ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին ընդունել է «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ կազմակերպության փոխնախագահ Կարեն Միքայելյանին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը համազգային նպատակների իրականացման գործում կարեւորել է կազմակերպության առաքելությունը: «Անհերքելի է ձեր ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում»,-դիմելով Նորատ Տեր-Գրիգորյանցին՝ ասել է նա:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում արժեւորելով հայկական սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը:
Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այդ պետությունը մեկ դար անց էլ չի փոխել իր վարքագիծը:
«Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճրագործություն է, այն վաղեմության ժամկետ չունի: Մենք շարունակելու ենք պայքարել հանուն արդարության»,-ասել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ առանց դատապարտման չկա արդարություն: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի հարցը Հայկական հարցի արցախյան դրսեւորումն է: Նա փաստել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների վարած պանթյուրքիստական քաղաքականությունը տարածաշրջանի հիմնական սպառնալիքն է:
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, որոնք առնչվում են արեւմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի եւ իրավունքների պաշտպանությանը: Նորատ Տեր-Գրիգորյանցն առանձնահատուկ ընդգծել է Էդուարդ Շարմազանովի՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված անձնական ջանքերը: Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ խորհրդարանին՝ Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունելու համար:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն