Այսօր` փետրվարի 28-ին, մեկնարկեց Արցախի Ազգային ժողովի վեցերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց` այդ թվում հարցուպատասխանը օրենսդիրի և կառավարության անդամների ու ղեկավարի միջև:
Մինչ նիստի մեկնարկը` խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան զոհերի հիշատակը: Այնուհետև` բացման ելույթում, ամփոփելով նախորդ երկու ամիսների խորհրդարանին առնչվող կարևոր իրադարձությունները, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ պատգամավորները ակտիվորեն մասնակցել են պետության տարեգրության համար կարևոր իրադարձության` Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին:
Անդրադառնալով արտաքին կապերին` նա նշեց, որ խորհրդարանը ընդունել է Արցախ ժամանած օտարերկրյա պատվիրակությունների և անհատ հասարակական և քաղաքական գործիչների. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև փետրվարի 2-4-ն Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներից և խմբակցությունների ղեկավարներից կազմված պատվիրակությանը:
‹‹Այս նստաշրջանի ընթացքում շարունակելու ենք սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված ներքին օրենսդրությունը Մայր օրենքին համապատասխանեցնելու գործընթացը: Եվ այս առումով ունենալու ենք օրենսդրական նախաձեռնություններով հագեցած օրակարգ››,- նշեց Ա. Ղուլյանը:
Նիստի օրակարգային հարցերից մեկը Արցախի Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին էր: Անցկացված գաղտնի քվեարկության համաձայն` Գերագույն դատարանի դատավոր միաձայն ընտրվեց Արցախի վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ