Հայտարարված մրցույթի հարցման արդյունքները Ճապոնիայում հրապարակվել են ուղիղ եթերում: Տարօրինակ էակները կանվանակոչվեն ամռանը:
Օլիմպիական խաղերի խորհրդանիշ դարձել է կապույտ եւ սպիտակ վանդակներով էակը, որը կրկնում է Տոկիոյի խաղերի նախշերը: Նրա բնավորության ուժեղ գծերն են հինն ու նորը միավորելը, հինը հարգելը եւ նորին ձգտելը:
Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշը սպիտակ եւ վարդագույն թիկնոցով էակն է: Նրա գլուխը զարդարված է սակուրայի տերեւներով: Դիզայների մտահղացմամբ, դրանք «ալեհավաքներ» են, ինչի շնորհիվ էակը օժտված է գերբնական ունակություններով:
Խորհրդանիշերի ներկայացված երեք զույգերից վերջնական ընտրությունը կատարելու հնարավորությունն ընձեռվել էր Ճապոնիայում գործող 16 հազար դպրոցների կրտսեր դասարանների աշակերտներին: Ընտրությանը մասնակցել է ավելի քան 200 հազար դասարան: Կազմակերպիչների կարծիքով, դա ամենաթափանցիկ տարբերակն էր, որը հանում է կանխակալության դրսեւորման ամեն մի կասկածանք:
Խորհրդանշանների հաղթած զույգը ստացել է ավելի քան 109 հազար ձայն՝ քվեարկությանը մասնակցած դասարանների 50 տոկոսից ավելին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ