Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը միանգամից մտան քաղաքականություն՝ մինչ այդ դրանով զբաղված չլինելով». Մարկ Գրիգորյան

Փետրվար 28,2018 17:21

«Ղարաբաղ կոմիտեի» այն կազմը, որը մեզ հայտնի է ներկայումս, բավականին երիտասարդ էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը 88թ.-ին 42 տարեկան էին: Նրանք միանգամից մտան քաղաքականություն՝ մինչ այդ դրանով զբաղված չլինելով եւ հայտնվեցին քաղաքականության ամենավերեւի՝ սերուցքային մասում: Աշոտ Մանուչարյանն ու Համբարձում Գալստյանն ավելի երիտասարդ էին՝ 33 եւ 32 տարեկան, Ռաֆայել Ղազարյանն էր միակ մեծահասակը՝ 64 տարեկան»,-«Կովկասի ինստիտուտի» կազմակերպած՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված քննարկման ժամանակ այսօր նշեց Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ շարժման իրադարձությունների ականատեսներից մեկը:

Նա հիշեց, որ «Ղարաբաղ կոմիտեի» երիտասարդ անդամներին օգնում էր խորհրդատուների ավագ սերունդը, օրինակ՝ Սարգիս Մուրադյանը:

Խոսելով հավաքների ընթացքի եւ գաղափարախոսության զարգացման մասին՝ Մարկ Գրիգորյանը նկատեց՝ շարժումն աստիճանաբար մտավ ազգայնական պահանջների հունի մեջ. «Այդ ժամանակ քիչ մարդիկ գիտեին, թե ինչ ասել է կոմունիստական եւ ազգայնական գաղափարախոսություն: Հետաքրքիր է, որ ազգայնական գաղափարախոսությունը սկսեց տարածվել ԽՍՀՄ այլ հանրապետություններում, որտեղ դրոշակակիրները հումանիտար մասնագիտությունների տեր մարդիկ էին, իսկ մեզանում նրանք տեխնիկական մասնագիտությունների մարդիկ էին: Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Համբարձում Գալստյանին չհաշված՝ մյուսները տեխնիկական գծով մասնագետներ էին՝ Ալեքսան Հակոբյան, Վազգեն Մանուկյան, Սամսոն Ղազարյան, Ռաֆայել Ղազարյան, Արթուր Բաղդասարյան…դա յուրահատուկ փաստ էր Հայաստանի դեպքում»:

Մարկ Գրիգորյանը պատմեց, որ մինչեւ սումգայիթյան դեպքերը հավաքները պարզ տրամաբանություն ունեին՝ Մոսկվան ժամանակին Ղարաբաղը տվել էր Ադրբեջանին, ուրեմն նա էլ կարող է վերցնել այն ու փոխանցել Երեւանին. «Ադրբեջանին Ղարաբաղ տալը Ստալինի մեծագույն սխալներից մեկն էր ՀՀ-ի եւ հայերի հանդեպ. սա էր հավաքների տրամաբանությունը, որի համաձայն՝ պետք է մեր ձայնը հասներ Գորբաչովին: Նրան պետք էր բացատրել պատմական ճշմարտությունը, որն անմիջապես պետք է ընդունվեր, Ղարաբաղն էլ անցներ ՀՀ-ի կազմ: Այստեղ մի կարեւոր փաստ կար՝ այդ հավաքների տրամաբանության մեջ Ադրբեջանը որպես սուբյեկտ բացակայում էր: Գործող անձինք էին Կրեմլը՝ Գորբաչովը, եւ հայերը: Մեր ձայնը հասավ Մոսկվա: Օրեր անց Մոսկվայից եկան երկու հոգի ու նայելով հսկայական՝ մոտ 200 000 հոգանոց հանրահավաքին՝ այն անվանեցին «մի խումբ ծայրահեղականներ»՝ «кучка экстремистов»:

Դրանից հետո, Գրիգորյանի խոսքով, Խորհրդային միության ղեկավարությունը վարվեց տիպիկ կոմունիստական ձեւով՝ արգելափակեցին լրատվությունը, որպեսզի հայերի ձայնը դուրս չգար Երեւանից. «Մենք համոզված էինք, որ իրենց բնորոշումը՝ «ծայրահեղականություն», սուտ էր: Մենք չէին մտածում, թե դա «ծայրահեղականություն» անվանելը ճիշտ էր: Բայց ահա Բաքվի հսկայական հավաքները մեզ համար ծայրահեղականների հավաքներ էին…հետո մեր պահանջն ուղղվեց Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը, թե՝ ինչո՞ւ մեր ձայնը չեք հասցնում Մոսկվա: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը սկսեց դիտարկվել որպես միջնորդ՝ հավաքների եւ Կրեմլի միջեւ: Կարծում եմ՝ Կարեն Դեմիրճյանի՝ «Ղարաբաղը հո գրպանո՞ւմս չի՝ հանեմ-տամ ձեզ» հայտնի արտահայտությունը, կարելի է ասել, դրա հետ է կապված: Կոմկուսը պատրաստ չէր դրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728