Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց տան աղբը պաշտոնյայի կանայք ամեն օր տանում են աղբանոց ծառայողական մեքենաներով». Բողոքում են ԱԺ-ում

Փետրվար 28,2018 18:15

«Հետաքննող լրագրողների ընկերակցությունը ուսումնասիրել էր եւ բացահայտել էր, որ թթվասերի անվան տակ վաճառվում է թթվասերանման զանգված, որը նաեւ պատրաստված է լինում՝ օգտագործելով բուսական յուղ, որում պարունակվում է նաեւ աղիքային ցուպիկ: Այս կապակցությամբ կառավարությունը որեւէ բան անո՞ւմ է»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը հարցրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին:

Նա պատասխանեց, որ քննարկում է եղել դրա հետ կապված: Զեյնալյանն ասաց, որ սա միայն թթվասերին չի վերաբերում, մակնշումները չեն համապատասխանում իրականությանը, բնական կաթից է նշված, բայց, փաստորեն բնական կաթից չէ, սա անբարեխիղճ մրցակցություն է:

Նախարարը պատասխանեց, որ դրա հետ կապված աշխատանքներ են տանում, որտեղ հայտնաբերում են՝ համապատասխան պատիժները ստանում են:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ խոսեց կառավարության օպտիմալացման մասին. «2017-ի հունվարի 1-ի դրությամբ պետբյուջեից սնվող 917 տրանսպորտային միջոց ունեինք: Կառավարությունը որոշում կայացրեց կրճատել այդ մեքենաների թիվը, արդյունավետ կառավարման հնարավորություն ստեղծվեց: Ցավոք, կրճատվեց 27 տրանսպորտային միջոց, որը 2 տոկոսն էլ չի կազմում ընդհանուր տրանսպորտային թվի: Ծախսերի օպտիմալացման ձեր ծրագիրն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ ծրագիր կա եւ ինչքանո՞վ եք ճիշտ համարում,որ այս դժվար պայմաններում, երբ որ դուք կոչ եք անում, որ գոտիները ձգի հասարակությունը, այնինչ կառավարությունը շարունակում է բենզինով քշել մեքենաները, երեխաներին տանել դպրոց: Ցանկացած դպրոցի բակում առավոտյան կարող եք պաշտոնյաների մեքենաների շքերթ տեսնել, որոնք իրենց երեխաներին ուղեկցում են դպրոց: Իրենց տան աղբը պաշտոնյանի կանայք ամեն օր տանում են աղբանոց ծառայողական մեքենաներով եւ այդ բոլորը՝ հասարակության աչքի առաջ: Իսկ մենք 45 հազար դոլար չենք կարողանում գտնել՝ մեր վիրավոր զինվորին արտերկրում բուժելու համար, ինչքանո՞վ է սա բարոյական»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ օպտիմալացումներն ինքնանպատակ չեն լինում: Նա ասաց, որ նպատակը, եթե դնես զուտ փող խնայել՝ սխալ մոտեցում է, պետք է նայես, թե ամեն մեքենա ինչ ավելացրած արժեք է ստեղծում: Ինչ վերաբերում է բենզինով, թե գազով քշել, Արամյանն ասաց, որ վերլուծություն կանեն, որովհետեւ գազով մեքենան վարելու դեպքում մեքենաների շահագործման ժամանակահատվածը կարող է փոխվել: Պետք է հաշվարկ անեն ու հասկանան:

Բագրատյանն ասաց, որ վարչապետն ասում է՝ սեղմած գազով մեքենան վարելը արդյունավետ է եւ անվտանգ եւ կոչ է անում մարդկանց գազով մեքենա վարել ու եթե կառավարությունը չի անցնում սեղմած գազի՝ նման խորհուրդ տալու իրավունք չունի: Ըստ Բագրատյանի, տասնյակ միլիոններ կխնայեն, եթե բենզինի փոխարեն ծառայողական մեքենաները վարեն գազով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728