Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ամենահամեղ հացերը՝ հաշմանդամություն ունեցող 20-ամյա տղայի կողմից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 28,2018 19:11

20-ամյա Միքայելը  Գյումրու «Հայկական Կարիտաս» «Էմիլի Արեգակ» կենտրոնի ամենապայծառ երիտասարդներից է՝ գյումրեցուն հատուկ հումորով, հյուրընկալ ու շփվող։ Նա տարբեր տեսակի յուրահատուկ հացեր է թխում կենտրոն հաճախող երեխաների համար։

Միքայելը մեծ սիրով ներկայացնում է հացի իր բաղադրատոմսերը՝ նշելով, որ իր ամենամեծ երազանքը սեփական հացի փուռ ունենալն է։ Հարցին, թե հավանո՞ւմ են քո թխած հացերը, Միքայելը հումորով պատասխան է հնչեցնում․ «Շատ, իմ թխած հացերի համար ուշքերը կերթա»։

Նա նույնիսկ իրենց տան ամանորյա հացն է թխել՝ ապշեցնելով հյուրերին։

«Էմիլի Արեգակ» կենտրոնի ավագ խոհարար Անահիտ Ավդալյանն ասում է․ «Այնքանով ենք հաջողությունների հասել, որ ես արդեն վստահ եմ՝ Միկան ունի արհեստ և իր երազանքն է գումար վաստակել, ծնողներին պահել և ընտանիք ստեղծել»։

Խոհարարը պատմում է, որ Միքայելը մեծ սեր ուներ խոհանոցի հանդեպ, հաճախակի է ձեռքերը քցել ալյուրի մեջ, խոհարարը հասկացել է, որ նա լավ հացթուխ կդառնա։

Այժմ նա տիրապետում է պրոֆեսիոնալ տեխնիկային։ «Շատ զգույշ մարդ է, ամեն ինչ անում է, որ չվնասվի, տաք ջեռոցից հացը հանելը թերևս ամենադժվարն էր իր համար, որովհետև վախենում էր, թե տաք է», -ասում է Անահիտ Ավդալյանը։

Միքայելի ծնողները մեծ դժվարությամբ են նրան տարել «Էմիլի Արեգակ»-ի խոհանոցից, մեկ տարի է՝ ինչ սովորել է հաց թխել, երիտասարդը շուտով գործի կանցնի Գյումրու կենտրոնում բացվող սրճարանում, որտեղ կաշխատեն միայն հաշմանդամություն ունեցող երիտասարդներ։

Հիշեցնենք, որ այս սրճարանը մոդել է հանդիսանալու բոլոր գործատուներին, որպեսզի նրանք ևս առանց տարբերություն դնելու աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցող երիտասարդների։ Իսկ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին վերապատրաստելու ու նրանց աշխատաշուկա ուղղորդելու «Առաջին ներառական փուռ և սրճարան» անվանումն ունեցող ծրագիրը իրականացվելու է Եվրամիության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի ներդրումներով։

«Ես վստահ եմ՝ Միքայելն իր հացը շուտով կվաստակի, ուղղակի հորդորում եմ, որ ուրիշներն էլ վստահեն, տարբերություն չդնեն, չմտածեն, թե իրենց հետ անհարմար է։ Ես ոչ մի տարբերություն չդրեցի, ես հասկացա, որ Միկան ամեն ինչը պիտի իմանա, ինչպես բոլորը՝ կարգ, կանոն, մաքրություն, ժամանակին գալ, աշխատանքը շատ որակով անել, մարդկանց ժպտալ, այդ բոլոր կանոնները ինքը տիրապետում է», -ասում է ավագ խոհարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728