Այսօր` Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստում, պատգամավորներից մեկի կողմից կառավարությանն ուղղվեց հարց` Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղու անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության վերաբերյալ: Հարցին ի պատասխան` քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշեց, որ արդեն կան մի քանի ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնք հասարակական օբյեկտներ կառուցելու համար ներկայացրել են նախագծեր և դրանք հաստատվել են:
«Դեռևս ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ժամանակ` հանրապետության նախագահի կողմից տրվել էր հանձնարարական, անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար` ավտոմայրուղուն հարակից տարածքներում նախատեսվող կառույցների նախագծերը համապատասխանեցնել քաղաքաշինության նախարարության հետ` նկատի առնելով այն հանգամանքը, որ կառույցները պետք է ունենան ժամանակակից համապատասխան չափանիշներ»,- հիշեցրեց նախարարը` հավելելով, որ այսօր արդեն մայրուղու որոշ հատվածներում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ:
Կարեն Շահրամանյանը մանրամասնեց, որ կառուցվելու են երեք խոշոր հասարակական նշանակության օբյեկտներ: Դրանցից երկուսը պատկանում են «Բեյզ Մեթըլս» ընկերությանը, որոնցից մեկը կլինի «Տաք ջուր» տանող ճանապարհի խաչմերուկում, իսկ մյուսը Դրմբոնի հանքավայրի հարակից տարածքում: Եվս մեկը կկառուցվի Դադիվանքի մոտակայքում` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:
Ըստ նախարարի` արդյունքում լինելու են անհրաժեշտ հասարակական օբյեկտներ` առևտրի և հանրային սննդի կետեր, հյուրատներ, բենզա-գազալցակայաներ:
«Այս ամենից բացի մի քանի ֆիզիկական անձանց կողմից ևս ներկայացվել են նախագծեր և արժանացել հավանության: Մոտ 1-2 տարի հետո մենք այդտեղ ունենալու ենք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան հասարակական նշանակության օբյեկտներ»,- նշեց նախարարը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ