռուստաընկերությունը` երիտասարդների շրջանում կրթադաստիարակչական մեծ դեր ունեցած «Հին արքաներ» պատմական հեռուստասերիալի համար, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար, Արցախի առաջին պաշտպանական շրջանի բուժծառայության պետ Գևորգ Հարությունյանը՝ ռազմաբժշկության ոլորտում ունեցած ներդրման, թեժ գծում իր մասնագիտական աշխատանքն իրականացնելու, զինվորի և սպայի առողջության պահպանման ու կյանքի փրկության գործում մեծ ավանդի համար, «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ մանկական ուղեղային կաթվածով ապրող երեխաներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած մեծ աջակցության և վերականգնողական աշխատանքի համար, «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը՝ առարկայական միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած բարձր արդյունքների համար, «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ Սոչիում կայացած Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին հայաստանյան պատվիրակության մասնակցությանն աջակցելու համար, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը` Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության արդյունքում տուժող Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հարթակներում տարվող հետևողական աշխատանքի համար և Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագիծը՝ կարճ ժամանակում երիտասարդների շրջանում լայն ընդունելության արժանանալու և մեծ լսարան գրավելու համար:
Մրցանակաբաշխության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ` հույս հայտնելով, որ այսօր նրանց ստացած մրցանակները բաղադրիչներն են դառնալու հաջողությունների այն երկար շղթայի, որ երիտասարդները հետագայում էլ պետք է ունենան` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի:
««Հայկյան» մրցանակաբաշխությունը սահմանվել է 2001 թվականին, այսինքն՝ այս մրցանակաբաշխությունը 21-րդ դարի զավակ է: Դուք էլ եք 21-րդ դարի զավակներ՝ անկախ նրանից, որ ձեզնից ոմանք հնարավոր է լույս աշխարհ են եկել նախորդ դարի վերջերին: Միևնույնն է` 21–րդ դարը ձերն է, 21-րդ դարում դու՛ք պետք է հասնեք հաջողությունների, 21-րդ դարում Հայաստանի պատիվը դու՛ք պետք է պահեք, Հայաստանի հաջողության գրավականը դու՛ք պետք է լինեք:
Ես, անշուշտ, ծանոթացել եմ մրցանակակիրների աշխատանքներին և նորից համոզվել եմ շատ պարզ մի ճշմարտության մեջ` աշխատող, պրպտող մարդը միշտ էլ կարող է գտնել հաջողության ճանապարհը: Սա աքսիոմա է: Այստեղ հարցեր չեն կարող լինել: Բնական է՝ մեզնից յուրաքանչյուրը չի կարող հասնել ամենամեծ հաջողությանը, բայց անհնար է, որ աշխատասեր մարդը, պրպտող մարդը հաջողության ինչ-որ մի աստիճանի չհասնի: Ուզում եմ, որպեսզի նրանք, ովքեր արդեն ունեն որոշակի հաջողություններ` զարգացնեն, հասնեն մի այնպիսի աստիճանի, երբ իրենք կհամարեն, որ իրենց ներուժը իրացվել է, որովհետև հասարակության համար վտանգավոր են այն անհատները, ովքեր համարում են, որ ինչ-ինչ պատճառով իրենց ներուժը չի իրացվել: Հետագայում նրանք սկսում են հասարակությունից ակնկալել ու պահանջել այնքան, որքան հասարակությունն ի վիճակի չէ տալու, և այստեղ կոնֆլիկտ է առաջանում: Մի հավատացեք այն սին խոսքերին, որ` իմ բախտը չի բերել, նրանց բախտը բերել է: Բերում է նրա բախտը, ով առավոտ կանուխ արթնանում է և վազում իր բախտի հետևից՝ ազնիվ ճանապարհով, աշխատանքով և, իհարկե, ընդունակություններն իրացնելով:
Նորից եմ կրկնում, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորիս հույսը դուք եք և ի դեմս ձեզ՝ Հայաստանի ուսանողությունը, Հայաստանի երիտասարդությունը: Միգուցե ծեծված խոսքեր են, բայց ապագան ձերն է, և դուք միշտ պետք է կարողանաք արժանավայել ու արժանապատիվ անցնել ձեր ճանապարհը»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ կիսում է միջոցառման մասնակիցների կողմից երեկոյի ընթացքում բազմիցս արտահայտված լավատեսությունը, թե ամեն ինչ լավ է լինելու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ