«Ժամանակն է, որ գործուն քայլեր ձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում»,- Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) հայտարարեց ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան:
Նշենք, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և «Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը» («AGBU Europe») Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպեցին «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության 30 տարիների ամփոփումը» թեմայով միջոցառումը:
Այս պահին ընթացող նիստերի ընթացքում խորհրդարանականները և այլ փորձագետներ ներկայացնում են վկայություններ, թե Եվրոպական խորհրդարանն ինչպիսի վերաբերմունք է դրսևորել 1988 թ. փետրվարից 1991 թ. մայիս ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ: Անդրադարձ կատարվեց նաև ԵՄ ներկայիս քաղաքականությանը հիմնախնդրի վերաբերյալ:
Այս առիթով Հայ բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանն ասաց. «Մենք բոլորս ենք տեսել, թե ինչպիսի մոտեցում ունեն եվրոպական ինստիտուտները հակամարտության կարգավորման հարցում: Ցավոք, այդ հայտարարությունները հիմնականում ընդհանուր բնույթի են, որոնք կարելի է կիրառել ցանկացած հակամարտության պարագայում»: Պարոն Տավիտյանը շեշտեց՝ ԵՄ-ն չունի կոնկրետ քաղաքականություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված:
ԵԽ պատգամավոր (Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինք) Էլենի Տեոխարուսն էլ հիշեց, որ մինչև 2000 թվականը տարեկան 5-6 անգամ այցելում էր Լեռնային Ղարաբաղ: Նա հիշեց 1992-ին Ադրբեջանի կողմից՝ ԼՂՀ նկատմամբ ռմբակոծությունները, Սումգայիթի ոճրագործությունը:
Իր ելույթի ավարտին ԵԽ պատգամավորը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի հարցը անհատական է, այն կապ չունի Կատալոնիայի, Կոսովոյի և Կիպրոսի հետ»:
Անդրադառնալով ԵԽ պատգամավորների՝ Արցախի նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքին՝ ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան հայտարարեց. «Այս սերն ու դրական տրամադրվածությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բխում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջությունից, ազատության ձգտումից: Ամենակարևորն այն է, որ այստեղ խնդիր կա վերհանել պատմական ճշմարտությունը: Ղարաբաղն անկախ հռչակվեց, բայց մինչև այսօր դիվանագիտական աշխատանքները ճանաչման առումով դեռ արդյունք չեն տվել: Սակայն ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով գործուն քայլերի դիմենք»:
Լրագրող Ցվետանա Պասկալևան պատմեց իր հիշողությունների մասին: Նա հիշելով այն պատկերը, թե ինչպես էին արցախցիները անձրևի տակ երեխաներին գրկած փախչում, զուգահեռ անցկացրեց 1915-ի հետ, երբ հայերն այդպես փախչում էին Թուրքիայից:
Նա նաև մտահոգություն հայտնեց Ադրբեջանի՝ սև ցուցակ կազմելու քաղաքականության մասին, հիշեց նաև Լապշինին:
Ավարտելով ելույթը՝ հայտարարեց, թե Արցախն այնպիսի երկիր է, որ յուրաքանչյուրն է պարտավոր այցելել: Դիմելով Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվողներին, հայտնեց. «Դուք անպայման պետք է այցելեք Լեռնային Ղարաբաղ: Եվ այն անձնավորությունը, որը կայցելի Արցախ, նա չպետք է հայտնվի սև ցուցակում: Ես հպարտ եմ արցախցիներին ճանաչելու համար: Եկեք բոլորս լինենք Ղարաբաղի մի մասը, և ուզում եմ, որ դուք էլ կարողանաք ձեր հիշողություններում ունենալ Ղարաբաղից, ղարաբաղցիներից մի մասնիկ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ