Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք անձամբ այդ մարդուն կնշանակեի՞ք Շիրակի համալսարանի ռեկտոր». «Ելքի» պատգամավորը՝ Լեւոն Մկրտչյանին

Փետրվար 28,2018 18:04

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին ասաց, որ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում սկզբունքայնություն լիովին պահպանված չէ: Նա ասաց, որ տարբեր նամակներ են ստանում՝ այդ օրենքի հետ կապված. «Բարձրագույն հետբուհական կրթության մասին գործող օրենքում ռեկտորի տարիքը 65 տարեկան է, դուք հիմա ասում եք 70, Բայց մյուս աշխատողների համար ասում եք՝ կենսաթոշակային տարիքի, ինչ է, ռեկտորը անում, որ նրանը 70 է: Հետո դրույթներ եք բերել, որոնք ասում եք ուժի մեջ պետք է մտնի 7 տարի հետո, էդ ի՞նչ օրենք է, որ հիմա չենք կարողանում անել: Առանց կոնսենսուսի այս օրենքը մեզ պետք չի»:

Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ Վրաստանի, Լատվիայի, Խորվաթիայի, Լեհաստանի եւ այլ երկրների օրենքներում ռեկտորի տարիքը թոշակի տարիք է սահմանված. «Յուրաքանչյուր երկիր ինքն է ռեգուլյացիա անում, ոչ մի կապ չունի սա սկզբունքայնության, անսկզբունքայնության հետ: Օրենքն անցել է բազմաստիճան քննարկումներ, մենք պատրաստ ենք կետ առ կետ բոլոր խմբակցությունների հետ քննարկել: Օրենքը բերելու է շատ դրական փոփոխություններ մեր կյանքում: Լավ կլինի կոնսենսուս լինի, բայց կոնկրետ մի հարցադրման վրա կառուցված զիջումը կարող է ամբողջ համակարգը խախտի: Եթե խնդիր կա՝ քննարկենք, բայց դնել դա անսկզբունքայնության մեջ ինձ համար ընդունելի չի»:

Մելքումյանը պատասխանեց, որ սա դեռ անսկզբունքայնություններից մեկն է ընդամենը. «Եվրոպայում, աշխարհում այսօր ունեւոր մարդկանց երեխաներն իրենց ծնողներից ժառանգում են նյութական ակտիվներ, բիզնեսներ, նաեւ կրթական ծառայություն ստանալու հնարավորություն: Օրենքը պետք է գրենք այնպես, որ ոչ ունեւոր խավի երեխաներն էլ կարողանան կրթական բարձրակարգ ծառայություններ ստանալ: Օրենքում ես դա չեմ տեսնում, հակառակը, դուք տարել տեղայնացրել եք միայն կառավարման համակարգի առանձնահատկություններին՝ անձնավորված: Եթե պետք լինի՝ կասեմ ոնց եք անձնավորել՝ ռեկտորների մակարդակով»:

Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ 65 տարեկանը ռեկտորի համար ինքն ընդունում է. «Կարող ենք համաձայնեցնել ռեկտորները, ամբիոնի վարիչները, այդտեղ խնդիր չեմ տեսնում»:

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ ԿԳ նախարարին հարցրեց Շիրակի համալսարանի քաոսային վիճակի մասին: Նա ասաց, որ ռեկտորի կամայականությունների արդյունքում գրադարանային ֆոնդի մի մասը ոչնչացվել է, ուղղակի թափված են, մարդկանց են աշխատանքից հանում, ֆինանսական մեքենայություններ կան, աուդիտ են անցկացնում, փոխկապակցված անձինք կան, այնտեղ դասախոս է հացադուլ հայտարարում, ուսանողներ են դասադուլ անում: Նա հարցրեց՝ դուք անձամբ այդ մարդուն կնշանակեի՞ք Շիրակի համալսարանի ռեկտոր, որովհետեւ խոսքը, դատելով հրապարակումներից, մի հակագիտական մարդու մասին է:

Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Ես անձամբ որեւէ ռեկտոր չէի նշանակի, որովհետեւ ռեկտորի պաշտոնն այն կարեւոր պաշտոնն է, որը պետք է ընտրվի»:

Նախարարն ասաց. «Ինձ անձամբ տարբեր տիպի բաց նամակներով փորձում են ներքաշել խնդրի մեջ՝ երբեմն վիրավորական, երբեմն ոչ վիրավորական կոչերով: Ես գտնում եմ, որ կա համալսարան, աշխատում է, ունի խորհուրդ, կոնկրետ հացադուլի պատճառը դեկանի ընտրության խնդիր էր, որը եթե խախտվել էր, կարելի էր դատական կարգով կարգավորել»:

Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում Գյումրիի համալսարանի գիտական մեծ խորհուրդն է լինելու, ինքը մասնակցելու է եւ կփորձեն հարցերը կարգավորել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728