Հունվարի 1-ից բնակչության խոցելի խմբերին հասանելիք անվճար որոշ դեղորայք պոլիկլինիկաներն այլեւս չեն տրամադրում իրենց հիվանդներին: Քաղաքացիները վրդովված են, տարիներ շարունակ իրենց պոլիկլինիկաներում ստանում էին մի շարք դեղեր, սակայն հունվարի 1-ից ստիպված են դրանք ձեռք բերել, իսկ թոշակառուներն էլ ստիպված են իրենց չնչին թոշակից մեծ մասը հատկացնել այդ դեղերի համար:
Aravot.am-ի հետ զրույցում 2-րդ կարգի հաշմանդամ, 78 ամյա Աիդա Սուքիասյանն ասաց, որ ինքը «Կառլեն Եսայանի» անվան պոլիկլինիկայից անժամկետ ու անվճար որոշ դեղեր էր ստանում. «Գնացի պոլիկլինիկա, որ «պրեդուկտրիմ» ու «պրեստանս» դեղերս ստանամ, պարզվեց էլ չեմ կարող անվճար ստանալ: Պոլիկլինիկայում ասում են, որ դրանք անվճարի ցանկից հանում են:
Բայց հիմա մենք ի վիճակի չենք գնենք էդ դեղերը: 44 հազար դրամ թոշակ եմ ստանում, էդ երկու դեղն ինձ վրա ամիսը 12 հազար դրամ կնստի, ես ո՞նց առնեմ դրանք: Ու հե՛նց թանկ դեղերն են հանում ցանկից: Հայկական արտադրության «ամնոդիպին» էին նշանակել, բայց սա էլ խմելուց հետո ոտքերս այտուցվեցին, փոխեցին էդ մյուս դեղը նշանակեցին: Ամեն անգամ գնում էի պոլիկլինիկա, կարդիոլոգը գրում էր, հետո տնօրենը ստորագրում էր ու բուժքրոջից ստանում էի դեղերը: Ես չեմ հասկանում, թոշակառուներին, էն էլ՝ հաշմանդամ, կարելի՞ է սենց վերաբերվել»:
Նույն խնդրով մեզ դիմել են նաեւ այլ թոշակառուներ:
Նշված պոլիկլինիկայի ղեկավար Աննա Սիսոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու նշված դեղերն այլեւս անվճար չեն տրամադրում իրենց հիվանդներին: Ըստ նրա, նախորդ տարվա նոյեմբեր ամսից սկսած՝ անվճար դեղորայքի ցանկից դուրս իրավունք չունեն դեղորայք տրամադրել հիվանդներին, իսկ նշված դեղերը այդ ցանկից հանվել են. «Ցանկը առողջապահության նախարարությունը վերանայում է: Եթե հետո այդ դեղորայքը ընդգրկվի ցանկում, մենք նորից մրցույթ կհայտարարենք ու կգնենք դեղերը: Այժմ հումանիտարով, եթե կարողանում ենք՝ տալիս ենք, եթե տվյալ դեղորայքին փոխարինող է լինում»:
Տիկին Սիսոյանի ներկայացմամբ՝ որեւէ կապ չունի դեղի գինը, այնպես չէ, որ հատկապես թանկ դեղերն են ցանկից հանվում: Նշենք, որ այդ դեղորայքները գնման բյուջեն առողջապահության նախարարությունն է ապահովում, այսինքն՝ պոլիկլինիկաներին, ըստ դեղերի ցանկի, գումար է հատկացվում դրանք ձեռք բերելու համար:
«Նախկինում այդ դեղերը նշանակվում էր հանձնաժողովի միջոցով ու բացառապես անվճար, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներին ու թոշակառուներին, իսկ 3-րդ կարգին 50% զեղչով: Հիմա նաեւ «պրեստարիում», «պրեդուկտալ», «տամսուլոզին», «ակտովեգին» եւ այլ դեղեր էլ այլեւս նախկինի պես անվճարի ցանկից հանված են: Մեր շահառուներին տրվող այդ դեղերի ցանկը տվել ենք նախարարությանը, եւ խնդրել՝ հնարավորության դեպքում դրանք էլ ներառեն վերանայվող ցանկում»,-ասաց տիկին Սիսոյանը:
Առողջապահության նախարարությունից Aravot.am-ին պարզաբանեցին՝ նշված դեղերը անվճար տրամադրվող հիմնական դեղերի վերանայվող ցանկում չեն ընդգրկվելու:
Մենք նախարարությանը նաեւ գրավոր հարցում էինք ուղարկել, պարզելու՝ ո՞րն է պատճառը, որ անվճար դեղորայքների ցանկը փոփոխվում եւ կրճատվում է, արդյոք ցանկից հանվում են հատկապես թանկարժեք դեղերը: Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունը մի շարք որոշումներ ու հրամաններ է մեջբերել, սակայն հարցերին, ըստ էության, պատասխան չի տվել: Նախարարության գրավոր պատասխանից հետո մենք ստիպված էինք հավելյալ ճշտել այդ որոշումների մասնագիտական իմաստը: Ի վերջո, որոշակի ջանքերից հետո պարզեցինք՝ պարզապես կարգն է այդպես, հիմնական դեղերի ցանկը, այսինքն՝ բնակչության խոցելի խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը նախարարությունը 2 տարին մեկ վերանայում է, ապա հաստատում: Ինչ վերաբերում է թանկարժեք դեղերը ցանկից հանելուն, նախարարությունից վստահեցրին՝ «Որեւէ կապ չունի՝ դեղը թանկ է, թե՝ էժան, կլինեն ե՛ւ էժան, ե՛ւ թանկ դեղեր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ