2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր լրացավ ամբաստանյալներից Պավել Մանուկյանի սանկցիայի ժամկետը, եւ նա բերվեց նիստերի դահլիճի:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում նրա եւ դատախազի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, ինչի պատճառով Մանուկյանը նման սանկցիայի էր արժանացել:
Օգտվելով հայտարարություն անելու իրավունքից՝ Պավել Մանուկյանն անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերին՝ ասելով. «Եթե մենք պահանջում ենք, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, ապա նաև այս ցեղասպան իշխանությունն առաջին հերթին պետք է դատապարտվի»:
Ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանն էլ հայտարարեց. «Մենք չենք ընդունում այս դատարանը: Մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե այստեղ մեղադրողներն ինչ են կարդում: Այդ ամենը դուք ձեզ համար կարդացեք ու ձեզ համար էլ լսեք, մենք այդ գործերում չկանք, մեզանից հեռու պահեք դրանք»:
Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով: Դատաքննությունը գրավոր ապացույցների ընթերցման փուլում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ