Այսօր` Արցախի խորհրդարանում, օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում, պատգամավոր Հայկ Խանումյանը իր հարցն ուղղելով նախագահ Բակո Սահակյանին, հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ Ռուսաստանը շարունակում է սպառազինություն վաճառել Ադրբեջանին:
Բակո Սահակյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ բազմաթիվ անգամ է պատասխանել հարցադրումների: ‹‹Այդ պարզաբանումներում նշել եմ, որ ՌԴ պատասխանատուները իրենց այդ համագործակցությունները որակում են որպես բիզնես գործընկերություն››:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել` Արցախի պաշտոնյաները, այդ թվում նախագահը, չունեն հնարավորություն` պաշտոնական հարցադրումներ ուղղելու Ռուսաստանի ղեկավարությանը: ‹‹Այդ հարցադրումները ուղղում են ՀՀ մեր գործընկերները, սակայն ընդհանուր առմամբ մեզ համար ոչ բավարար եմ համարում նրանց կողմից տրված պատասխանները ››:
Նախագահը նշեց, որ Ադրբեջանի նման երկրին սպառազինությունն անհրաժեշտ է հանցավոր և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: ‹‹ Ես բազմաթիվ անգամ եմ քննադատությամբ հանդես եկել այդ գործարքների վերաբերյալ` ոչ միայն Ռուսաստանի մասով, այլ ընդհանրապես: Բացի այդ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը մեկ անգամ չէ, որ ասել եմ` Ադրբեջանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար››:
Բակո Սահակյանը շեշտեց, որ օգտագործվելու է բոլոր հնարավորությունները, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այլ պետություններ ընդհանրապես չվաճառեն սպառազինություն Ադրբեջանին, ովքեր զբաղված են ակնհայտ ահաբեկչությամբ: ‹‹Մենք չենք կանգնելու, հետևողականորեն և հաստատակամ շարունակելու ենք ցանկացած հնարավորության դեպքում ներկայացնել մեր դիրքորոշումը ››,- եզրափակեց նա:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ